Ապրիլյան քառօրյայի  օրերին մեր բանակը եղել է իր բարձրակետին

am
aprilyan-qaroryayi-orerin-mer-banake-exel-e-ir-barcraketin

Ցավալի է, բայց փաստ, որ այս տարիներին 2016-ի ապրիլյանի թեման վերածվել է ներքաղաքական ինտրիգների գործիքի, սև փիառի միջոցի, ինչի հետևանքով իրականության պատկերը աղճատվել է, խճճվել ամեն տեսակի ասեկոսեների և անհեթեթ վարկածների հետ։

Եվ հիմա, երբ ապրիլյանի թեման կրկին առաջին պլան մղվեց, տեղին է մեկը մյուսից հստակ տարանջատել երկու հանգամանք։ Մի բան է իրենց պարտականություններում թերացողներին, և առավել ևս տարաբնույթ չարաշահումներ իրականացրածներին, ովքեր ըստ էության հարվածել են սահման պահող զինվորականի թիկունքին, պատասխանատվության ենթարկելը, և բոլորովին այլ է 2016-ի ապրիլյան քառօրյան հանրությանը որպես ձախողում ներկայացնելու քաղաքականացված շահարկումը։ Հենց այս վերջինն է վտանգավոր՝ ուղղակի զզվելի։

Մի բան է, երբ հստակ, անհերքելի ապացույցների հիման վրա հանրությանը ներկայացվի, որ կոնկրետ մարտական իրավիճակում ի հայտ եկած այս կամ այն խնդիրը որևէ պաշտոնյայի թերացման, չարաշահման հետևանք է, ինչի համար նա պետք է պատասխանատվություն կրի, և բոլորովին այլ բան՝ ընդհանրական գնահատական տալ Զինված ուժերի այս կամ այն ծառայության աշխատանքին։

2016-ի ապրիլյան քառօրյայի թեմայի հանդեպ զգայուն ենք բոլորս։ Ըստ այդմ՝ հանրային գործչի բարոյապես հասուն, հիրավի հայրենասիրական կեցվածքը ենթադրում է միայն անհերքելի ապացույցներ ներկայացնել՝ մինչ անձին հրապարակավ ինչ-որ բանում մեղադրելը։ Հիմա հստակ ասվում է, որ հետախուզությունը չի թերացել։ Իսկ որքա՞ն ասեկոսեներ, բացահայտ հերյուրանքներ կան, որ դեռ նոր պետք է հերքվեն։

Ապրիլյան քառօրյան հանիրավի պախարակելով մենք թուլանում ենք։ Եղել ու մնում եմ այն կարծիքին, որ մեր բանակը այդ օրերին, իր բոլոր ծառայություններով եղել է իր բարձրակետին։ Այո՛, հընթացս ի հայտ են եկել խոցելի կողմեր, բայց բարդ իրավիճակում արագ վերակողմնորոշվելով հաջողվել է կասեցնել հակառակորդին հենց սահմանին։ Փաստ է, որ ադրբեջանական ագրեսիան ձախողվել է, իսկ Արցախի պետական սահմանը վերահաստատվել, ինչը վիթխարի ռազմաքաղաքական արժեք ունի: Իր հակասականությամբ, բայց նաև մեր զինվորականության անձնուրաց հերոսության դրվագներով ու հանդես բերած պրոֆեսիանալիզմով 2016-ի ապրիլյան քառօրյան մեր նորօրյա ռազմի պատմության մեջ իր արժանի տեղն ունի։

Այո՛ պաշտոնական Բաքուն ապրիլյան մարտերի ելքը ո՛չ ավել, ո՛չ պակաս պատմական հաղթանակ է որակում։ Սակայն մեզ համար մի՞թե հստակ չէ, որ այդ կերպ ալիևյան կլանը ներքաղաքական բնույթի խնդիրներ է լուծում։ Հիշենք, որ ապրիլյան մարտերից առաջ ադրբեջանական մանաթն արժեզրկվել էր՝ առաջացնելով սոցիալական պայթյունի վտանգ, և հարկավոր էր շեղել բնակչության ուշադրությունը բուն խնդրից։ Իսկ արդեն մարտերից հետո, երբ ոչնչացված էր մարտերում ներգրավված հատուկ նշանակության ուժերի անձնակազմի զգալի մասը, ալիևյան կլանին՝ սեփական դիրքերը երկրում ամրապնդելու համար, պարզապես, այլ ելք չէր մնում, քան կառչելը «պատմական հաղթանակի» թեզից։

Այո՛ շատ ցավալի է գիտակցելը, որ մեր մի քանի հենակետեր վերադարձնել չհաջողվեց։ Այո՛ լավ է, որ մեր հասարակությունը չի համակերպվում այդ կորստի հետ։ Բայց ապրիլյան քառօրյան Ադրբեջանի հետ տևական հակամարտության մի դրվագ էր՝ ընդամենը։ Պետք է պատրաստ լինել վաղը, երբ հակառակորդը տա առիթը, լուծել շատ ավելի հավակնոտ խնդիրներ։

ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ

Ռազմական փորձագետ

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ