Անգիտություն է ասել, թե հայերը «մորթվել են ոչխարների նման»՝ չկարողանալով ինքնապաշտպանվել

angitoutyoun-e-asel--te-hayere-mortvel-en-ocxarneri-nman-ckaroxanalov-inqnapastpanvel

Ռուսական կայսրության գլխավոր հրամանատարության պաշտոնական տվյալներով, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից ի վեր Արեւմտյան եւ Կովկասյան ճակատներում կռվել են ավելի քան 300 հազ. հայազգի զինվորներ: Հիշատակելով այս փաստը՝ պատմաբան ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ նկատում է, որ պատերազմող ոչ մի երկրում, բացի Օսմանյան կայսրությունից, չեն եղել քաղաքացիական բնակչության զինված ինքնապաշտպանություններ: Ինչո՞ւ:

Հարցի պատասխանը շատ պարզ է, քանզի. «Միայն Օսմանյան կայսրությունն էր, որ, օգտվելով պատերազմի ընձեռած հնարավորություններից, փորձեց ֆիզիկապես ոչնչացնել իր քաղաքացիական բնակչության մի հատվածը՝ հայերին»։

Մարությանն անդրադարձավ մեր օրերում՝ գուցեեւ միտումնավոր, գուցեև անգիտությամբ հաճախ շրջանառվող այն թյուրընկալումներին, թե հայերը «մորթվել են ոչխարների նման»՝ չկարողանալով ինքնապաշտպանվել: Մինչդեռ ճիշտ հակառակն է տեղի ունեցել:

Նախ, Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության վարած ցեղասպան քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ տարբեր վայրերում կազմավորվում էին հայկական ինքնապաշտպանական ջոկատներ: Պատմաբանը մեկ առ մեկ թվեց հայկական այն բնակավայրերը, ուր հայ ժողովուրդը ինքնապաշտպանական մարտերով փորձել է դիմակայել թշնամուն՝ Շատախ, Վան, Շապին-Գարահիսար, Սասուն, Մուշ, Մուսալեռ, Խնուս, Խոտորջուրի գավառ, եւ այլն, եւ այլն:

Այդ դիմադրությունը երբեմն եղել է կազմակերպված, երբեմն՝ ոչ, երբեմն եղել է լավ զինված, երբեմն՝ շատ քիչ զենքով, սակայն կարեւորն այն է, որ հայ ժողովուրդը պայքարել է հանուն իր հայրենիքի. «Առանց որեւէ պաթոսի շեշտում եմ՝ «ոչխարի նման մորթվող ժողովուրդը» չէր կարող 1918թ. մայիսին, դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքին, պետականության բացակայության պայմաններում բռունցքվել եւ հաղթական ինքնապաշտպանական ճակատամարտ մղել Սարդարապատում, Ապարանում, դիմակայել Ղարաքիլիսայում՝ այդ կերպ արեւելահայությանը փրկելով սպասվող ցեղասպանությունից»:

Մարությանն արդարացիորեն ընդգծում է նաեւ նման սխալ ընկալման վտանգավոր հետեւանքները՝ առաջանում է թերարժեքության բարդույթ, ցեղասպանության հիշողությունը ընկալվում է որպես բեռ ու կարեւորվում դրանից «ազատվելուն» միտված քայլերը:

Հարց է առաջանում. իսկ ի՞նչպես էին ինքնապաշտպանվում հրեաները Հոլոքոստի տարիներին: Բանն այն է, որ զինված դիմադրություն՝ որպես այդպիսին, շատ քիչ է եղել, մինչդեռ դա չխանգարեց, որ հրեաները իրենց պայքարի հերոսականությունը շեշտադրելու նպատակով հետեւողականորեն ընդգծեն այդ քչերից մեկը՝ 1943 թ. Վարշավայի հրեական գետտոյի ֆաշիստների դեմ ուղղված ապստամբության փաստը:

Եվ ահա, եթե հայոց պարագայում Ցեղասպանության զոհերի հիշատակի օր է նշվում Կոստանդնուպոլսի հայ մտավորականության զանգվածային ձերբակալությունների եւ աքսորի սկզբի օրը, ապա Հոլոքոստի հիշատակի օրը Հրեական խորհրդարանը որոշեց կոչել «Հոլոքոստի նահատակների եւ հերոսների հիշատակի օր», ի տարբերություն հայկականի՝ առավելապես շեշտելով պայքարի, մարտնչելու գաղափարը։ Սրանով, ինչպես նկատում է պատմաբանը, հրեաները կարողացան ձերբազատվել տասնամյակներ շարունակ իրենց մոտ եւս տարածված այդ կարծրատիպից, թե հրեաները «մորթվել են ոչխարների նման»:

Պատմաբանի առաջարկությունն է՝ 30-ամյա պետականություն ունեցող, արցախյան հաղթանակներ արձանագրած անկախ Հայաստանը ժամանակն է, որ վերաիմաստավորի Ցեղասպանության հիշողության օրվա խորհուրդը՝ կատարելով շեշտադրումների փոփոխություն։ Իսկ առաջին քայլերից մեկը կարող է լինել «Ինքնապաշտպանի/ինքնապաշտպանության օրվա» հռչակումը մեր ազգային-պետական տոնացույցում։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ