Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է քան մեր սեփականը: Այդ մարմինը ՀԱՅՐԵՆԻՔՆ Է:
Մուրացան

Ալիևի ծրագիրը չաշխատեց

aliei-cragire-casxatec

Եկող տարի նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության շրջանակներում, ինչպես գրել էինք նախորդ հոդվածներից մեկում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ձեռնամուխ է եղել նոր գրպանային ընդդիմություն ձևավորելուն: Նա, ըստ երևույթին, հասկանում է, որ միջազգային հանրության կողմից իրեն տրված «վստահության լիմիտը» սպառված է: Ընտրությունների ևս մեկ ու զանգվածային կեղծում չի հանդուրժվելու նաև ադրբեջանական ժողովրդի կողմից: Այդ հեռանկարից խուսափելու և «ժողովրդարական»  ընտրությունների պատրանք ստեղծելու համար Ալիևին անհրաժեշտ է ունենալ այնպիսի ընդդիմություն, որը կբավարարվի խորհրդարանական մի քանի մանդատով և խոնարհաբար կընդունի խաղի կանոնները: Այդ նպատակին հասնելու համար Ալիևն ընտրել էր արմատական ընդդիմությանը ներսից հեղինակազրկելու տարբերակը: Մամուլում հրապարակվել է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Գահրամանլիի դստեր հայտարարությունը, որտեղ նա հորը մեղադրում է բռնակալական հակումների մեջ, ներկայացնում իր և մոր տառապանքները: Այդ հրապարակումից հետո Գահրամանլին ստիպված էր հրաժարվել ԱԺՃ փոխնախագահի պաշտոնից: Դրան հետևեցին մի քանի ընդդիմադիր կոչված գործիչների հայտարարություններ, որոնցում դրվում էր ԱԺՃ առաջնորդ Ալի Քերիմլիի հրաժարականի և քաղաքականությունից առմիշտ հեռանալու պահանջ: Քերիմլին հանդես եկավ պատասխան հայտարարությամբ, որով իշխանություններին մեղադրում էր ԱԺՃ-ն կազմաքանդելու նպատակադրվածության մեջ: Հետևեց Ալիևի միջնորդավորված արձագանքը, մամուլի համար հաղորդագրություն տարածվեց գլխավոր դատախազ Գարալովի անունից, որտեղ ակնարկվում էր, որ եթե ԱԺՃ փոխնախագահի կինը համապատասխան հայցով դիմի, ապա դատախազությունը քրեական գործ կհարուցի և պատասխանատվության կենթարկի ընդդիմադիր քաղաքական գործչին:

Բաքվում տպավորություն ունեին, որ ԱԺՃ փոխնախագահի կինը դրական կարձագանքի դատախազության կոչին, բայց տեղի ունեցավ անսպասելին: ԱԺՃ փոխնախագահի կինը՝ գրող-հրապարակախոս Զումրութ Յաղմուրը, ֆեյսբուքյան գրառում կատարեց և դատախազությանը խորհուրդ տվեց բռնությունների և կտտանքների փաստերով քրեական գործ հարուցել ոստիկանության և ՔԿ հիմնարկների պետերի դեմ: Քաղաքական գործչի կինն այդ կերպ Ալիևին հասկացրեց, որ մտադիր չէ ամուսնու դեմ մատնագիր հեղինակել և հնարավորություն տալ, որպեսզի դատախազությունը նրա դեմ քրեական հետապնդում հարուցի: Ըստ երևույթին, ԱԺՃ փոխնախագահի կնոջ հետ պատկան մարմիններն ունեցել են նախնական համաձայնություն, բայց վերջին պահին ինչ-որ հանգամանքներ ստիպել են, որ Զումրութ Յաղմուրը լրջորեն գնահատի իրավիճակը և հրաժարվի գործարքից: Ո՞վ է ազդեցություն գործել նրա վրա կամ ի՞նչ հեռանկարով է Յաղմուրը դրժել իշխանություններին տված խոստումը՝ կարելի է միայն ենթադրություններ անել: Իրականում Ալիևի նպատակն էր լիովին հեղինակազրկել ԱԺՃ առաջնորդ Ալի Քերիմլիին:

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Քերիմլին քաջատեղյակ էր իր տեղակալի բռնակալական հակումների մասին, բազմիցս ականատես է եղել, թե նա ինչպես է պատժում կնոջը և դստերը, բայց երբեք կանխելու փորձ չի ձեռնարկել: Ավելին, հրապարակումներից մեկում խոսք կար, որ Զումրութ Յաղմուրը տարիներ շարունակ ցանկացել է ապահարզանի հայցով դիմել դատարան, սակայն Քերիմլին կարողացել է նրան տարհամոզել: Զումրութ Յաղմուրի ֆեյսբուքյան գրառումից հետո իրավիճակը կտրուկ փոխվում է: Կամուսնալուծվե՞ն Գահրամանլին և Յաղմուրը, թե՞ կշարունակեն ապրել համատեղ, արդեն զուտ նրանց անձնական գործն է: Քաղաքական առումով Ալիևի ծրագիրը հիմնավորապես ձախողված է, և ԱԺՃ-ն կշարունակի մնալ Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր ուժը:

Մի քանի օր տևած քարոզչական գրոհին հաջողությամբ դիմակայելուց հետո ԱԺՃ-ն անցել է հակագրոհի: Հայտարարվել է, որ կուսակցությունը հոկտեմբերի 8-ին բողոքի ակցիա կանցկացնի Բաքվի քաղաքապետարանի դիմաց և կպահանջի ապահովել ազատ հավաքների իրավունքը: Բանն այն է, որ կուսակցությունը սեպտեմբերի 28-ին մտադրվել էր հանրահավաք անցկացնել մետրոյի «Գյանջլիք» կայարանին մերձակա հրապարակում, Բաքվի քաղաքային իշխանությունը, մինչդեռ, հավաքի վայր էր ընտրել Լոքբաթան արվարձանը: ԱԺՃ-ն հրաժարվել էր այդ առաջարկից:

Հոկտեմբերի 8-ին, կարելի է չկասկածել, ոստիկանությունը բռնությամբ կցրի ԱԺՃ-ի բողոքի ակցիան, մասնակիցները բերման կենթարկվեն և վարչական պատասխանատվության կենթարկվեն: Կարևորը, սակայն, այն է, որ ադրբեջանական ընդդիմությունը հիշեցնում  է իր մասին: Դժվար է, իհարկե, միանշանակ պնդել, որ ԱԺՃ-ն մինչև վերջ հավատարիմ կմնա իշխանության հետ գործարքի չգնալու ուղեգծին: Ալի Քերիմլին եղել է 1993թ. ամռանն Ադրբեջանում պետական հեղաշրջման դերակատարներից մեկը և բազմաթիվ գաղտնիքներով կապված է Ալիևների ընտանիքի հետ: Բացառված չէ, որ մի վճռական պահի կայանա Քերիմլի-Ալիև գործարք: Բայց ներկա պահի դրությամբ ԱԺՃ-ի պսակազերծման և քաղաքական հաշվեհարդարի ալիևյան ծրագիրը տապալված է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ