«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին որպես դրամաշնորհ 352,226.5 հազար դրամ կհատկացվի

am es
arajatar-texnologianeri-cernarkoutyounneri-mioutyoun-hk-in-orpes-dramasnorh-352-2265-hazar-dram-khatkacvi

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ՀՀ 2019 թ. պետբյուջեով «Դպրոցներում STEM կրթության և ռոբոտատեխնիկայի զարգացման իրականացում» ծրագրով «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ին առանց մրցույթի, որպես դրամաշնորհ 352,226.5 հազար դրամ հատկացնելու նպատակով: Ըստ այդմ՝ կապահովվի ինժեներական լաբորատորիաների բնականոն գործունեությունը: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս հանրապետության կրթական համակարգում գործում են «Արմաթ» ինժեներական 260 լաբորատորիաներ՝ 304 խմբակավարներով, ինչպես նաև ծրագրի բնականոն ընթացքն ապահովելու համար ներգրավված են 13 մարզային (տարածքային) համակարգողներ: 2019 թ. ընթացքում նախատեսվում է ավելացնել խմբակների քանակը ևս 162 հատով: Խմբակներում և լաբորատորիաներում իրականացվող աշխատանքների հիմնական արդյունքներն են տեխնոլոգիական կրթության խթանումը Հայաստանում, տեխնոլոգիական զբաղվածության ընդլայնումը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս պահին կապահովվի առկա լաբորատորիաների գործունեությունը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, նոր լաբորատորիաների ներդրումը: «Բայց մեր ուղերձը կլինի՝ ինչպես բոլոր մնացած ոլորտներում, այս ոլորտում նույնպես մենաշնորհային քաղաքականություն չենք վարում: Իհարկե, մենք գործընկեր կազմակերպության հետ մեր համագործակցությունը կշարունակենք բնականոն ձևով, բայց կառավարությունը բաց է նաև այլ առաջարկների համար: Այդ նոր առաջարկների տրամաբանությունը, դրանց ֆինանսավորման և գործունեության տրամաբանությունը մի փոքր այլ կլինի»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ թեև կրթության ոլորտում կան հրատապ լուծման կարիք ունենող խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ պետք է չմտածված որոշումներ կայացնել. «Մենք պետք է բաց լինենք առաջարկների, դիտողությունների, քննադատությունների համար և պետք է կշռենք փաստարկները և գանք դրանց հիման վրա եզրակացությունների»:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևողական, մտածված քայլեր:

Լրահոս

Նմանատիպ նորություններ