Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Ադրբեջանում խռովությու՞ն է կանխվել

adrbejanoum-xrovoutyoun-e-kanxvel

Անցած շաբաթ Իլհամ Ալիևը կադրային փոփոխություններ կատարեց ուժային երկու կառույցներում: Պաշտոնից հեռացվեց ՆԳՆ երկարամյա նախարար Ուսուբովը, որը իշխանության հենասյուն էր համարվում դեռևս Հեյդար Ալիևի ժամանակներից: Փոխվեց նաև պետական անվտանգության ծառայության տնօրենը, որը պաշտոնավարում էր ոչ ավելի, քան երկու տարի: Վերջինս հատուկ ծառայության համակարգ էր տեղափոխվել մաքսային ծառայությունից: Մեկնաբանների ուշադրությունից, կարծես, վրիպեց մի շատ կարևոր իրադարձություն. ուժային կառույցներում կատարված փոփոխություններին զուգահեռ տեղեկատվություն տարածվեց ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի ձերբակալության մասին:

 

Ճիշտ է, Քերիմլին մի քանի ժամ ոստիկանությունում պահվելուց հետո ազատ արձակվեց, բայց, ինչպես ասում են, նստվածքը մնաց: Պարզ դարձավ, որ ուժայինների փոփոխության հիմնական թիրախը քաղաքական ընդդիմությունն է, և Ադրբեջանում սկսվում է դիմակայության նոր փուլ: Որքան էլ տարօրինակ թվա՝ Բաքվում այդպես էլ որևէ կերպ չարձագանքեցին հարևան Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին: Դա իր բացատրությունն ունի: Իլհամ Ալիևի համար, ինչ խոսք, ցանկալի է, որ Վրաստանում իշխանության վերադառնա նախկին նախագահ Սաակաշվիլիի թիմը: Բայց նա միաժամանակ փորձում է ամեն ինչ անել, որ առհասարակ իշխանափոխության հնարավորության թեման Ադրբեջանում չքննարկվի:

 

Համակարգը հենված է այն կանխադրույթի վրա, որ Ադրբեջանը պետական փլուզումից փրկել և ոտքի է կանգնեցրել Հեյդար Ալիևը, իսկ որդին շարունակում է այդ ուղեգիծը՝ ապահովելով «կայուն զարգացում և սոցիալ-տնտեսական բարգավաճում»: Իրադարձությունների վերլուծությունը, մինչդեռ, բերում է բոլորովին այլ եզրակացության: Ուժային կառույցներում կադրային փոփոխություններից մի քանի օր առաջ Իլհամ Ալիևը հրամանագիր ստորագրեց ուսուցիչների և պետական ծառայողների որոշ խմբերի աշխատավարձը բարձրացնելու մասին: Խոսքը շուրջ քառասուն տոկոս հավելավճարի մասին է, բայց որոշումը համատարած չէ: Բարձր աշխատավարձ կստանան միայն նրանք, ովքեր հաջողությամբ կհանձնեն  որոկավորման քննությունները: Միաժամանակ նվազագույն աշխատավարձի շեմ սահմանվեց 250 մանաթը կամ մոտավորապես 130 ԱՄՆ դոլարը, որը համարվեց նվազագույն սպառողական զամբյուղ:

 

Ալիևի այդ քայլերը վկայում են, որ Ադրբեջանում առկա է սոցիալական մեծ լարվածություն, ինչը կարող է քաղաքական ճգնաժամի ազդակ հանդիսանալ: Եվ իշխանությունն, ինչպես տեսնում ենք, մի կողմից իբր թե սոցիալական բարեփոխում է իրականացնում, մյուս կողմից, սակայն, ամրապնդում է ուժային կառույցները՝ հասարակական խմորումների վրա կոշտ վերահսկողություն սահմանելու և ընդդիմության հնարավոր համախմբումը կանխարգելելու նպատակով: Վերջին օրերին ադրբեջանական մամուլում ավելի ու ավելի հաճախ է խոսվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին:

 

Քաղաքական ուժերի համար դա պարզապես աղետ կլինի, քանի որ նրանք իրենց ծրագրերը կառուցել են եկող տարվա հաշվարկով: Կա տպավորություն, որ այդ ընթացքում Եվրամիության և միջազգային իրավապաշտպան կառույցների ճնշման տակ Իլհամ Ալիևը կարող է բարեփոխել ընտրական համակարգը: Ներկայումս Ադրբեջանում գործում է բացառապես մեծամասնական ընտրակարգ, որն իշխանություններին հնարավորություն է տալիս լիովին վերահսկել գործընթացները և ձևավորել միատարր խորհրդարան: Ընդդիմությունը պահանջում է անցնել համամասնական ընտրակարգի, ընտրական օրենսգրքով սահմանել խորհրդարանում ընդդիմության պարտադիր ներկայացվածություն: Ձևավորվել է «Հանուն ժողովրդավարության պլատֆորմ» կառույց, որը հրապարակել է իր մոտեցումները:

 

Մամուլի հրապարակումների վերլուծությունը բերում է եզրահանգման, որ Ադրբեջանում ներքին խմորումների շրջան է սկսվել, և իշխանությունն իրեն այնքան էլ ապահովագրված չի զգում: Բայց քանի որ Իլհամ Ալիևը զարգացումները կառավարելու քաղաքական գործիքակազմ չունի, գործի է դրել բռնաճնշման մեքենան: Հավանական է, հատուկ ծառայությունները տիրապետում են ինչ-որ տեղեկատվության, որ սոցիալական ընդվզում է հասունանում, և եկող տարվա խորհրդարանական ընտրությունները կարող են անակնկալ մատուցել: Դա է պատճառը, որ Ալիևը հակվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու տարբերակին: Ներկայումս իշխանությունը դեռևս ամբողջովին վերահսկում է իրավիճակը: Բայց ոչ ոք չգիտի, թե մի քանի ամիս հետո ինչ զարգացումներ կարող են սկսվել: Մեծ է հավանականությունը, որ ՆԳՆ նախարարի և ՊԱԾ տնօրենի փոփոխությունն արվել է, որպեսզի իշխանական վերահսկողությունը մնա անխափան: Ալիևն, ըստ այդմ, կանխել է հավանական խռովությունը:

 

Չկա, սակայն, երաշխիք, որ սոցիալական դժգոհությունը չի հասել այն աստիճանի, որ ցանկացած միջադեպից կարող է բռնկվել իշխանափոխության հանրային պահանջ: Մանավանդ որ Ալիևը հասցրել է հիմնավորապես փչացնել հարաբերությունները ոչ միայն Եվրամիության և Միացյալ Նահանգների, այլև ԱՊՀ մի շարք երկների հետ: Ի վերջո, հնարավոր է, որ Ադրբեջանում իշխանափոխության ծրագիր հասունանա նաև արտաքին շահագրգիռ միջամտությամբ: Առայժմ Իլհամ Ալիևը մինչև վերջ «ձգում է պնդօղակները»: Ե՞րբ և ինչպե՞ս է ճայթելու սոցիալական խռովությունը՝ ժամանակի հաարց է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ