Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Ադրբեջանն ազատվեց Հաջի Մուրադից

adrbejann-azatvec-haji-mouradic

Հունիսի 2-ին Դաղստանի Խունզաղ ավանում տեղի է ունեցել նախանցյալ դարի կովկասյան պատերազմի նշանավոր դեմքերից մեկի՝ Հաջի Մուրադի աճյունի հուղարկավորման արարողությունը: Հաջի Մուրադը պատմական բարդ եւ հակասական կերպար է: Նա եղել է հայտնի Շամիլի տեղապահը, ապա՝ համագործակցել ռուսական իշխանությունների հետ: Վերստին անցել է ապստամբական ուժերի կողմը եւ մի ճակատամարտում գերվել ու ենթարկվել մահապատժի: Որպես ապացույց, որ սպանվածը Հաջի Մուրադն է, նրա դիակը գլխատվել են, գլուխը տեղափոխել Սանկտ-Պետերբուրգ, որտեղ էլ առ այսօր պահվում է ապստամբ լեռնականի գանգը:

Իսկ մարմինը թաղվել է մի տարածքում, որը հետագայում կազմել է Ադրբեջանի մաս: Մամուլը գրում է, որ Հաջի Մուրադի աճյունն արտաշիրմվել եւ Դաղստան է տեղափոխվել գաղտնի եւ այդ գործողությունն իրականացվել է Բաշկորտոստանից ՌԴ պետական դումայի պատգամավոր Հաջիմուրադ Օմարովի նախաձեռնությամբ: Վերջինս ազգությամբ լեզգի է: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Դաղստանի մի շարք հանրային եւ կրոնական գործիչներ Ռուսաստանի իշխանությունների առջեւ բարձրացրել էին Հաջի Մուրադի գանգը վերադարձնելու եւ հայրենի ավանում հողին հանձնելու հարցը: Նախապես շատերը տպավորություն ունեին, որ Ռուսաստանի իշխանությունները կընդառաջեն, այնուհետեւ Ադրբեջանից կտեղափոխվի լեռնական հերոսի աճյունը, եւ տեղի կունենա հուղարկավորման հանդիսավոր արարողություն:

Երեւում է, սակայն, որ Ռուսաստանի  իշխանությունների համար այդ առաջարկությունն ընդունելի չի եղել: Դաղստանում եւ Հյուսիսային Կովկասում առհասարակ իրավիճակն այնքան կայուն չէ, որպեսզի Մոսկվան իրեն նման շռայլություն թույլ տա: Բոլորի համար է պարզ, որ Հաջի Մուրադի պատմական կերպարի հրապարակային պանծացումը հղի է Դաղստանում անջատողական շարժման վտանգով: Իսկ Ադրբեջանի համար, ինչպես ցույց են տալիս դեպքերը, Հաջի Մուրադի աճյունի արտաշիրմումը եւ տեղափոխումը Դաղստան քաղաքական իմաստով ցանկալի էր: Հակառակ դեպքում անհնար է պատկերացնել, որ առանց Ադրբեջանի պատկան մարմինների իմացության ինչ-որ մարդիկ կարող էին ազատորեն մուտք գործել երկրի տարածք, կատարել Հաջի Մուրադի աճյունի արտաշիրմում եւ լեզգիների ազգային հերոսի մասունքներն անարգել անցկացնել ռուս-ադրբեջանական սահմանով:

Որքանով կարելի է դատել ադրբեջանական մամուլի հրապարակումներից, ամեն ինչ կատարվել է Գախի շրջանի գործադիր իշխանության եւ սահմանապահների հետ լուռ համաձայնության պայմաններում: Ադրբեջանին խիստ ձեռնտու էր, որ Հաջի Մուրադի աճյունը տեղափոխվի Դաղստան, քանի որ անկախությունից հետո լեզգիաբնակ այդ տեղաշրջանում լեռնական ապստամբի գերեզմանը դարձել էր ուխտատեղի: Հաջի Մուրադի կերպարը խորհրդանշում էր ազատության եւ միասնական Լեզգիստանի համար պայքարը: Այժմ այդ խորհրդանշանն ավերված է: Հաջի Մուրադի աճյունը տեղափոխվել է Դաղստան: Բացառված չէ, որ Ադրբեջանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով աջակցել են գործողության կազմակերպիչներին՝ նպատակ ունենալով իրենց երկրի հյուսիսային շրջանների լեզգի բնակչությանը զրկել ազգային հպարտության եւ համախմբվածության շատ կարեւոր խորհրդանիշից: Ըստ երեւույթին, Հաջի Մուրադի կերպարը տհաճություն էր պատճառում Ադրբեջանի իշխանություններին, որոնք տասնամյակներ ի վեր այդ տեղաշրջանում վարում են ուծացման եւ լեզգիական ազգային շարժումը բռնաճնշելու քաղաքականություն: Ինչպես հայտնում են որոշ աղբյուրներ, գործադիր իշխանության տեղական մարմիններն այդ տեղաշրջանում կազմավորվում են բացառապես էթնիկ ադրբեջանցիներից, լեզգիները պետական ծառայությունում չեն ընդունվում: Վերջին մեկուկես տասնամյակում Ադրբեջանի լեզգիաբնակ շրջաններում նկատվում է արմատական բնակչության հետեւողական արտահոսք դեպի Դաղստան, որտեղ մարդիկ գտնում են աշխատանք եւ ապրուստի միջոցներ:

Փոխարենն Ադրբեջանի այլ շրջաններից էթնիկ ադրբեջանցիների վերաբնակեցում է իրականացվում: Լեզգիաբնակ շրջաններում Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունն ունի հազարավոր հատուկ ջոկատայիններ, պարբերաբար անցկացվում են այսպես կոչված անձնագրային ռեժիմի ստուգումներ: Այս իրավիճուկ Հաջի Մուրադի աճյունի արտաշիրմումը եւ տեղափոխումը Դաղստան լիովին համապատասխանում է Ադրբեջանի պետական քաղաքականությանը: Ադրբեջանն ազատվել է Հաջի Մուրադի ուրվականից, որ կարող էր հանդիսանալ լեզգիների ազգային շարժման ազդակ: Լեռնականներին միավորող գերեզմանն այլեւս ավերված է: Հնարավո՞ր է, որ լեզգիների շրջանում հասունանա բողոք: Այդ մասին առայժմ որեւէ տեղեկություն չկա: Բայց ոչինչ բացառելի չէ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ