Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Անորակ և էժան շինարարություն. 88-ի դասերը տեղ չեն հասել

anorak-e-ejan-sinararoutyoun-88-i-dasere-tex-cen-hasel

1988-ի երկրաշարժի կորուստներն անդառնալի են, իսկ վերքերը՝ դեռևս չսպիացած ու չապաքինված: Սպիտակի երկրաշարժին ունեցանք 25000 զոհ, որոնցից 17000-ը՝ Գյումրուց:

Մարդկային կորստից հետո մինչ այժմ ամբողջապես չվերականգնված և ավերված է աղետի գոտու բնակարանային ֆոնդը: Ավերված քաղաքների թիվը 11-ն է, գյուղերինը՝ 58, տուժած քաղաքները 21-ն են, գյուղերը՝ 342, անօթևան մնացին 514 000 մարդ։

Անմիջապես երկրաշարժից հետո ակտուալ քննարկման թեմա դարձավ այն, որ խորհրդային շինարարությունն անորակ էր, իսկ շինարարները որքան կարողացան գողություն արեցին՝ շինանյութը տարան ու իրենց առանձնատները կառուցեցին, այդ իսկ պատճառով Լենինականում (ներկայումս՝ Գյումրի) եղան այդչափ փլուզումներ և մարդկային կուրուստներ:

ՀԱՅ ՁԱՅՆ-ն այս թեմայով զրուցել է փորձագետ, շինարար Արտաշես Սարգսյանի հետ, ով հետերկրաշարժյան տարիներին շինվարչության պետ է եղել և շատ լավ տիրապետել է խորհրդային տարիներին Լենինականում իրականացված շինարարության «գաղտնիքներին»:

«Սովետական տարիներին հենց կոնստրուկցիան էր թույլ, մանավանդ 9 հարկանիները: Երբ փորձարկվեց, 4 բալանոց արհեստական ցնցումների ժամանակ փլվեց, բայց պետությունն ասեց՝ կառուցեք: Նրանք գիտեին, որ 9 բալանոց երկրաշարժին չէին դիմանա: Էդ կառույցի 1քմ ավելի էժան էր, քան մյուսները, դրա համար էլ երկրաշարժին փլվեցին և ոչ մեկ էլ չզարմացավ: Պետությունը գիտեր, որ էժան շինարարություն էր արված»,- բացատրում է շինարարը:

Իսկ այն խոսակցությունները, որ աղետից անմիջապես հետո դրվեցին շրջանառության մեջ, թե Լենինականում այդքան շենքներ փլուզվեցին, քանի որ ժամանակին շինարարը անխնա գողացել էր ցեմենտ, ավազ և այլն, արդյո՞ք համապատասխանում էր իրականությանը, պարոն Սարգսյանը պատասխանում է. «Կար որոշակի թերություններ, ստիկների միացումներ ճիշտ արված չէին և այլն, բայց հիմնական պատճառը էժանությունն էր: Ցեմենտ էլ էր վաճառվում, գաջն էլ էր վաճառվում, ճիշտ է, բայց ծախսային մասի տոկոսներն այնքան բարձր էր, որ ուղղակի նախատեսված ֆոնդն էր ավելին: Պետությունն իր վրայից «քերելու» համար այդ խոսակցությունները տարածեց, որ շինարարը գողացավ, դրա համար ունեցանք ոչ սեյսմակայուն շենքներ: Պետությունը շատ լավ տիրապետում էր, որ այդ 111 սերիայի շենքերը պետք է փլվեն: Շինարարի մեղքը կար, բայց ոչ այդքան, որքան խոսում էին»:

Արդյո՞ք խորհրդային՝ մինչերկրաշարժյան տարիների արված անորակ շինարարության փորձից դասեր քաղելով են 88-ից հետո կառուցապատմանը ուշադրություն դարձրել իշխանությունները:

Արտաշես Սարգսյանը վստահաբար ասում է ՝ ոչ, դասեր չեն քաղել մի բան էլ ավելին՝ էլ ավելի անորակ շինարարություն իրականցվեց այս 30 տարիների ընթացքում:

Բնակարանաշինական առաջին փուլում, որը անմիջապես երկրաշարժից հետո իրականացվեց Գյումրիում կառուցվեց առաջին արվարձանը՝ «Անի» թաղամասը, որին գյումրեցիներն ավելի շատ 58 թաղամաս են կոչում, քանի որ 58 հեկտարի վրա կառուցվեց նոր թաղամասը: Առաջին փուլի շինարարության որակից բավականին գոհ է շինարարը, ով մանրամասնում է. «Շատ ամուր են շենքերը, եթե թերություն էլ կա արտաքին հարդարման մեջ, դա ոչինչ, բայց կանստրուկտիվ առումով շատ ամուր են: Քըրքորյանի ծրագրով էլ, Լինսի, Հանդսմանի էլ, այս ծրագրերով կառուցված նորակառույցները բավականին ամուր են»:

Ինչ վերաբերում է 2000-ականների սկզբին կառուցած նոր թաղամասը՝ «Մուշը», ապա այստեղ Արտաշես Սարգսյանը նկատում է, որ մտահոգություններ շատ պետք է ունենանք, քանի որ բացառապես ոչ պրոֆեսիոնալներ են զբաղվել շինարարությամբ. ««Գլենդել Հիլզի» շինարարությունը խայտառակ վիճակում է, ես ասել եմ ժամանակին, որ այդտեղ մենք «գերեզմանոց» ենք շինել: Սարսափելի անորակություն է, փլուզումներ են կատարվում, շատ լավ գիտեք: Աստված չանի, եթե մի թեթև ցնցում լինի, լրջագույն խնդիրներ կունենանք: Որքան հիշում եմ 72 մլրդ էր հատկացված, շինարարները բացարձակ փորձ չունեին, երևանյան կազմակերպություններն էին, որի հետ զրույցում էիր, ոչինչ չէին հասկանում գործից, անփորձ տղաներ էին բերել և ստատիստիկորեն էլ որ նայում ես, այդ տղաները հեծանիվներով եկան, Մերսեդեսներով գնացին, բնականաբար, թալանի պահն էր, շինանյութը անխնա լցված էր: 2000թ-ից հետո ամենաանհաջող ու սարսափելի շինարարությունն է արված, քանի որ հենքում շահույթի հետապնդումն էր»:

Մեր զրուցակիցը հիշատակում է, որ դեռևս խորհրդային տարիներին էլ, հետ խորհրդային տարիներին ևս նրան մի քանի անգամ իշխանությունները ստիպել են դիմում գրել և դուրս գալ կամ շինվարչության կամ վերահսկողության պատասխանատուի պաշտոնից, քանի որ երբեք արդարությունն ու ուղղախոսությունը հաճո չի եղել ոչ մի իշխանության ականջին: Փոխարենը «վճարել» են շարքային քաղաքացիները:

ԼԵՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅ ՁԱՅՆ-ի Գյումրու թղթակից

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ