Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Ադրբեջանում՝ Պավլիկ Մորոզովի օրինակով

adrbejanoum-pavlik-morozovi-orinakov

Խորհրդային Միությունում ծնված և դաստիարակված սերունդը, երևի, դեռ հիշում է Պավլիկ Մորոզովի օրինակը, նրան, ով իշխանություններին որպես կուլակի մատնում է պապին: Գրեթե նույն ձևով օրերս ադրբեջանական մամուլում տարածվել է Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլիի դեռահաս դստեր՝ Սելջան Յաղմուրի հայտարարությունը, որ ժողովրդավարությունից, գենդերային հավասարությունից և էլի շատ բարձր արժեքներից հրապարակային խոսող իր հայրն իրական կյանքում բռնակալ է, մշտապես ծեծի և անարգանքի է ենթարկում կնոջը, երեխաներին: Լրատվամիջոցները, հրահանգված լինելով նույն՝ իշխանական կենտրոնից, ծավալուն մեկնաբանություններ են հրապարակում՝ քննադատության սլաքներն ուղղելով առհասարակ ընդդիմության, մասնավորապես՝ Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության և նրա առաջնորդ Ալի Քերիմլիի դեմ: Դստեր աղմկոտ հայտարարությունից հետո զբաղեցրած պաշտոնից հրաժարական է տվել Ֆուադ Գահրամանլին: Նրան սպասում է ամուսնալուծության դատական գործընթաց: Այս պատմության հիմնական ինտրիգը, սակայն, հյուսվում է ԱԺՃ առաջնորդ Ալի Քերիմլիի շուրջ: Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ նա տարիներ շարունակ տեղյակ է եղել իր տեղակալի ընտանիքում տիրող բարքերին, սակայն հետևողականորեն հորդորել է, որպեսզի Գահրամանլիի կինը «տան աղբը փողոց չհանի» և համակերպվի ամուսնու բռնակալական հակումների հետ: Իշխանական թևը ԱԺՃ-ի փոխնախագահի ընտանեկան դրամային վերագրում է քաղաքական բնույթ: Հրապարակ են նետվում ակնհայտորեն պատվիրված հոդվածներ, որոնց հիմնական ուղղվածությունը մեկն է՝ ԱԺՃ-ն երբեք չի եղել ժողովրդավարական կառույց, այնտեղ միշտ էլ վայրենի բարքերն են իշխել, ներկուսակցական կոռուպցիան և հովանավորչությունը, իշխանության հետ հարկավոր պահերին գործարքի գնալու պատրաստակամությունը, ինչի շնորհիվ կուսակցության ազդեցիկ ֆունկցիոներները ժամանակի ընթացքում հասցրել են հարստություն կուտակել, սեփական զավակների ապագան դասավորել եվրոպական զարգացած երկրներում՝ մոռացության մատնելով ադրբեջանական ժողովրդի հոգսերը:

ԱԺՃ-ն, իհարկե, արժանի է ամենախիստ քննադատության: Քաղաքական այդ կառույցը հիմնադրվել է 1989թ.-ին և պատասխանատվություն է կրում Բաքվի հայկական կոտորածների, Հայաստանի շրջափակման, հայ-ադրբեջանական հարաբերությունները ծայրահեղորեն սրելու և վերջնականապես պատերազմականի հասցնելու համար: Քաղաքական սթափ վերլուծաբանները փաստացի ապացուցում են, որ ԱԺՃ-ն ստեղծվել է Ադրբեջանի ՊԱԿ-ի հովանուն ներքո՝ Հեյդար Ալիևի նախագծով և ծառայել է վերջինիս իշխանության բերելու նպատակին: Դրանով ԱԺՃ-ն կատարել է իր պատմական առաքելությունը: Հետագա ավելի քան 25 տարվա ընթացքում այդ կուսակցությունը որևէ կոնկրետ և նշանակալի դերակատարություն եթե ունեցել է, ապա միայն 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ, երբ մասնատեց ընդդիմությունը, հրաժարվեց սատարել «Մուսավաթի» առաջնորդ Իսա Ղամբարին և Իլհամ Ալիևի համար ստեղծեց ակնհայտորեն բարենպաստ պայմաններ՝ ժառանգելու նախագահի աթոռը:

Երևում է, այսօր ԱԺՃ-ն վերջնականապես հոգնեցրել է Իլհամ Ալիևին: Տպավորություն է, որ եկող տարի խորհրդարանական ընտրությունների գնացող Ադրբեջանում զգացվում է նոր, դեռևս իշխանության հետ գաղտնի համագործակցությամբ չարատավորված ընդդիմության կարիք: ԱԺՃ փոխնախագահի հետ կապված աղմուկին հաջորդել է երկու ուշագրավ հայտարարություն: ԱՄՆ-ում հաստատված՝ Ադրբեջանի խորհրդարանի նախկին խոսնակ Ռասուլ Գուլիևը կոչ է արել, որպեսզի Ալի Քերիմլին հրաժարական տա ԱԺՃ առաջնորդի պաշտոնից: Եվրոպայից նրան է միացել ադրբեջանական վտարանդի ընդդիմության ամենացայտուն դեմքերից մեկը՝ Էմին Միլլին: Պայմանավորվա՞ծ է այս երևույթն Ադրբեջանի իշխանությունների հետ՝ դժվար է միանշանակորեն հաստատել կամ հերքել: Ակնհայտ է մի բան. ԱԺՃ-ն այլ ընդդիմադիր ուժերի հետ սեպտեմբերի 28-ին հանրահավաքի ծանուցում է ներկայացրել Բաքվի քաղաքապետարանին: Գարնանն ընդդիմությունը կարողացել էր ավելի քան 10 000 համակիրների հավաքել արվարձանային «Մեհսուլ» մարզադաշտում:

Ընդդիմությունը ներկայումս դրել է Բաքվի կենտրոնում հանրահավաքի թույլտվության հասնելու խնդիր: Մեծ է հավանականությունը, որ Բաքվի քաղաքապետարանը կմերժի այդ հայտը: Այս իրավիճակում իշխանություններին պետք է քարոզչական ֆոն ստեղծել, որ ԱԺՃ-ն ունակ չէ կարգավորելու անգամ ներկուսակցական և իր առաջնորդների անձնական խնդիրները, և նման կառույցին չի կարելի վստահել որևէ լուրջ դերակատարություն երկրի պետական կյանքում: Այս մոտիվներով քարոզչություն տարվում էր տասնամյակներ ի վեր, բայց շոշափելի արդյունք այդպես էլ չկար: Այժմ ընտրվել է Պավլիկ Մորոզովի տարբերակը՝ ԱԺՃ-ի փոխառաջնորդի դուստրն է պսակազերծում ընդդիմադիր կուսակցության առաջնորդներին: Ի՞նչ արդյունք կտա այդ քարոզչությունը: Ադրբեջանն ակնհայտորեն այն երկիրը չէ, որտեղ կնոջ հանդեպ գործադրված բռնությունն արժանանա համահասարակական պարսավանքի: Իշխանությունը, հավանաբար, սեփական ժողովրդի մասին ավելին գիտի: Այդ դեպքում ինչո՞ւ է ընտրվել ընդդիմությանը վարկաբեկելու հենց այդ տարբերակը: Կհետևի՞ Ալի Քերիմլին հրաժարական տալու հորդորներին: Այս և այլ հարցերի շուրջ ավելի հիմնավոր վերլուծություն հնարավոր կլինի անել սեպտեմբերի 28-ից հետո: Շատ բան կախված կլինի դրանից՝ ընդդիմության հանրահավաք տեղի կունենա՞: Ալի Քերիմլին կկարողանա՞ ուղիղ հաղորդակցվել համակիրների հետ և տալ ԱԺՃ շուրջ խարդավանքների սեփական բացատրությունը: Թե՞ կենթարկվի քաղաքականությունից հեռանալու պահանջին: Սեպտեմբերի 28-ից հետո գոնե ընդհանուր գծերով պարզ կլինի, թե ինչ եկող կանխածրագրով տեղի կունենան Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները:

Լրահոս

Նմանատիպ նորություններ