ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում չմեկնել Թուրքիայի մի շարք նահանգներ

am
amn-n-ir-qaxaqacinerin-koc-e-anoum-cmeknel-tourqiayi-mi-sarq-nahangner

ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կողմից տարածված գրավոր հայտարարությամբ կոչ է արվել երկրի քաղաքացիներին զերծ մնալ Թուրքիայի որոշ նահանգներ այցելելուց։ Որպես հիմնավորում նշվել են ահաբեկչական գործողությունների վտանգը և կամայական ձերբակալությունները։

Ըստ հայտարարության՝ ահաբեկչության սպառնալիքի առումով հատկապես վտանգավոր են Իրաքի և Սիրիայի հետ սահմանակից թուրքական նահանգները՝ Բաթմանը, Բինգյոլը, Դիարբեքիրը, Գազիանթեփը, Հաքքարին, Հաթայը, Քիլիսը, Մարդինը, Շանլըուրֆան, Սիիրթը, Շըրնաքը, Թունջելին և Վանը։

Պետդեպարտամենտը զգուշացրել է, որ նշված նահանգներում ահաբեկիչները կարող են թիրախավորել առավելապես մարդաշատ վայրերն ու օբյեկտները՝ զվարճանքի և առևտրի կենտրոնները, տեղական պետական մարմինների շենքերը, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, աղոթատեղիները, զբոսայգիները, սպորտային և մշակութային միջոցառումների անցկացման վայրերը, կրթական հաստատությունների շենքերը, օդանավակայանները։

Բացի այդ՝ հայտարարությամբ հիշեցվել է նաև, որ տեղական անվտանգության ուժերը կամայականորեն, առանց բավարար և հիմնավոր փաստաթղթերի առկայության ձերբակալել են տասնյակ հազարավոր  մարդկանց, որոնց թվում կան նաև ԱՄՆ քաղաքացիներ։ Ձերբակալությունները հիմնականում ունեն քաղաքական բնույթ, սակայն այդ անձինք ներկայացվում են որպես ահաբեկչության հետ կապ ունեցողներ կամ նման կապի մեջ կասկածվողներ։

ԱՄՆ քաղաքացիները զգուշացվել են նաև, որ մասնավորապես սոցցանցերում Թուքրիայի իշխանություններին ուղղված քննադատական գրառումների հեղինակները ևս կարող են ձերբակալվել։

Լրահոս

Նմանատիպ նորություններ