Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Ալեքպոլյան պատմական դռների ու դարպասների առկայությունը նոր Գյումրիում (տեսանյութեր, լուսանկարներ)

aleqpolyan-patmakan-drneri-ou-darpasneri-arkayoutyoune-nor-gyoumrioum

Գյումրու պատմական միջուկը հայտնի է 19-րդ դարի ճարտարապետությամբ ու պատմական ոգով: Այս հատվածում պահնպանվել են Ալեքպոլյան քաղաքի կառույցները, դռները, դարպասները: Գյումրու դռներն իրենց նրբագեղ տեսքով ու ձևով այժմ արդեն հետաքրքում են զբոսաշրջային կազմակերպություններին: Վերջին տարիներին արտերկրից շատ հյուրեր են գալիս հատուկ Գյումրու դռներին ծանոթանալու, լուսանկարվելու, դրանց մասին որքան հնարավոր է շատ տեղեկատվություն իմանալու համար:

ՀԱՅ ՁԱՅՆ-նն իր ընթերցողի համար այս անգամ կբացահայտի Գյումրու տարբերվող ու սիրուն դռների պատմությունը: Զբոսնելով հին քաղաքի փողոցներով՝ ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղի դասախոս, արվեստաբան Գայանե Պապիկյանի հետ մեկ առ մեկ լուսանկարում ու ծանոթանում ենք 19-րդ դարի ճարտարապետական դետալների հետ: Գետնափոր կամ կիսագետնափոր տների ժամանակ դռների մշակույթն արտահայտված չի եղել, քանի որ շատ դեպքերում այդ անցքը ոչ միայն դուռ է ծառայել, այլև որպես լույսի ներթափանցման աղբյուր: ‹‹Ալեքպոլյան շրջանում արդեն դռան կիրառության մշակույթը ոչ միայն ֆունկցիոնալ նշանակություն ձևավորեց, այլև ճարտարապետական յուրօրինակ տարր դարձավ, քանի որ Գյումրիում այդ շրջանում մեծահարուստ ալեքպոլցիները ձգտում էին իրենց տան ֆասատային հատվածն այնպես ձևավորել, որ ներկայացուցչական լինի: Պետք է ամեն մեկը տարբերվեր մյուսից, ոչ մի դուռ չէր կրկնում մյուսին: Ինչպես Հռոմում կայսրերը ձգտում էին մեկը մյուսին գերազանցել, այդպես էլ մեր մեծահարուստները, ասենք` Զատիկյանները, Ծաղիկյանները, Քեշիշյանները, Դրմափյանները, Մանթաշյանները փորձում էին այնպիսի ներկայացուցչական տեսք հաղորդել իրենց շքամուտքին, որ առանձնահոտուկ տեսք ստանային››,- բացատրում է Գայանե Պապիկյանը:

Արվեստաբանը նկատում է, որ Գյումրիում հանդիպող գրեթե բոլոր դռները կամարային համակարգով են արված. ‹‹Ե՛վ լուսամուտի բարավորները, և՛ դռները կամարային սիստեմով էին, որը ևս եկել է հռոմեական ճարտարապետությունից`միակտոր քարից բաղկացած մուտքի անցքն էին ստեղծում: Ինչպես գիտենք, Ալեքպոլում և՛ իտալացի ճարտարապետների ազդեցությունն է եղել, և՛ Կարսից, և՛ Արևմտյան Հայաստանից գյումրեցի վարպետները Գյումրի բերեցին կամարային համակարգը››:

Գայանեն նկատում է, որ հետաքրքիր էր դռների պատրաստման տեխնիկան: Ինչո՞ւ են այսքան դիմացկուն և երկարակյաց 19-րդ դարի դռներն ու դարպասները. Գայանե Պապիկյանը փոխանցում է, որ փայտը մշակվում էր ձեթով:

Գյումրու դռների գրավչությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք ունեն հետաքրքիր նախշեր, յուրաքանչյուրն արվեստի մի յուրատիպ գործ է: ‹‹Զարդանախշված դռները` փայտե փորագրված դռները, հիմնականում կաղնու փայտից էին, պետք է լինեին հաստ, քանի որ պաշտպանական նշանակություն ունեին և, իհարկե, գեղեցիկ պետք է լինեին: Եվ երկրաչափական զարդանախշեր կային, և՛ բուսական նախշեր, որոնք կարող է տերևներ լինեին, եռանկյունիներ, քառակուսիներ և այլն: Զարդանախշման ավանդույթը եկել է խաչքարային համակարգից, բայց կան ճարտարապետներ, ովքեր ասում են, որ հենց մոդեռն ոճի ճարտարապետության արգասիք են››,-մանրամասնում է Գայանե Պապիկյանը:

Գյումրու դռների ու դարպասների բազմազանություններն ու տարբերությունները շատ-շատ են: Քաղաքային միջավայրում սրանք հետաքրքիր տեսք ու մթնոլորտ են ապահովում, յուրաքանչյուր նմուշ արհեստից վերածված է արվեստի, քանի որ կա ստեղծագործական միտք, ձեռքի անթերի` նուրբ ու ոսկերչական աշխատանքի նման աշխատանք ու պատմություն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ