Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Անկախությունը դժվար սկսվեց, հեշտ չի ընթանում, բայց կա՛, մե՛րն է. Գուրգեն Խանջյան

am
ankaxoutyoune-djvar-sksvec--hest-ci-entanoum--bayc-ka--mern-e-gourgen-xanjyan

Անկախության տոնին ՀԱՅ ՁԱՅՆ-ը զրուցեց արձակագիր, դրամատուրգ ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆԻ հետ:  

«Չենք կարող ամեն ինչից անկախանալ»

Երբ խոսում ենք անկախության մասին, մի քիչ չափազանցությունը շատ է: Շատերին թվում է՝ 21-րդ դարում, եթե անկախ պետություն ես համարվում, ուրեմն, կարող ես լիովին ինքնիշխան լինել ու ձեռքդ սեղանին խփելով՝ որոշումներ կայացնել: Գուցե դա մեծ տերությունների համար է, սակայն ոչ մեզ համար:  Մենք պետք է գործենք՝ հասկանալով իրավիճակը, մենք չենք կարող ամեն ինչից անկախանալ, լուսնի վրա չենք ապրում:

Մեկի հետ պետք է առևտուր անես, մյուսի հետ աշխատես կռիվ չանել, և այլն, և այլն:

Բայց մի լավ բան կա մեզ մոտ՝ մենք մոնոէթնիկ ենք: Դա երևի Արցախյան  շարժման ու պատերազմի բերած օգուտն է, այլապես հիմա, խաղաղ պայմաններում հնարավոր է, որ կորցնեինք երկիրը, ոնց որ, ասենք, Վրաստանի մի ամբողջ մեծ մարզ այսօր ադրբեջանցիների ձեռքում է, ու դա վաղ, թե ուշ հակասության է հանգեցնելու: Մենք, գոնե, այդ վտանգից ազատ ենք: Հայաստանում ունենք հրաշալի բարեկամ ազգեր, բայց հիմնականում մեր երկիը մոմոէթնիկ է:

«Ավելի անկախ լինելու համար պետք է լուծենք Արցախյան հարցը» 

Մեկ աստիճան ավելի անկախանալու համար, իհարկե, հարկավոր է լուծել ղարաբաղյան խնդիրը: Քանի դեռ չենք լուծել այդ հարցը, մեր գլխին մի քանի սուր կարող է պտտվել, որովհետև ինչքան էլ գերտերություններն ասեն՝ դե, հին, քրիստոնյա ազգ են, կամ լավն են հայերը, բայց ամեն դեպքում, շատ հեշտ կարող են նաև երես թեքել:

 Եթե այսօր մենք ու ադրբեջանցիները նստենք բանակցային սեղանի շուրջ և արդարացի լուծում փորձենք գտնել, միևնույն է՝ դա թույլ չեն տա իրականացնել ո՛չ իրենց, ո՛չ մեզ, որովհետև այդ խաղն օգտագործվում է երկու երկրներին անընդհատ կապված պահելու համար:

  Չնայած դրան՝ մենք չպետք է վհատվենք. մենք շատ երկրներից ավելի  անկախ ենք, անգամ, եթե ունենք նման չլուծված հիմնախնդիր:

Այնուհանդերձ, հաղթանակած կողմը մենք են, և Արցախը մերն է, Արցախը հայկական է:  

«Մեր ամեն քայլը պետք է լինի դեպի առաջ, դեպի վեր»

Լիակատար անկախության հնարավոր է հասնել միայն մեր ազգայինը պահելու դեպքում: Եթե գնանք սրա, նրա հետևից՝ մենք մեզ կկորցնենք, պետք է մերը պահենք ու զարգացնենք: Մեզ հիմա շատ է անհրաժեշտ երիտասարդների ներուժը, որովհետև ջահելներն, իսկապես, երկիրը սիրող, կյանքն ավելի լավը տեսնելու խանդավառությամբ ու էներգիայով լեցուն  են: Ու եթե այդ ամենին միանա ավագների իմացությունն ու  փորձառությունը՝ կարող է շատ լավ բան ստացվել:

Ես այս դեպքում մի քիչ լավատես եմ, և ուզում եմ, որ հանկարծ ճահճացում չսկսվի, տեղապտույտներ չլինեն: Հիմա այս ընթացի մեջ ամեն քայլը պետք է լինի դեպի առաջ, դեպի վեր, այլապես, կրկին կվհատվի  ժողովուրդը: Եվ եթե այս անգամ է վհատվեց, այդ ժամանակ իրեն վեր հանելու ուժեր՝ դժվար կգտնվեն: 

Գուրգեն Խանջյանը՝ անկախության խորհրդի մասին

Անկախությունը մեր մեծագույն ձեռքբերումն է, Աստծո շնորհի նման է, որովհետև ոչ ոք, նույնիսկ Ազատության հրապարակում տարիներով հանրահավաքների մասնակցողներս, հակակայսերական կոչեր անողներս, չէինք պատկերացնում, որ ԽՍՀՄ կայսրությունն այդպես միանգամից, այդպես անակնկալ կփլուզվի:

Այնուհետև` մութ, ցուրտ, քաղց, պատերազմ, օգնության լոբի ու նավթ... Դժվար սկսվեց, հեշտ չի ընթանում, բայց կա՛, մե՛րն է, դարեր անց, վերջապե՛ս, և չե՛նք կորցնելու: Դժգոհություններ ունենք, ինչ-որ բան այնպես չգնաց, դանդաղ է զարգանում, երբեմն կանգ է առնում` տեղապտույտ տալիս, կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, բնական է` ուզում ենք արագ լինի, շուտ տեսնենք մեր ու մեր նախնիների երազած երկիրը:

Սակայն պարզվում է` դժվարին աշխատանք, մեծ ճիգեր են պահանջվելու, ողջամտություն, զգուշավարություն: Անվտանգությունը մեզ համար  ամենակարևոր առաջնահերթությունն է, այս վերջինն ինչու եմ շեշտում` որովհետև ոմանք տարաշխարհիկ կերակրամանների շահերին ավելի են ծառայում, քան սեփական հայրենիքի իրական շահերին: Ուստի՝ ողջամտություն, աշխատանք, համբերություն, նվիրվածություն, անկեղծ սեր, և մեր զավակներն ու թոռները հաստատ իրականացված կտեսնեն Երկիր Նաիրիի երազանքը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ