Ալիևի հետքայլը. ի՞նչ է ծրագրում Ադրբեջանի իշխանությունը

aliei-hetqayle-inc-e-cragroum-adrbejani-isxanoutyoune

Վերլուծաբաններն աննախադեպ են որակում Ադրբեջանի Գերագույն դատարանի՝ օրերս կայացրած վճիռը, որով վերացվում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության և արտերկրում գրանցված Meydan TV հեռուստաընկերության հաղորդումների հեռարձակման արգելքը: Նման որոշում Բաքվի քաղաքային դատարանը կայացրել էր մի քանի տարի առաջ՝ Ադրբեջանի մամուլի խորհրդի կողմից ներկայացված հայցի հիման վրա: Ոչ ոք չի կասկածում, որ Գերագույն դատարանի վճիռն ընդունվել է իշխանությունների հետ համաձայնությամբ կամ, ավելի ճիշտ, նրանց ուղղակի հրահանգով: Ի՞նչ է ծրագրում Ադրբեջանի իշխանությունը՝ ազատականացնելով երկու լրատվամիջոցի գործունեությունը, որոնց ավելի վաղ մեղադրում էր պետականության հիմքերը քայքայող քարոզչություն իրականացնելու մեջ: Ինչպես գրել էինք ավելի վաղ, եկող տարի Ադրբեջանում պետք է խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան: Ադրբեջանի անմիջական հարևան երկու երկրներում՝ Հայաստանում և Վրաստանում, դրանք կանխորոշում են իշխանության ձևավորումը: Ադրբեջանի սահմանադրությամբ խորհրդարանը չունի նման իրավասություն, այն զուտ անվանական է ներկայացուցչական մարմին, իրականում գործադիր իշխանության վրա ոչ մի ազդեցություն չունի: Այդուհանդերձ, Միլլի մեջլիսին է վերապահված վարչապետի հաստատումն իր պաշտոնում և պետական բյուջեի վերահսկողությունը: Ընդդիմությունը ձգտում է գոնե նվազագույնս ներկայացված լինել խորհրդարանում:

Ըստ երևույթին, խորհրդարանական ընտրությունները գոնե ֆորմալ առումով մրցակցային անցկացնելու ազդակ Ադրբեջանի իշխանություններն ստացել են միջազգային կառույցներից կամ Ալիևն ինքն է նման եզրակացության եկել՝ հաշվի առնելով, որ այլընտրանքը կարող է բերել բողոքի զանգվածային ակցիաների և քաղաքական համակարգում «երկրաշարժի»: Նախորդ հոդվածում մենք անդրադարձել էինք փաստին, որ տապալվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցությանը և նրա առաջնորդ Քերիմլիին հեղինակազրկելու և քաղաքական մրցակցությունից դուրս թողնելու, նոր գրպանային ընդդիմություն ձևավորելու ալիևյան ծրագիրը: Ադրբեջանի Գերագույն դատարանի վերոհիշյալ վճիռն ասվածի ևս մեկ, թեկուզ անուղղակի, բայց շատ նշանակալի, վկայությունն է: Ադրբեջանի հասարակությանը հնարավորություն է տրվում տեղեկատվություն ստանալ երկու կարևորագույն աղբյուրից: Դրանք տարիներ ի վեր խոսում են Ալիևի իշխանության կոռումպացվածությունից, մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակումներից: Պաշտոնական քարոզչությունն այդ հրապարակումները համարում է «պատվիրված»: Դրանց հեղինակների նկատմամբ իրականացվել են հետապնդումներ, ներառյալ՝ քրեական, ինչպես եղավ «Ազատություն»  ռադիոկայանի ադրբեջանական ծառայության լրագրող Խադիջա Իսմայլովայի պարագայում:

Ներկայումս այդ երկու լրատվամիջոցների էլեկտրոնային կայքերի վրա դրված արգելանքը հանվում է: Ալիևը հետքայլ է կատարել: Այս իմաստով ավելի հատկանշական է Բաքվի քաղաքապետարանի որոշումը, որով արտոնվում է ընդդիմության բողոքի ակցիան: Այն տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ Բաքվի քաղաքապետարանին հարող, երկու փողոցների միջև փակուղում: 2005թ. խորհրդարանական ընտրություններին հաջորդած զանգվածային բողոքներից հետո սա առաջին դեպքն է, երբ իշխանությունն ընդիմությանը հնարավորություն է տալիս Բաքվի կենտրոնում միջոցառում անցկացնել:

Ճիշտ է, միջոցառումն արտոնող գրությունը նաև սպառնալիքներ է պարունակում, որ «հասարակական կարգը խախտելու ցանկացած փորձ խստորեն կկասեցվի»: Այդուհանդերձ, ինչպես արդարացիորեն արձանագրել է ընդդիմության ներկայացուցիչ Ֆուադ Գահրամանլին, դա «մի փոքրիկ հաղթանակ է»:

Ի՞նչ ընթացք կունենա բողոքի այդ ակցիան՝ այլևս կարևոր չէ: Էական է, որ ընդդիմությունը կկարողանա Բաքվի կենտրոնում հավաքել իր համակիրներին և իշխանություններին ներկայացնել հստակ պահանջ՝ արտոնել, որպեսզի Բաքվի կենտրոնական հատվածներում անցկացվեն քաղաքական բնույթի հանրահավաքներ: Կգնա՞ նման որոշման Ալիևը, Բաքվի կենտրոնը կբացի՞ իր քաղաքական հակառակորդների միջոցառումների համար: Գարնանն ընդդիմությանը հաջողվել էր Բաքվի արվարձանային մարզադաշտերից մեկում հավաքել 10 000-ից ավելի համակիրների: Վերջին տասնհինգ տարում դա ադրբեջանական ընդդիմության կազմակերպած ամենազանգվածային միջոցառումն էր: Կարելի է պատկերացնել, թե ինչ քանակի և որակի հանրահավաքներ կարող է կազմակերպել ընդդիմությունը, եթե նրա առջև բացվի Բաքվի կենտրոնը: Ալիևը կհամարձակվի՞ այդքան հեռու գնալ: Բացառված չէ, որ կատարված հետքայլերը սադրանքի ծրագրով են արվել: Արտոնել ընդդիմության սակավամարդ միջոցառում, ստեղծել հասարակական կարգի, այլոց ազատությունների և իրավունքների սահմանափակման պատրանք և անցնել կոշտ քայլերի՝ ընդդիմությունը վերջնականապես ջախջախելու, նրա առաջնորդներին քրեական մեղադրանք ներկայացնելու նպատակով: Հնարավո՞ր է իրադարձությունները զարգանան այս սցենարով: Հոկտեմբերի 8-ի արտոնված միջոցառումը ցույց կտա, թե ինչ է իրականում ծրագրում Ադրբեջանի իշխանությունը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ