Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Ադրբեջանում խուճապ է

adrbejanoum-xoujap-e

  Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Աբրահամ Լինկոլն» ավիակիրն անցել է Սուեզի ջրանցքը եւ ուղղություն վերցրել դեպի Պարսից ծոցի ջրեր: Հայտնի է, որ Իրանն սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը, եթե Միացյալ Նահանգները շարունակեն խստացնել իր դեմ պատժամիջոցները: Ի պատասխան ամերիկյան ռազմածովային ուժերի տեղաշարժի, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ին սպասում է «հարված գլխին»:

   Ավելի վաղ Իրանի շուրջ իրավիճակի զարգացումներից ադրբեջանական կողմը նկատելիորեն աշխուժացած էր: Մամուլում նույնիսկ քննարկվում էր Բաքվի կողմից ԱՄՆ-ին ցուցաբերելիք աջակցության թեման: Խորհրդարանի պատգամավոր Գուդրեթ Հասանգուլիեւը նույնիսկ տեսակետ էր արտահայտել, թե Ադրբեջանի համար եկել է արտաքին քաղաքական ուղեգիծ փոխելու եւ դեպի անվտանգության եվրաատլանտյան կառույցներ առաջնորդվելու ժամանակը:

   Ադրբեջանում խիստ տպավորված էին, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը չեն գնա Իրանի դեմ կոնկրետ ռազմական քայլերի, այլ կկիրառեն, այսպես կոչված, հիբրիդային պատերազմի քաղաքականություն, ինչը կբերի Իրանի հյուսիսում բնակվող էթնիկ թուրքերի անջատողական շարժումների, եւ Ադրբեջանի վերամիավորման տեսլականը կդառնա միանգամայն հնարավոր:

  Իրանի շուրջ վերջին զարգացումները, որոնք չեն բացառում ԱՄՆ-ի կողմից ուժի ուղղակի կիրառման սցենարը, խուճապային տրամադրություններ են հարուցել ադրբեջանական փորձագիտական հանրության շրջանակներում: Ըստ երեւույթին, Բաքվում վրա է հասնում քաղաքական լրջության պահը: Գաղտնիք չէ եւ այդ մասին գրեթե բացահայտ խոսում են տեղեկացված վերլուծաբանները, որ վերջին տասնամյակում Ադրբեջանը հետեւողականորեն վերածվել է հակաիրանական հենակետի, որտեղ տերուտնօրինություն են անում իսրայելական հատուկ ծառայությունները: Հիմնականում այս հանգամանքով են պայմանավորված իսրայելա-ադրբեջանական բավական սերտ հարաբերությունները: Բնականաբար, դա իրանական կողմի համար գաղտնիք չէ, և Թեհրանը ժամանակ առ ժամանակ զգացնել է տալիս իր դժգոհությունը: Այսօր ադրբեջանական փորձագիտական հանրությունն արդեն լրջորեն քննարկում է մի հարց. ի՞նչ իրավիճակ կարող է ստեղծվել, եթե Միացյալ Նահանգներն Իրանի դեմ ուժ կիրառի: Ամենահավանական տարբերակ է դիտվում այն, որ Իրանն անմիջապես կանցնի Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների, որպեսզի հյուսիսից ապահովագրի իր թիկունքը: Հավանական է դիտվում սցենարը, երբ իրանական ռազմածովային ուժերը Կասպից ավազանում կանցնեն ջրային սահմանը եւ ընդհուպ կմոտենան Բաքվին, իսկ ցամաքային զորքերը կգրոհեն Ադրբեջանի հարավային շրջանները: Իրավիճակն Ադրբեջանի համար կարող է ողբերգականորեն դասավորվել: Ադրբեջանցի փորձագետները միանգամայն բնական են համարում, որ Իրանի հետ  ռազմական բախման պարագայում կտրուկ կաճի ղարաբաղյան ճակատում հայկական ուժերի հետագա առաջխաղացման հավանականությունը: Վերլուծաբանները պաշտոնական Բաքվին խորհուրդ են տալիս նկատի ունենալ, որ ԱՄՆ-Իրան ռազմական դիմակայության դեպքում հավանական թիրախ կարող են դառնալ Ադրբեջանի նավթագազային ենթակառուցվածքները, որոնք լիովին կառավարվում են արեւմտյան կորպորացիաների կողմից: Մամուլում առաջարկվում է շուտափույթ խորհրդատվություններ սկսել Թուրքիայի հետ` պարզելու, թե Իրանի դեմ ԱՄՆ կողմից ուժի կիրառման դեպքում ինչ դիրք կարող է գրավել պաշտոնական Անկարան:

   Խնդիր է դրվում հասնել Թուրքիայի հետ հետագա քայլերի ռազմաքաղաքական կոորդինացիայի: Իհարկե, Իրան-ԱՄՆ ռազմական դիմակայությունը ողբերգություն կլինի Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի համար առհասարակ: Բայց Ադրբեջանում խնդիրը քննարկվում է ակնհայտ խուճապային ռեժիմում: Երեւում է, անցած տասնամյակի հակաիրանական քաղաքականությունը Բաքվի վերլուծաբաններին մղում է հստակ եզրակացության, որ Իրանը բաց չի թողնի վրեժխնդրության առիթը:

   Ակնհայտորեն զգացվում է, որ ադրբեջանական դիվանագիտության առջեւ դրված է Թեհրանի հետ սկզբունքային երկխոսություն սկսելու խնդիր` հասնելու նրան, որպեսզի փարատվեն իրանական կողմի կասկածները: Մյուս կողմից էլ, սակայն, զգացվում է, որ Բաքվի առջեւ լուրջ նախապայմաններ են դնում ԱՄՆ-ը եւ Իսրայելը: Դա խորացնում է ադրբեջանական փորձագիտական հանրության տագնապները: Մամուլը գրում է, որ Բաքուն կարող է հանդես գալ իր տարածքը հակաիրանական կոալիցիային չտրամադրելու մասին պաշտոնական հայտարարությամբ, խնդիրն այն է, թե դա որքանով հավատ կներշնչի իրանական կողմից:

   Հասկացվում է, որ անցած տարիներին Ադրբեջանն այնքան է խորացրել համագործակցությունը հակաիրանական ուժերի հետ, որ Թեհրանը հազիվ թե հավատ ընծայի Բաքվի դիվանագիտական հավաստիացումներին: Կբախվեն Իրանը եւ Միացյալ նահանգները` մեծ քաղաքականության հարցականն է: Բայց որ իրանա-ադրբեջանական հարաբերություններում կմնա դառը նստվածքը, դրանում կասկածել չի կարելի: Եւ դեռ երկար ժամանակ Ադրբեջանում իրեն զգացնել է տալու Իրանի հավանական վրեժխնդրությունից ռազմաքաղաքական խուճապը: Դա շատ որոշակիորեն կսահմանափակի Ադրբեջանի տարախաշրջանային հավակնությունները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ