Ալիեւի «նվերը» ադրբեջանցի կանանց

alieui-nvere-adrbejanci-kananc

Մարտի 8-ի տոնի առթիվ Ադրբեջանի առաջին տիկին, առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան շնորհավորական ուղերձ է ստացել Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինից եւ Ալեքսանդր Լուկաշենկոյից, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւից: Ադրբեջանում մարտի 8-ը պաշտոնապես տոն չի հայտարարված, այդ պատճառով կանայք երկրի նախագահից շնորհավորանքի բառեր չեն լսել: Ընդհակառակը, ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Բաքվի ոստիկանությունը խոչընդոտել եւ ցրել է <<Ընդդեմ կենցաղային բռնությունների>> կարգախոսով կազմակերպված երթը, որը նպատակ ուներ հասարակության ուշադրությունը սեւեռել Ադրբեջանում կանանց նկատմամբ խտրականությունների, նրանց իրավունքների ոտնահարման վրա:

Ավելի վաղ մենք այս խնդրին անդրադարձել էինք այն կտրվածքով, որ միջազգային իրավապաշտպան կառույցներն Ադրբեջանին հորդորել են արդարադատություն իրականացնելիս չկաշկանդվել շարիաթի կանոններով: Սա, հատկապես, վերաբերվում է կանանց իրավունքներին, որոնք Ադրբեջանում ամեն քայլափոխի ոտնահարվում են: Իրավիճակը, հատկապես, բարդ է ամուսնության հարցերում:

Իրավապաշտպան Նովելա Ջաֆարովան ահազանգ է հնչեցնում, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում կտրուկ աճել են աղջիկներին դեռահասության տարիքում բռնությամբ ամուսնացնելու դեպքերը: Երեւույթը, հատկապես, լայն տարածում ունի երկրի գյուղական շրջաններում, որտեղ ծնողները` պատճառաբանելով հիմնականում սոցիալական խնդիրներով, աղջիկներին արգելում են հաճախել դպրոց եւ նրանց որոշակի գումարի, անշարժ կամ շարժական գույքի դիմաց բռնությամբ կնության են տալիս:

Իրավապաշտպաններին հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ ծնողների բռնությունից խուսափելով՝ դեռահաս աղջիկները հեռանում են ընտանիքից եւ միայնակ կյանք սկսում Բաքվում՝ աշխատանքի անցնելով սպասարկման ոլորտում: Ավելի հաճախ նրանք ենթարկվում են սեռական բռնությունների: Ոստիկանությունը հաճախակի է բացահայտում դեպքեր, երբ գիշերային ակումբի կամ հյուրատան անվան տակ փաստացի գործում են հասարակաց տներ:

Ադրբեջանում տարածված է նաեւ ամուսինների կողմից կանանց նկատմամբ կենցաղային բռնությունը: Կնոջը ծեծելը սովորական երեւույթ է: Պատահել են դեպքեր, երբ տան տղամարդը կնոջը եւ աղջիկներին պահել է ստրկական պայմաններում: Իրավիճակն այնքան բարդ է, որ իրավապաշտպանների ջանքերով Բաքվում բացվել է բռնության ենթարկված կանանց հոգեբանական աջակցության կենտրոն: Բայց գյուղական շրջաններում բարքերն այնպիսին են, որ կանայք չեն կարող դիմել այդ կենտրոն:

Ադրբեջանում վերջին տասնամյակներին վերականգնվել է դարավոր ավանդույթը, երբ ամուսնացած կինն այլեւս խզում է հայրական տան հետ բոլոր կապերը եւ չի կարող ծնողներից օժանդակություն հուսալ: Ավելի ճիշտ կլինի ասել, որ ամուսնացած կինն իր ծնողների համար այլեւս օտար մեկն է: Նրան ոչ մի աջակցություն չեն ցուցաբերում նաեւ եղբայրները: Կինը դիտվում է որպես ամուսնու սեփականություն եւ պարտավոր է անմռունչ ենթարկվել նրա կամքին, համակերպվել՝ որքան էլ կյանքի պայմանները ծանր լինեն:

Գյուղական բնակավայրերում ամուսնու կամքին հակառակվելու ամենաչնչին փորձն իսկ արժանանում է հանրային պարսավանքի եւ հավասարեցվում անբարոյականության հետ: Իրավապաշտպանները տագնապած են նաեւ լայն տարածում գտնող՝ մերձավոր բարեկամների միջեւ ամուսնության երեւույթով, ինչը մասնագետների կարծիքով դառնում է թերաճ եւ մտավոր հետամնացությամբ տառապող ծնունդների պատճառ: Երեւույթը տարածված է անգամ Բաքվի մերձակա ավաններում: Այդ հողի վրա արձանագրվում են նաեւ բազմաթիվ ողբերգական դեպքեր: Իշխանություններն այդ ամենի նկատմամբ ցուցաբերում են բացառիկ հանդուրժողականություն: Պատճառը մեկն է. նրանք խուսափում են սոցիալական ցնցումներից: Փաստացի աշխարհիկ երկրում կենցաղային հարցերը կարգավորվում են հիմնականում ըստ ավանդույթի եւ շարիաթի կանոնների:

Մարտի 8-ին մի խումբ կանայք Բաքվում փորձել են բարձրաձայնել այդ եւ այլ խնդիրների մասին, հիշեցնել, որ իրենք սահմանադրությամբ հավասար իրավունքներ ունեն: Ոստիկանությունը բռնությամբ ցրել է կանանց երթը: Դա Ալիեւի ,,նվերն,, է Ադրբեջանի կանանց:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ