Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան

Անգամ Մակունցն է զարմացած Նազենի Ղարիբյանի կայացրած որոշումից. Կոնստանտին Օրբելյան

am
angam-makouncn-e-zarmacac-nazeni-xaribyani-kayacrac-orosoumic-konstantin-orbelyan

«Ես գիտեի, որ նա վաղուց է դա ուզում անել»,- այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը՝ անդրադառնալով իրեն տնօրենի պաշտոնից հեռացրած ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի որոշմանը:

Կոնստանտին Օրբելյանը նկատեց, թե Նազենի Ղարիբյանը երբևէ չի հաճախել իրենց ներկայացումներին, չնայած նրան, որ մշտապես Ղարիբյանին հրավերներ ուղարկվել են: «Չի մասնակցել ու չգիտի, թե ի՞նչ գործունեություն ենք իրականացնում»,- ասել է Օրբելյանը, հիշեցնելով, որ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը բավականին բեղմնավոր ստեղծագործական գործունեություն է իրականացրել, մինչդեռ արված աշխատանքը չի գնահատվել նախարարության կողմից:

Նա նաև լրագրողներին տեղեկացրել է, թե երեկ երեկոյան իրեն է զանգահարել մշակույթի նախկին նախարար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ու իր զարմանքն արտահայտել Նազենի Ղարիբյանի կայացրած որոշման առնչությամբ:

Հարցին, թե ի՞նչ է պատրաստվում անել այս անակնկալ որոշումից հետո, Օրբելյանը նախ ասել է, որ թատրոնի աշխատակազմն արդեն իսկ պատրաստվում է դատի տալ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին, ինչ վերաբերում է կոնկրետ իր քայլերին, ապա՝ «Գուցե նաև ես կմիանամ»,- նկատել է կոմպոզիտորը:

Միաժամանակ, լրագրողներին տեղեկացրել է, թե գիրք է գրում Հայաստան գալու մասին ու այս արտառոց դեպքը ևս տեղ կգտնի իր հիշողությունների մասին պատմվող գրքում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ