ԱԻՆ-ը սերտացնում է փոխգործակցությունը Պարենի համաշխարհային ծրագրի հետ

am
ain-e-sertacnoum-e-poxgorcakcoutyoune-pareni-hamasxarhayin-cragri-het

Մարտի 14-ին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցիչ և տնօրեն Ելենա Միլոշևիչին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայութունից:

Հանդիպման նպատակն էր քննարկել 2019-2024թթ. ազգային ռազմավարության պլանն, ինչպես նաև պլանի շրջանակներում հնարավոր երկկողմ համագործակցության հետ կապված հարցերը:

Ողջունելով ՀՀ-ում միջազգային կառույցի ներկայացուցչին՝ Արա Նազարյանը նշեց, որ դեռևս 2018 թ. հունվարի 25-ին Նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի ՊՀԾ հնգամյա ռազմավարական պլանի քննարկման վերաբերյալ հանդիպում: Հանդիպման շրջանակներում քննարկվել է ուսումնական հաստատություններում սննդի արագ պատրաստման և բաշխման կետերի ստեղծման հարցը, որոնք աղետի ժամանակ կծառայեն որպես արձագանքող ուժերի (փրկարարական և անհետաձգելի աշխատանքներ իրականացնող ուժերի) համար սննդի ապահովման կետեր:

Արա Նազարյանը ասաց, որ ՄԱԿ-ի ՊՀԾ-ն գործընթացն իրականացնելու համար ԱԻՆ-ից ակնկալում էր համապատասխան տարածքների հատկացում: Իր հերթին ԱԻՆ Փրկարար ծառայության կողմից հարցը քննարկելու նպատակով ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պետք է ներկայացներ տարածքների վերաբերյալ տեխնիկական բնութագրեր, ինչը սակայն հետագա արձագանք չի ստացել: Այս համատեքստում կողմերը պայմանավորվեցին ակտիվացնել ծրագրի իրականացումը:

Ելենա Միլոշևիչը նշեց, որ ՊՀԾ-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1993 թ.-ին՝ իրականացնելով մարդասիրական ծրագրեր: Կառույցի ներկայացուցիչը հատուկ ընդգծեց, որ ՀՀ կառավարության, համայնքների և բնակչության ջանքերի շնորհիվ մարդասիրական օգնության փուլին փոխարինելու է եկել զարգացման ծրագրերի շրջանը:

Ելենա Միլոշևիչն ասաց, որ ՊՀԾ-ն հայտնի է որպես արտակարգ իրավիճակներում առաջինն արձագանքող միջազգային կառույց՝ այս համատեքստում առանձնահատուկ կարևորով Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունը: Ըստ նրա՝ հնգամյա ռազմավարության պլանը ներկայումս գտնվում է մշակման փուլում, և այս տեսանկյունից իրենց համար ավելի քան կարևոր է ծանոթանալ ՀՀ պատկան կառույցների, մասնավորապես՝ ԱԻՆ-ի կողմից առաջ քաշվող առաջնահերթություններին:

Արա Նազարյանն իր հերթին նշեց, որ ԱԻՆ-ը և նախարարութան կազմում ընդգրկված կառույցներն իրականացնում են բազմակողմանի առաքելություն՝ առանձնահանուկ կարևորելով աղետների ժամանակ տարհանման, տարհանվածների կենսաապահովման գործում Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը:

Կողմերը երկուստեք կարևորեցին պարենային ապահովվածության, պահեստների ստեղծման և լոգիստիկայի հարցերում երկկողմ փոխգործակցությունը:

Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվեցին երկկողմ առաջարկությունները մանրամասն քննարկելուց հետո նախանշել համագործակցության շրջանակները՝ անհրաժեշտության դեպքում անցկացնելով լրացուցիչ հանդիպում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ