Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ նրա համար, որ այն քոնն է:
Սենեկա Կրտսեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարան և «Ալեքսանդր» տարեցների տուն

am en
amenayn-hayoc-katoxikosn-aycelel-e-hbem-aleqsandr-varjaran-e-aleqsandr-tarecneri-toun

Ավստրալիայում հովվապետական այցով գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը փետրվարի 6-ին այցելեց ՀԲԸՄ «Ալեքսանդր» վարժարան` ուղեկցությամբ իր շքախմբի, Ավստարալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի և թեմի եկեղեցականների:

Վարժարանի առջև Նորին Սրբությանը դիմավորեցին կրթօջախի հիսուն սաները, ՀԲԸՄ Սիդնեյի մասնաճյուղի ատենապետ տիար Միհրան Լեփեճյանը, հոգաբարձական կազմը` ղեկավարությամբ ատենապետուհի տիկին Սոսի Կիրակոսյանի, տնօրեն Մանուկ Դեմիրճյանը, ուսուցիչները և ծնողները: Աղ ու հացի օրհնությունից հետո վարժարանի դահլիճում տեղի ունեցավ բարիգալստյան հանդիսություն: Հնչեցին Ավստրալիայի և Հայաստանի օրհներգերը, ապա Վեհափառ Հորը բարի գալուստ մաղթեցին պարոն Սարգիս Մանուկյանը և աշակերտներից Սամսոն Բանիքյանը:

Վարժարանի տնօրեն Մանուկ Դեմիրճյանը իր խոսքի մեջ ներկայացրեց վարժարանի առաքելությունը, անցած պատմական ուղին` լուսանկարների ցուցադրությամբ ընդհանուր գծերով իրար հետ առնչելով Վեհափառի առաջին այցելությունը և վարժարանի կապը հայրենիքի և մանավանդ Ս. Էջմիածնի հետ, ընդգծելով կրոնաբարոյական դաստիարակությունը, որ կրթականի և ազգայինի հետ մեկտեղ կատարվում է ամենայն բծախնդրությամբ:

Այնուհետև վարժարանի աշակերտները հանդես եկան գեղարվեստական հայտագրով` իրենց երգերով և արտասանություններով զարմանք պատճառելով Վեհափառ Հայրապետին, հոգևորականաց դասին և ներկաներին:

Այս առիթով իրենց խոսքը մանուկներին ու պատանիներին ուղղեցին Գերաշնորհ Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը` մասնավորաբար գնահատելով մատղաշ սերնդի ելույթը և սրտի անհուն գոհունակությամբ հաստատելով, որ ապագան այս ընթացքով հաստատուն է ու փայլուն և հակառակ հեռավորության` հայրենիքը՝ ներկա:

Խոսքի ավարտին Հայկազուն Սրբազանը հրավիրեց Նորին Սրբությանը` իր հայրական օրհնությունը բաշխելու վարժարանի աշակերտներին:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուրախություն հայտնելով կրթօջախի լուսավոր հարկի ներքո գտնվելու հնարավորության համար, նշեց, որ յուրաքանչյուր հայորդի, իր հայացքն ուղղելով Հայոց Հայրապետին, նրա անձի մեջ մարմնավորված է տեսնում Հայաստանն ու Ս. Էջմիածինը: Դա ճշմարիտ նկատելով Ավստրալիայի հեռավոր ափերում բնակվող հայորդիների համար` Նորին Սրբությունը հաստատեց. «Մենք Հայաստանն ու Ս. Էջմիածինը տեսնում ենք այստեղ, ձեր մեջ: Հայաստանն այստեղ փոքրիկ անուշիկ զավակներն եք: Այստեղ Հայաստանի շունչ է, տեսիլքն է, Հայաստանի հույսն է, որ այս երեխաների անձերի մեջ է կերպավորված, այս մանուկների անձերով է ներկայանում մեզ…: Այս երխաները մեր Ս. Էջմիածնինն են, այս երեխաները կերպավորում են այդ սրբությունը ու նվիրականությունը: Այս երեխաները նաև այս կառույցն են, երաշխավորն են այս կառույցի հարատևության: Այս երեխաներով այս գաղութն ապրելու է, ..նրանք պիտի հասակ առնեն, ընտանիք կազմեն, զավակներ ունենան: Եվ իրենց զավակներին պիտի ցանկան առաջնորդել այս հաստատությունը՝ «Ալեքսանդր» վարժարանը, որովհետև այստեղ նրանք գուրգուրանք ու սեր են տեսել, այստեղ նրանք կայացել ու ձևավորվել են, այստեղ նրանք իրենց նկարագիրը, հայկական ոգին, հայկականության կերպարն են ստացել, այստեղ կերտվել են որպես ազգի զավակներ»:

Անդրադառնալով աշակերտների տպավորիչ ելույթներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց, որ ճշմարիտ հայրենասիրությունն այն աշխատանքն է, որ այսօր տարվում է համայնքի մանուկների հետ, որի շնորհիվ նրանք հասակ են առնում հայաշունչ, հայրենասեր, ազգասեր, ազգին պատիվ բերող հայորդիներ, ազգի կյանքը դեպի հավերժություն տանող ազգի զավակներ: «Ավելի մեծ հայրենասիրություն, ավելի մեծ ազգասիրություն, ավելի մեծ աստվածսիրություն և էջմիածնասիրություն գոյություն չունի, քան այն աշխատանքը, որ իրականացնում են մանկավարժները մեր զավակների հետ:

… Մենք ծափահարում էինք երեխաների տաղանդի դրսևորման համար, բայց առավել չափով ծափահարում էինք իբրև գնահատանք այն աշխատանքի, որ իրականացվում է այս հարկի ներքո ողջ անձնակազմի կողմից: Ի՜նչ ահռելի աշխատանք, ինչպիսի՜ ահռելի ծավալ: Որքա՜ն նվիրում, որքա՜ն համբերություն, որքա՜ն սեր, որքա՜ն ներդրում, որքա՜ն հանձնառության, զոհաբերության ոգի է անհրաժեշտ, որպեսզի երեխաներին մատուցես այս ամենը, որ երեխան հիշի, մտաբերի և արտաբերի այնքան սիրով», - հավելեց Հայոց Հայրապետը` իր գնահատանքն ու օրհնությունը փոխանցելով մանկավարժներին, հոբարձուներին և տնօրենին, նաև շնորհակալություն հայտնելով բոլոր այն անձանց, որոնք իրենց աշխատանքը, իրենց ժամանակն ու կյանքը ընծայաբերում են հայ մանուկին, հայոց ազգի ու Հայաստանի հավերժության, Ս. Էջմիածնի հավերժական գոյության համար:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ այստեղ դրսևորված սերն իր հոգում պիտի տանի և դարձնի աղոթք Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Իջման Ս. Սեղանի առջև ավստրալիահայության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի համար, որպեսզի ապրեն երկնատուր շնորհների ներքո և կերտեն Հայաստանի, Ս. Էջմիածնի և համայն հայության լուսավոր կյանքը:

Այցի առիթով Վեհափառ Հայրապետը նվերներ փոխանցեց վարժարանին և տնօրենությանը, իսկ մանուկներին ընծայեց Սուրբ Էջմիածնի խաչիկներ:

Նույն օրը Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց «Ալեքսանդր» հայկական հանգստյան տուն: Տնօրենության և խնամակալ մարմնի ուղեկցությամբ Նորին Սրբությունը շրջապտույտ կատարեց, առանձնաբար իր հայրական օրհնությունները բաշխեց հաստատության մեջ խնամվող տարեցներին: Աղոթքից հետո Վեհափառ Հայրապետը զրուցեց հայորդիների հետ, բարձր գնահատեց խնամակալ խորհրդի հոգատար աշխատանքը, ձեռքբերումները և աստվածահաճո գործունեությունը:

Ի հիշատակ իր այցելության Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանգստյան տանը նվիրեց Տիրոջ Վերջին ընթրիքի սրբապատկեր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ