Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպեց սփյուռքահայ ուսուցիչների հետ

am es
amenayn-hayoc-katoxikose-handipec-spyourqahay-ousoucicneri-het

Հուլիսի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց աշխարհի 15 երկրներից Հայաստան ժամանած 40 սփյուռքահայ ուսուցիչների՝ ուղեկցությամբ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի: Սփյուռքահայ ուսուցիչները համալսարանի նախաձեռնությամբ Հայաստանում մասնակցում են վերապատրաստման մեկամսյա դասընթացների:

Պարոն Ռուբեն Միրզախանյանը շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ընդունելության համար՝ ընդգծելով Հայ Եկեղեցու և մասնավորաբար Վեհափառ Հայրապետի կողմից հայապահպանությանն ուղղված լայնածավալ աշխատանքները:

Այնուհետև ուսուցիչներին իր հայրական օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մեծապես կարևորելով արդեն ավանդույթ դարձած այս գեղեցիկ նախաձեռնությունը: Նորին Սրբությունը հույս հայտնեց, որ այցը Հայաստան և մասնակցությունը դասընթացներին դրական լիցքեր կհաղորդեն ուսուցիչներին` նոր ուժով և ավյունով շարունակելու իրենց բարդ ու դժվարին առաքելությունը:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ այս տարի Հայաստան ժամանած սփյուռքահայ ուսուցիչների մեջ մեծ թիվ են կազմում երիտասարդները, ինչը վկայում է, որ նոր սերունդը գալիս է ստանձնելու ավագ սերնդի աստվածահաճո գործը:

Բարձր գնահատելով հայապահպանության գործում սփյուռքահայ ուսուցիչների դրսևորած նախանձախնդրությունը` Գարեգին Երկրորդ Հայրապետը շեշտեց, որ մանկավարժները կարևոր պատասխանատվություն են կրում այսօրվա և գալիք սերունդների դաստիարակության և կրթության համար:

Հանդիպմանը Նորին Սրբությունը նաև հետաքրքրվեց Սփյուռքում գործող հայկական կրթօջախներով և ուսուցիչներին հուզող խնդիրներով:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված օրհնի ու քաջառողջ պահի մանկավարժներին՝ իրականացնելու իրենց սրբազան առաքելությունն ի սեր մեր աշխարհասփյուռ ժողովրդի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ