Ակսել Բակունցի կնոջ՝ Վարվառա Չիվիջյանի հուշերն ամուսնու հետ վերջին տեսակցությունից

am es
aksel-bakounci-knoj-varvara-civijyani-housern-amousnouhet-verjin-tesakcoutyounic

Ակսել Բակունցի կնոջ՝ Վարվառա Չիվիջյանի հուշերը ամուսնու հետ վերջին տեսակցությունից: 

«Կալանքի ժամանակ Բակունցի հետ ունեցել եմ երեք տեսակցություն: … Առաջին տեսակցության ժամանակ նա քիչ էր փոխվել: Նրա տրամադրությունը համեմատաբար առույգ էր, զգացվում էր, որ իր ձերբակալությունը համարում էր ինչ-որ թյուրիմացության հետևանք, որը շատ շուտ պիտի բացահայտվեր:

Հոկտեմբերին ես նրան տվեցի հերթական սննդամթերքը և ստացա նրա կեղտոտ սպիտակեղենը: Բակունցը մեկ ամսվա ընթացքում այնքան էր փոխվել, որ ես դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն, որին ես գիտեի երկար տարիների ընթացքում: Ամբողջ տեսակցության ժամանակ Բակունցը հեծկլտում էր՝ կորցնելով ինքնատիրապետումը: Նա ինձ խնդրեց վերցնել թուղթ ու մատիտ, գրել այն ամենը, ինչ ինքը կասի: «Իմացի՛ր, - այն ամենը, ինչ ասում եմ քեզ, պատահական մտքեր չեն, այլ արդյունք են երկար անքուն գիշերների»: Եվ նա թելադրեց ինձ, թե ինչպես պիտի դաստիարակեմ ու մեծացնեմ երեխային: «Որդիս, - անդրադարձավ երեխային՝ քամելով արցունքից ամբողջովին խոնավ թաշկինակը, - այնքան շատ բան եմ ցանկացել կյանքում անել քեզ համար, բայց ինձ չհաջողվեց, մայրդ կանի նաև իմ փոխարեն»: Զգացվում էր, որ այդ տեսակցությամբ նա հրաժեշտ էր տալիս մեզ: Նա ինձ ասաց, որ ինքը գրել է լիազորագիր-կտակ, որով ինձ է փոխանցվում իր հեղինակային իրավունքը:

Հաջորդ օր ես մտա ՆԳԺԿ, տարա նրա համար ընթերցելու գրքեր, և ես ստացա այն գրքերը, որոնք նա արդեն կարդացել էր: … Տուն վերադառնալով ես մեքենայաբար թերթատեցի գրքերը, որ նա վերադարձրել էր: Այդ գրքերի մեջ էր Գի դը Մոպասանի պատմվածքների ժողովածուն: Գրքի ցանկում «Պարան» պատմվածքի տակ ես նկատեցի մատիտով դրված փոքր կետեր: … Բացեցի պատմվածքը, որի լուսանցքներն ամբողջովին սեղված-ընդգծված էին եղունգով: Պատմվածքի բովանդակությունը բացահայտեց նրա բարոյական ծանր կացությունը: Նոյեմբեր ամսին ինձ թույլատրեցին վերջին տեսակցությունը: Նա իրեն պահում էր հանդարտ: … Նա ասաց, որ հարցաքննությունն ավարտված է, սպասում է դատին: հավանական է, պետք է մեկնել, բայց դեռ կտեսնենք, - ասաց նա: Ամուր եղի՛ր, հաշվիր, որ ավտովթար է եղել, և ես վթարի եմ ենթարկվել: Դիմելով որդուն, որ ներկա էր նաև այդ տեսակցությանը, Բակունցն ասաց. «Դու շա՞տ կամաչես, եթե քո հորը Երևանի փողոցներով տանեն դատարան: - Ո՛չ, հայրի՛կ. - Ճիշտ է, զավա՛կս, դու մի՛ ամաչիր քո հոր համար, հիշի՛ր, հայրդ այնպիսի բան չի արել, որի համար կյանքում պետք է կարմրես»:

Լուսանկարում Բակունցն է՝ կնոջ՝ Վարվառա Չիվիջյանի և որդու՝ Սևադայի հետ: 1926 թվականի լուսանկար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ