Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Ալիևի պատասխանը Զուրաբիշվիլիին

aliei-patasxane-zourabisviliin

Շաբաթվա սկզբին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել էր վրաց-ադրբեջանական սահման, հանդիպել սահմանապահ զորամասի ծառայողների հետ եւ արել կարեւոր հայտարարություն, թե կողմերը պետք է ամենամոտ ապագայում կարգավորեն սահմանազատման եւ ճշտորոշման հետ կապված բոլոր հարցերը:

Վրաց-ադրբեջանական սահմանագծի, ավելի քան, մեկ երրորդ հատվածը շարունակում է մնալ վեճի առարկա, թեեւ բանակցություններն ընթանում են արդեն քառորդ դար: Վրաստանում, երևում է՝ դժգոհ են իրավիճակից եւ փորձում են հնարավորինս արագ կարգավորել խնդիրները: Ադրբեջանը, մինչդեռ, ամեն անգամ խուսափողական կեցվածք է ցուցաբերում: Բացառություն չէր նա Զուրաբիշվիլիի առաջարկին այդ երկրի ԱԳՆ-ի պատասխանը, որտեղ կոնկրետ քայլերի մասին ոչ մի խոսք չկա, փոխարենը գերակշռում են ընդհանուր, ոչինչ չասող ձեւակերպումները:

Բայց Ադրբեջանը դրանով չի բավարարվել: Վրացական մամուլն ահազանգում է, որ սահմանային այդ տեղամաս նախագահ Զուրաբիշվիլիի այցից հետո ադրբեջանական կողմը Դավիթ Գարեջի վանական համալիր տանող ճանապարհներն արգելափակել է վրացի հավատացյալների, ուխտագնացների եւ զբոսաշրջիկների առջեւ:

Խոսքը վաղ միջնադարյան քարանձավային վանական համալիրի մասին է, որն Ադրբեջանում համարում են «աղվանական մշակույթի կոթող»:

Մի քանի տարի առաջ այդ հողի վրա վրաց-ադրբեջանական հարաբերություններում սուր լարվածություն էր առաջացել: Տեւական բանակցություններից հետո Ադրբեջանը համաձայնել էր, որպեսզի Վրաց ուղղափառ եկեղեցին Դավիթ Գարեջի վանական համալիրում նշանակի հոգեւոր ներկայացուցիչ: Խնդիրը, կարծես թե, կարգավորված էր, վրացի հավատացյալները եւ զբոսաշրջիկները կարողանում էին մուտք գործել վանական համալիրի տարածք: Բայց վերջին օրերին ադրբեջանցի սահմանապահները կրկին խոչընդոտներ են ստեղծում: Ինչպես ասել է Դավիթ Գարեջիի համալիրի վանահայր Կիրիոնը, ադրբեջանցի սահմանապահները փակել են ճանապարհները:

Հավատացյալների շրջանում արձանագրվել են բողոքի ակցիաներ: Վրաց ուղղափառ եկեղեցին խնդիրը բարձրացրել է Վրաստանի իշխանությունների առջեւ: Համապատասխան հայտարարություն է տարածել Վրաստանի ԱԳՆ-ն, ինչին ադրբեջանական կողմը տվել է ստանդարտ պատասխան` Բաքուն շահագրգռված է միջպետական սահմանազատման եւ ճշտորոշման հարցը բանակցությունների միջոցով լուծելու հարցում եւ պատրաստակամություն է հայտնում նպաստելու իրավիճակի կայունացմանը: Խնդիրն այն է, որ խորհրդային վարչական բաժանման հիման վրա Դավիթ Գարեջի վանական համալիրը մի մասով գտնվում էր Վրաստանի, մյուսով` Ադրբեջանի տարածքում: Ներկայումս Վրաստանը պնդում է, որ վանական համալիրն ամբողջությամբ պետք է գտնվի իր տարածքում:

Ադրբեջանը գտնում է, որ «աղվանական մշակութային ժառանգությունը» պատկանում է իրեն: Համաձայնության հնարավորությունն, այսպիսով, խիստ կասկածելի է: Ադրբեջանի հետ Վրաստանն ունի նաեւ սահմանային այլ վեճ: Բանն այն է, որ 1992թ. ադրբեջանական կողմը Մառնեուլիի շրջանում ականապատել է շուրջ 25 քառակուսի կիլոմետր տարածք` պատճառաբանելով, թե կա «Հայաստանից հարձակման վտանգ»: Իրականում դա վրացական տարածք է, որտեղ, սակայն, առ այօսր տնօրինություն են անում ադրբեջանցի զինվորականները: Խնդիրը ոչ մի կերպ չի կարգավորվում: Դա վրաց-ադրբեջանական սահմանի այն հատվածում է, որը մոտ է հայ-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանը պատճառաբանում է, որ այդ հատվածը կարող են օգտագործել հայկական զինված ուժերը եւ անսպասելի հայտնվել իրենց թիկունքում:

Փաստացի՝ Ադրբեջանը Վրաստանի տարածքի մի մասը պահում է օկուպացիայի տակ եւ ոչ մի կերպ չի համաձայնում այն վերադարձնել օրինական տիրոջը: Իսկ Դավիթ-Գարեջի վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակը վկայում է, որ վրաց-ադրբեջանական միջպետական սահմանազատման հարցով բանակցությունները դեռ երկար են շարունակվելու: Տպավորություն կա, որ Ադրբեջանն այդ վանական համալիրը փորձում է ներառել իր սահմաններում` հետապնդելով տնտեսական շահ: Թբիլիսիից 60 կլիմոտեր հեռավորության վրա գտնվող այդ համալիրը վրացական ինքնության հնագույն նմուշներից մեկն է, համարվում է սրբավայր եւ այցելուների պակաս չի ունենում:

Եթե այն ներառվի Ադրբեջանի տարածքում, ապա զբոսաշրջությունից այդ երկիրը կարող է շոշափելի եկամուտներ ստանալ: Իհարկե, Վրաստանը փորձելու է մինչեւ վերջ պաշտպանել իր իրավունքները: Նախագահ Զուրաբիշվիլիի այցը վրաց-ադրբեջանական սահմանի այդ հատված բավական խորհրդանշական էր: Առարկայական էր Ալիեւի պատասխանը` Դավիթ Գարեջի վանական համալիրի արգելափակման տեսքով: Հարցն, այսպիսով, հասնում է իր բարձրակետին: Ի՞նչ հանգուցալուծում կլինի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ