Ամբողջությամբ չբացելով փակագծերը

amboxjoutyamb-cbacelov-pakagcer

Ահա և հետևում մնացին ամանօրյա տոները: Վերջին մեկ շաբաթը հիմնականում համեմված էր տոնական տրամադրությամբ և փառք Աստծո, ոչ մի լուրջ իրադրություն այդ տրամադրության վրա չազդեց: Ամենակարևորը, սահմաններում և Արցախում ամեն ինչ խաղաղ էր:

Թերևս, միակ մտահոգությունը կապված էր Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ոճրագործության հետ՝ Նոր տարվա գիշերը երկու հարբած խմբավորումներ որոշել էին հաշիվներ մաքրել իրար հետ: Արդյունքում 23-ամյա ղազախ երիտասարդ էր սպանվել և այդ ոճրագործությունը ոմանք անմիջապես կապեցին հայերի հետ, ինչը ակտիվորեն շահարկվեց և խրախուսվեց ադրբեջանական պրոպագանդայի կողմից: Նպատակը՝ հրահրել հակահայկական տրամադրություններ միջինասիական ամենամեծ պետությունում, ինչը սկզբում, կարծեք թե, հաջողվում էր:

Փառք ու պատիվ ղազախական իշխանություններին, որոնք անմիջապես բացառեցին միջադեպի ազգամիջյան բնույթը, բնակչությանը հորդորելով հանգստություն դրսևորել: Հակառակ պարագայում դժվար է պատկերացնել, թե ինչպիսի զարգացումներ կլինեին բազմահազար հայկական համայնք ունեցող այս երկրում:

Հիմա՝ ամենակարևորի մասին: Մեր <<ոխերիմ բարեկամները>> հերթական անգամ ջանք ու եռանդ չխնայեցին տեղեկատվական դաշտը օգտագործել հակահայկական նպատակներով: Ցավալին այն է, որ դրան շատ բանով նպաստեցին և շարունակում են նպաստել նաև մի ստվար զանգված հայ օգտատերեր, որոնք բաց համացանցային տարածքում չստուգված և սադրիչ լուրեր են տարածում, չմտածելով կենտրոնական ասիական պետություններում ապրող մեր հայրենակիցների մասին: Բանը հասավ նրան, որ Ղազախստանում, Թուրքմենստանում, Տաջիկստանում բնակվող մեր ազգակիցները պարզ տեքստով համացանցով խնդրում են մեզ չթեժացնել իրավիճակը:

Վերադառնանք Հայաստան: Վերջին ամիսներին որոշ քաղաքական ուժերի և լրատվամիջողների կողմից արշավ է կազմակերպվել <<ռուսական պատրոնաժի>> տակ գտնվող կառույցների՝ ՀԱՊԿ և ԵԱՏՄ դեմ, անխնա <<քլնգվում են>> այդ կառույցների հնաբնակներ և գործընկերների շրջանում անսասանելի հեղինակություն ունեցող Լուկաշենկոն ու Նազարբաևը: Վերջինս, ի դեպ, երկար տարիներ ղեկավարելով Ղազախստանը, իր հավասարակշռված քաղաքականությամբ այն հեռու է պահում միջէթնիկական ցնցումներից և ԻԳԻԼ գործակալների ներխուժումից:

Շարունակեմ միտքս: Մյուս կողմից, առավել հաճախակի են հնչում ռուսական ռազմաբազան Գյումրիից հեռացնելու պահանջները, այն ներկայացնելով որպես չարիք մեր պետության համար: Այս ամենին ակտիվորեն ներգրավվում է մեր հասարակության քաղաքականապես անհեռատես հատվածը, ինչպես նաև, կրկնվեմ, <<ամենազոր>> համացանցը: Եվ փառք Աստծո, դեռևս բանը չի հասել կոնկրետ բողոքի գործողությունների, ինչը, ցավով եմ արձանագրում, սարերի հետևում չէ:

Եկեք անկեղծ լինենք: Այս ամենը ամբողջությամբ տեղավորվում է միջազգային հանրության մի հատվածի կողմից /կոռեկտ արտահայտվեմ/ սանձազերծված և տարիներ շարունակվող հակառուսական գործողությունների մեջ: Այդ <<հատվածը>> երազում է Ռուսաստանի սահմանների ողջ երկայնքով ազգամիջյան բախումների լատենտ օջախներ ստեղծել, առավել ևս, որ նման հաջողված փորձ արդեն կա խորհրդային տարիներից՝ Սումգայիթ, Բաքու, Ֆերգանա, Օշ, Աբխազաիա, Հարավային Օսիա

Մյուս կողմից անհրաժեշտ է հասկանալ մեկ պարզ իրողություն՝ Ռուսաստանը, համենայնդեպս այդ երկրի ներկայիս իշխանությունները, քաջ գիտակցում է իր շահերը Կովկասում և Կենտրոնական Ասիայում և այդ շահերը պաշտպանելու համար կանի ամեն ինչ, ինչը ենթադրում է մեծ և անողոք խաղ: Այս խաղում մեր <<օբիժնիկ>> հարևանները ամեն կերպ կփորձեն քաղել սեփական դիվիդենդները, ջանք չխնայելով միլիոնավոր մարդկանց տրամադրել Հայաստանի և հայերի դեմ՝ դիմելով ամենակեղտոտ սադրանքների: Մենք պետք է գիտակցենք, կանխատեսենք և բացառենք բոլոր հնարավոր վտանգները, որոնք կարող են սպառնալ մեր պետությանը և արտասահմանում ապրող մեր հայրենակիցներին, գիտակցենք մեր իրական հնարավորությունները և շահերը, չնպաստենք մեր պետական անվտանգությանը սպառնացող սադրանքներին: Նաև՝ համացանցում մեր հավասարակշռված պահվածքով: Թույլ տվեք ամբողջությամբ չբացել փակագծերը:

Ինչևէ, 2019 –ը ամբողջությամբ մտել է իր տիրույթի մեջ: Հուսանք, որ նոր տարում Աստված բարեհաճ կգտնվի մեր պետության և ազգի նկատմամբ, պարգևելով առաջին հերթին խաղաղ և անամպ երկինք յուրաքանչյուր հայի համար՝ որտեղ էլ, որ նա բնակվում է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ