Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդականին

am
amenayn-hayoc-katoxikosn-endounel-e-japoniayi-varcapeti-hatouk-harcerov-xorhrdakanin

Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց
Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Ճապոնիայի վարչապետի հատուկ հարցերով խորհրդական Էիիչի Հասեգավային՝ ուղեկցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի:

Այս առիթով Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց պրն. Էիիչի Հասեգավային, նաև դեսպան Ջուն Յամադային հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի և անկախության հռչակման օրվանից Հայաստանին ամենատարբեր ոլորտներում ցուցաբերած օժանդակության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց, որ մեծապես տպավորված է Ճապոնիայի կյանքի տարբեր ոլորտներում տեղ գտած առաջընթացով՝ կարևոր նկատելով, որ ձևավորված համագործակցությամբ այդ փորձառությունը նպաստի Հայաստանի առաջընթացին:

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ արձանագրեց, որ Մայր Աթոռի և Ճապոնիայի դեսպանատան միջև ձևավորվել է սերտ գործակցություն, որի շնորհիվ Ճապոնիայի իշխանությունների աջակցությամբ Տոկիոյի վերականգնողական ինստիտուտի կողմից մասնագիտական խորհրդատվություն է ապահովվում Մայր Աթոռին հոգևոր-մշակութային արժեքների պահպանության և վերականգնման գործում, ինչպես նաև զորակցություն ցուցաբերվում Տավուշի թեմին կրթական- սոցիալական կենտրոնի ծրագիրը կյանքի կոչելու հարցում:

Իր հերթին Ճապոնիայի վարչապետի խորհրդականն անդրադարձավ երկու երկրների միջև ձևավորված հարաբերություններին և գործակցության հետագա զարգացման հեռանկարներին՝ հաստատելով, որ գործադրվում են բոլոր ջանքերը երկկողմ կապերի ամրապնդման և խորացման գործում առավել մեծ ձեռքբերումներ արձանագրելու համար: Հանդիպման ավարտին Ճապոնիայի պատվիրակությունն այցելեց նաև թանգարան:

Լրահոս

Նմանատիպ նորություններ