Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:
Ավետիք Իսահակյան

Ամեն սփյուռքահայ պետք է դառնա հայկական ապրանքի դեսպանն իր երկրում. Միքայել Հայրապետյան

amen-spyourqahay-petq-e-darna-haykakan-apranqi-despann-ir-erkroummiqayel-hayrapetyan

Հայկական ապրանքները միջազգային շուկաներում առաջ տանելու համար կարևոր է ինչպես պետության և արտադրողի, այնպես էլ արտասահմանում ապրող մեր հայրենակիցների դերը: ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Միացյալ Նահանգներում և Ուկրաինայում «Բիզնես Արմենիա» (վերաբրենդավորված Հայաստանի զարգացման հիմնադրամ) կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Միքայել Հայրապետյանը:

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ շատ կարևոր է, որ առաջին հերթին հենց սփյուռքի հայերը հավատան ու վստահեն հայկական արտադրանքի որակի, նախապատվությունը տան հենց դրան:

«Այսօր եթե վերցնենք աշխարհասփյուռք հայության քարտեզը, հերթով նայենք պետությունները և ամեն երկրում այն գաղափարախոսությունը զարգացնենք, որ յուրաքանչյուր հայ մեր արտադրանքի դեսպանն է այդ երկրում, շատ շուտով կզգանք դրական տեղաշարժեր: Մենք պետք է հասնենք այն կետին, որ մեր հայրենակիցները վստահեն հայկական արտադրանքին, դրանով իսկ դառնալով մեր երկրում ստեղծված ապրանքի գողազդողը կամ դեսպանը այն երկրում, որտեղ ապրում են: Եթե մեր հայրենակիցներըկիսեն մեզ հետ այս մոտեցումը, որ հայկական ապրանքը ներկայացնելով՝ նպաստում են մեր երկրից արտահանմանը, և դրանով իսկ իրենց ներդրումն են ունենում Հայաստանի տնտեսության մեջ, դա գաղափարական հաղթանակ կլինի, որն իր հետևից կբերի տնտեսական հաղթանակներ»,- ասաց Հայրապետյանը:

Նա ընդգծեց, որ Հայաստանի զարգացման հիմնադրամը, որն այժմ վերաբրենդավորվել է որպես «Բիզնես Արմենիա» այս գաղափարախոսությամբ է առաջնորդվում. «Մենք փորձում ենք օգնել արտահանողներին տեղաբաշխել իրենց արտադրանքն օտարերկրյա շուկաներում, որին կհաջորդի մյուս փուլը՝ ներդրումների ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ: Դա հսկայական աշխատանք է, որը սկսվումէ  հենց Հայաստանից: Այսինքն, հայ արտադրողների ապրանքները պետք է համապատասխանեն FDА-ի (Food and drank administration) նորմաներին, դա առաջին քայլն է:  Երկրորդն, արդեն շուկաների որոնումն է, և այդ աշխատանքն ընթացքի մեջ է: Նախ պետք է հասկանալ տվյալ շուկայի փիլիսոփայությունը, և դա կլինի ապահովագրություն, որ հայ արտահանողները կարողանան մի քիչ ավելի վստահ զգան իրենց՝ ապրանքն ուղարկելով օտարերկրյա շուկաներ»:

Այնուհետ, հայկական ապրանքների պրոպագանդան տվյալ երկրներում պետք է սկսել առաջին հերթին մեր հայրենակիցների մոտ հայկական ապրանքների նկատմամաբ հավատը և վստահությունը բարձրացնելուց: «Շատ շատերը չեն օգտվում հայկական ապրանքներից, մտածելով, որ անորակ է: Այստեղ պետության ձեռքը պետք է լինի, պետությունը պետք է ապացուցիչ բոլորին, որ եթե ժամանակին եղել են խնդիրներ, ապա հիմա կարգը փոխվել է, հիմա հայկական ապրանքներն արտադրվում են միջազգային նորմերով: Դրա հետ կապված տեղեկատվական նյութեր ու վիդեոհոլովակներ պետք է լինեն, որ բոլորը տեսնեն՝ մեր պետությունն ուշադրություն է դարձնում արտահանվող ապրանքների որակին»,- ասաց մեր զրուցակիցը:

Միքայել Հայրապետյանը շեշտեց այն հանգամանքը, որ այսօր բիազնեսմենն է զբաղվում իր ապրանքի տեղաբաշխմամբ, վաճառքով, իսկ պետության դերն այս գործընթացի մեջ այդքան էլ մեծ չէ. «Բայց պետությունը պետք է կարողանա գտնել ճանապարհներ և խթաններ, որ մասնավորն իրեն կարողանա դրսևորել: Այսինքն, պետությունը պետք է ստեղծի դաշտ, ցույց տա դա մասնավորին, որ մասնավորն էլ վստահություն ունենա, որ պետությունն իր թիկունքին կանգնած է և աջակցում է արտահանման հարցերում, որ ինքն էլ կարողանա  ապրանքաշրջանառությունը ճիշտ կազմակերպել: Այս խնդիրն այսօր մեզ մոտ կա»:

Մյուս կողմից, նա նկատեց, որ պետությունը պետք է գործառույթ վերցնի իր վրա՝ հուշելու բիզնեսներին, թե որ ուղղություններով է ճիշտ աշխատել: «Այսօր մենք շուկայագետների մեծ թիմ պետք է ունենանք, ովքեր պետք է վերլուծեն շուկաները և տեսնեն, թե ո՞րն է տվյալ շուկայի պահանջարկը և ի՞նչ առաջարկներ կարող ենք անել: Այսինքն, ճիշտ ու համակարգված արտահանում կազմակերպելու համար մասնագետներ պետք է ունենանք: Եթե այդ աշխատանքը թողնենք տնտեսվարողների հույսին, էֆֆեկտը շատ թույլ է լինելու»,-ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ «Բիզնես Արմենիան» աշխատում է այդ խնդիրների ուղղությամբ, և տարիների ընթացքում այդ աշխատանքն իր արդյունքները տվել է: Սակայն ներկայումս խնդիր է դրված ամրապնդե հայկական արտադրանքի որակն ու դա ցույց տալ օտար շուկաներում, որպեսզի աճն ավելի ակնհայտ դառնա:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ