Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Անկարան զիջո՞ւմ է, թե՞ իր զիջումը վաճառում է Վաշինգտոնին

ankaran-zijoum-e--te-ir-zijoume-vajaroum-e-vasingtonin

Բողոքական եկեղեցու հովիվ, ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնը ազատվեց թուրքական բանտից, տնային կալանքից ու վերադարձավ հայրենիք՝ Միացյալ Նահանգներ: Ավելի քան երկու տարի թուրքական արդարադատության պերճանքն ու թշվառությունը սեփական մաշկի վրա զգալուց հետ քահանա Բրանսոնը Իզմիրի դատարանի դահլիճից ազատ արձակվելուց հետո շտապել է օդանավակայան: Ավելի քան 20 տարի Թուրքիայում աշխատած Բրանսոնը նույնիսկ մի րոպե ավել չի ցանկացել մնալ այդ երկրում: Ժամեր անց նա արդեն Սպիտակ տան ղեկավարի ընդունարանում էր: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ խոսել ու քննարկել են մամուլին անհայտ բովանդակության հարցեր: Բայց փաստ է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների լարումը որոշ չափով լիցքաթափվել է:

Նախ հիշենք, թե ինչի համար էր հոգևորական Բարնսոնը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել: 2016-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունները Բրանսոնին մեղադրեցին ահաբեկչության և լրտեսության մեջ՝ հօգուտ այն խմբերի, որոնք, ըստ Անկարայի, մասնակցություն են ունեցել այդ ռազմական հեղաշրջման փորձին։ Ամերիկացի քահանայի բանտարկությունն իր նշանակությամբ ու հատկապես ազդեցության հետևանքներով, ինչպես գիտենք, կտրուկ դուրս եկավ իրավական հարթությունից ու հասավ քաղաքական, տնտեսական և մինչև անգամ միջպետական հարաբերությունների ոլորտ:

Բրանսոնին անհապաղ ազատ արձակելու մասին Վաշինգտոնի բազմաթիվ հորդորները երկար ժամանակ անտեսելով՝ Անկարան ըստ էության խաղում էր սեփական խաղը: Թեև ունեցավ ազգային արժույթի արժեզրկում, թեև ենթարկվեց տնտեսական պատժամիջոցների, բայց ԱՄՆ-ին հասկացնել տվեց, որ Թուրքիան հեշտ կուլ տալու պատառ չէ և ոչ էլ հնազանդ կամակատար: Ճիշտ է, ԱՄՆ-ի ճնշումներին երկար դիմանալու անզոր Թուրքիան, ի վերջո, ազատ արձակեց ամերիկացի հոգևորականին, բայց այդ ընթացքում որոշակիորեն ձևավորեց ԱՄՆ-ի հետ առճակատվելու ունակ պետության կերպար: Իսկ հիմա տեղի կունենա այդ կերպարը քաղաքական ու դիվանագիտական կապիտալի վերածելու գործընթացը, ինչին էլ, հավանաբար, ի սկզբանե միտված է եղել Էրդողանի վարչակազմը:

Պետք է նկատել, որ ամերիկացի հոգևորականի ազատ արձակմանն անմիջապես հաջորդեց թուրքական լիրայի արժևորումը: Ընդ որում գրանցվեց վերջին 2 ամսվա ամենաբարձր ցուցանիշը լիրայի համար «դոլարի հետ պատերազմում»: Վերջին ամիսներին ամերիկյան դոլարի նկատմամբ թուրքական ազգային արժույթը տատանվում էր 6-7 լիրայի սահմաններում, իսկ այժմ լիրան արժևորվել է` կազմելով 5.7: Վերլուծաբանների կանխատեսմամբ` առաջիկայում լիրան դեռ շարունակելու է դոլարի նկատմամբ արժևորվել:

Մեծ հաշվով ու վերջին հաշվով կատարվել է ԱՄՆ-ի պահանջը. Բրանսոնը ոչ միայն ազատության մեջ է, այլ նաև՝ իր հայրենիքի մեջ: Այսքան ծանր ընթացքով տեղի ունեցած Անկարայի զիջումը, բնականաբար, հավակնում է «որքան ծանր, այնքան թանկ» օգուտ կորզելու բանաձևին: Այս համատեքստում բնավ պատահականություն չէր Բրանսոնի համար պանաջնվող պատժաչափը՝ 35 տարի: Ստացվում է այնպես, որ Թուրքիան ոչ թե զիջելու, այլ իր զիջումը վաճառելու նպատակ ունի: Նպաստավոր հողը կարծեք թե արդեն նշմարվում է: Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին և նշել, որ Բրանսոնի ազատ արձակումը մեծ քայլ է Էրդողանի կողմից թուրք-ամերիկյան նախկին հարաբերություններին վերադառնալու համար: Չնայած Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցների հարցում դեռ չկա որևէ համաձայնություն, բայց Սպիտակ տան ղեկավարը շատ բաց տեքստով ասել է. «Նախորդ երկու օրերի համեմատ, այժմ Թուրքիայի նկատմամբ այլ վերաբերմունք ունեմ: Երկու օր առաջ նույն զգացողությունը չունեի»:

Բրանսոնի ազատ արձակումը դեռ չի լուծում Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև առկա բոլոր խնդիրները, հատկապես՝ դրանցից կարևորները: Էրդողանն առաջիկայում փորձելու է գյուլենական շարժման ամերիկաբնակ առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու և քրդերին ամերիկյան հովանավորությամբ զինելու հարցերը բերել քաղաքական օրակարգ ու ակնկալել ինչ-որ արդյունքներ:

Հոգևորական Բրանսոնն արդեն Միացյալ Նահանգներում է, մինչդեռ իսլամի քարոզիչ Գյուլենը դեռ Թուրքիայում չէ, իսկ քուրդ զինյալներն էլ շարունակում են վայելել ԱՄՆ-ի աջակցությունը: Եթե Անկարայի զիջումը չվաճառվի Գյուլենին արտահանձնելու և քրդերին զինաթափելու գնով, ապա պետք է սպասել ոչ թե թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման նոր էջի, այլ ճգնաժամի նոր փուլի:

Լրահոս

Նմանատիպ նորություններ