Ադրբեջանում Լիբերմանին սպասելիս

adrbejanoum-libermanin-spaselis

Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով իշխող «Լիկուդ»  կուսակցությանը չի հաջողվել ձևավորել մեծամասնություն: Նախագահի կողմից կառավարություն ձևավորելու մանդատ, ճիշտ է, տրվել է գործող վարչապետ Նեթանյահուին, բայց քաղաքական դիտորդները նրա վերջնական հաջողության հարցում այնքան էլ լավատես չեն: Եթե Նեթանյահուին չհաջողվի համաձայնության հասնել և կազմավորել կոալիցիա, ապա նա կվերադարձնի կառավարություն կազմավորելու մանդատը: Այդ դեպքում Իսրայելի նախագահը կարող է խորհրդարանի ցանկացած պատգամավորի վերապահել մեծամասնություն ձևավորելու լիազորությունը:

Վերլուծաբանները չափազանց մշուշոտ են գնահատում այդ հեռանկարը և հակված են ենթադրելու, որ, ամենայն հավանականությամբ, հրեական պետությանը սպասում են խորհրդարանական նոր ընտրություններ, որոնք, ըստ օրենքի, կարող են տեղի ունենալ մեծամասնություն չկազմավորվելուց հետո՝ 90 օրվա ընթացքում: Ի՞նչ ընթացք կունենան խորհրդարանական քննարկումները՝ հրեական պետության ներքին գործն է: Նման իրավիճակներ իր պատմության ընթացքում Իսրայելը շատ է տեսել: Եվ ամեն անգամ գտնվել է ճգնաժամի հաղթահարման ելքը: Հրեական պետությունը ներքին տարաձայնությունները հաղթահարում է՝ ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից: Սեպտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների առանձնահատկությունն այն էր, որ վարչապետ Նեթանյահուն խոստացել էր հաղթանակի դեպքում անեքսիայի ենթարկել Հորդանան գետի արևմտյան ափի տարածքները, որոնք ՄԱԿ-ի բանաձևի ուժով վերապահված են Պաղեստինի ինքնավարության իրավազորությանը: Բայց նույնիսկ այդ խիստ ազգայնական ծրագիրը նրա կուսակցությանը բացարձակ հաղթանակ չբերեց: Իսրայելի ներքաղաքական իրավիճակը դարձել է ադրբեջանական փորձագիտական հանրության գլխավոր թեմաներից մեկը:

2017թ.-ին Ադրբեջան էր այցելել Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, հանգամանք, որ Ադրբեջանում ոգևորության մեծ ալիք էր բարձրացրել: Մեկնաբանների մեծ մասն այն ժամանակ տպավորություն էր փոխանցել, որ վարչապետի ադրբեջանական այցի գլխավոր կազմակերպիչը պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանն էր, որի համակրանքն Ադրբեջանի հանդեպ հայտնի իրողություն է: Ի՞նչն է իսրայելցի քաղաքական գործչին սերտորեն կապում Ադրբեջանի հետ՝ մնում է չպարզաբանված: Տեղեկություններ են շրջանառվում, որ Ալիևի կողմից Լիբերմանի համար Իսրայելում ձեռք են բերվել որոշակի բիզնես-կառույցներ և անշարժ գույք: Այլ կերպ ասած՝ «Մեր տունն Իսրայելն է»  կուսակցության առաջնորդը կաշառվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, բայց այդ լուրերը հաստատող փաստեր առայժմ չեն հրապարակվում: Իրողություն է, որ Ալիևն Իսրայելում մի քանի անշարժ գույքի սեփականատեր է, որոնցից մեկը՝ Հայֆայի առանձնատունը, գրանցված է կրտսեր Հեյդար Ալիևի անունով: Խորհրդարանական վերջին ընտրություններում Լիբերմանի կուսակցությունն Իսրայելի խորհրդարանում ստացել է 8 մանդատ: Նույն արդյունքը գրանցվել էր անցյալ ընտրություններում, երբ Լիբերմանը պաշտպանության նախարարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել՝ լքելով Նեթանյահուի գլխավորած կոալիցիան:

Ադրբեջանում չեն թաքցնում, որ սպասում են Նեթանյահու-Լիբերման բանակցություններին: Դա կարող է բերել նոր կոալիցիայի ձևավորման, իսկ այդ դեպքում Լիբերմանն, անկասկած, կառավարությունում որևէ առանցքային պաշտոն կունենա: Պաշտպանության նախարարի պաշտոնից Լիբերմանի հրաժարականից հետո իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում առաջացել է ակնհայտ վակուում, որը հաղթահարելու համար Ադրբեջանը դիմել է նույնիսկ ԱՄՆ հրեական կազմակերպությունների օգնությանը: Երևում է, սակայն, որ վարչապետ Նեթանյահուն հակված չէ ավելի խորացնելու հարաբերություններն Ադրբեջանի հետ: Այս իրավիճակում Նեթանյահուի կոալիցիային Լիբերմանի անդամակցությամբ կարող է բացվել Իսրայել-Ադրբեջան համագործակցության նոր հեռանկար: Ադրբեջանական մամուլը շատ զգուշորեն ակնարկում է, որ Իսրայելի հետ հետագա հարաբերությունների փորձաքարը Բաքվում Պաղեստինի ինքնավարության դեսպանության խնդիրն է: Ադրբեջանն, ինչպես հայտնի է, Պաղեստինը ճանաչում է որպես անկախ պետություն և հանդես է գալիս Երուսաղեմը երկու՝ հրեական և արաբական   հատվածների բաժանելու դիրքերից: Դրանով պաշտոնական Բաքուն համերաշխվում է իսլամական աշխարհի, բայց ամենից առաջ՝ Թուրքիայի հետ: Ներկայումս Իսրայելի կառավարությանը Լիբերմանի անդամակցությունը կարո՞ղ է տարաձայնությունների հարթման ճանապարհ բացել: Բայց մինչ այդ հարկ է ընդգծել, որ միջազգային դիտորդները չափազանց նվազ են գնահատում Նեթանյահուի հետ քաղաքական առևտրի մեջ մտնելու՝ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդ Լիբերմանի հնարավորությունները: Իսկ եթե դա, այնուամենայնիվ, տեղի ունենա, ապա Լիբերմանը հազիվ թե այն ազդեցությունն ունենա Նեթանյահուի կառավարությունում, որպեսզի կարողանա իսրայելա-ադրբեջանական հարաբերություններին նոր լիցք հաղորդել:

Խնդիրն արմատական է: Իսրայելում չեն թաքցնում, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը մեծամասամբ միջազգային արձագանքի համար է, օրինակ, որ հրեական պետությունը կարող է բարեկամանալ իսլամադավան երկրի հետ: Իսրայելի համար, ըստ երևույթին, այդ տեղեկատվա-քարոզչական ձեռնարկումների փուլը մնացել է անցյալում: Եկել է ավելի վճռական որոշումների ժամանակը: Եվ անկախ «Մեր տունն Իսրայելն է» կուսակցության առաջնորդի՝ Ադրբեջանի իշխանության հետ կապերից, հրեական պետությունն առաջնորդվելու է նոր իրողություններով: Մեծ է հավանականությունը, որ Լիբերմանի վերադարձի հետ կապված ադրբեջանական սպասումներն այդպես էլ իրականություն չեն դառնա:

Լրահոս

Նմանատիպ նորություններ