Ամենից մեծ վտանգը կլինի այն, եթե իշխանությունները վերադառնան Տեր-Պետրոսյանի ժամանակ կիրառված թեզին. Ռոբերտ Քոչարյան

am
amenic-mec-vtange-klini-ayn--ete-isxanoutyounnere-veradarnan-ter-petrosyani-jamanak-kirarvac-tezin-robert-qocaryan

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել « Հայոց Աշխարհ» օրաթերթին, որտեղ լրագրողի խնդրանքով ադրադարձել է « մենք զիջելու տարածք չունենք»՝ հանրության մեջ տիրապետող դիրքորոշումանը:

«Հանրային ընկալումն իրոք այնպիսին է, որ որեւէ տարածք պետք չէ զիջել:
Նշանակում է իշխանությունները պետք է կա՛մ ամբողջությամբ վերանայեն բանակցային գործընթացը, կա՛մ բանաձեւ գտնեն, որը նաեւ ընկալելի կլինի մեր հանրության համար: Սրա հետ մեկտեղ անշուշտ կրեն պատասխանատվություն հետեւանքների համար»:
Հարցին, թե Փաշինյանը կարծեք հենց վերանայման փորձից էլ սկսեց, բայց հետո, սկսեցին նահանջել այդ դիրքորոշումից, պատասխանել է.

«Իմ կարծիքով, ամենից մեծ վտանգը կլինի այն, եթե իշխանությունները վերադառնան այն թեզին, որը ժամանակին կիրառել է Տեր-Պետրոսյանը: Թեզը հետեւյալն էր՝ պատրաստ ենք լուծման յուրաքանչյուր տարբերակի, որին համաձայն է Արցախի ղեկավարությունը: Այդ մոտեցումը, հիշեցնեմ, ավարտվեց ԵԱՀԿ լիսաբոնյան գագաթնաժողովի՝ Հայաստանի համար չափազանց անբարենպաստ բանաձեւով:
Այդ թեզը արտաքուստ հեշտ տարբերակ է՝ պատասխանատվությունից խուսափելու համար, բայց այդ մոտեցումն Արցախին մեն-մենակ է թողնում բանակցային գործընթացում: Եվ բանակցություններում Արցախի առանձնացված ռեսուրսը բնականաբար շատ ավելի նվազ է, քան հայկական կողմի միասնական ռեսուրսը:


Միեւնույն է, Հայաստանը չի կարող խուսափել Արցախի համար պատասխանատվությունից, հատկապես անվտանգության ոլորտում: Բոլորը գիտեն Հայաստանի ներգրավվածության աստիճանը:
Բայց երբ որ դու բանակցային գործընթացի կարեւորագույն հարցի՝ կարգավիճակի, խնդրի կարգավորման բանաձեւի վերաբերյալ ասում ես՝ մենք համաձայն ենք ամեն ինչին, ինչին համաձայն կլինի Ղարաբաղը, դու այդ բանաձեւը կարգավորելու քո ռեսուրսը հենց ինքդ ես չեզոքացնում: Եվ ի վերջո անպայման ստանալու ես մի բանաձեւ, որին չի կարողանալու համաձայնել Արցախը եւ ստիպված մերժելու ես նաեւ դու, եւ ավելի մեծ խնդիր ես ստանալու:


Իհարկե, պետք է ձգտել Արցախը վերադարձնել բանակցային գործընթաց: Եվ, նկատեմ. վերջին անգամ Արցախը բանակցային սեղանի շուրջ եղել է 1996 թվականի նոյեմբերին, Մինսկի խմբի շրջանակներում Հելսինկիում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ: Հիշեցնեմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահ ես դարձել եմ 1998 թվականին:
Վերադառնալով առկա իրողություններին, կարծում եմ, նոր իշխանությունները, նախ, պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը Արցախի հարցում»:


Հարցին՝ այսինքն, օրվա իշխանությունն Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում չունի՞ հստակ դիրքորոշում, Քոչարյանն ասել է. «Միգուցե ինչ-որ բան բաց եմ թողել, բայց համենայն դեպս չեմ տեսել հստակ դիրքորոշում հարցի վերաբերյալ»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ