Սեպտեմբերի 2-ի նշաձողը

arcax--


1991 թ. օգոստոսի19-ին Մոսկվայում իրականացվեց պետական հեղաշրջման փորձ: Հայտարարվեց, որ նախագահ Գորբաչովը ,,հիվանդության պատճառով,, չի կարող իրականացնել իր լիազորությունները եւ ստեղծվում է պետական կառավարման նոր մարմին՝ Արտակարգ իրավիճակի պետական կոմիտե կամ, ինչպես ընդունված է ասել՝ ԳԿՉՊ՝ փոխնախագահ Յանաեւի գլխավորությամբ: Օլեգ Եսայանը հիշում է, որ Ստեփանակերտում այդ տեղեկությունն ստանալուց հետո Արցախի իշխանությունը որոշեց երեք օր որեւէ պաշտոնական դիրքորոշում չարտահայտել: Երեք օր անց ԳԿՉՊ-ն օրենքից դուրս հայտարարվեց, նրա ղեկավարությունը ձերբակալվեց, որովհետեւ Մոսկվան չընդունեվ ռազմական իշխանությունը: Մեծ էր Ռուսաստանի նախագահ Ելցինի դերը: Նա դուրս եկավ փողոց եւ գլխավորեց համաժողովրդական ընդվզումը: Իրադարձություններից 28 տարի անց ադրբեջանական մամուլը գրում է, որ Ելցինին սատարել է ՊԱԿ-ի բարձրաստիճան աշխատակից Բադամյանցը, ինչպես նաեւ՝ դեսանտային զորքերի հրամանատար Գրաչովը: Պարզ է, որ առանց ուժային կառույցներում աջակիցներ ունենալու Ելցինին չէր հաջողվի հաջողության հասնել: Ակնհայտ է նաեւ, որ Ադրբեջանի նախագահ Մութալիոբովը ողջունել է ԳԿՉՊ-ի ստեղծումը: Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման միակ տարբերակը Բաքվում տեսնում էին երկրում ռազմական դրություն հայտարարելու եւ այդ քողի տակ Արցախի հայ բնակչությանը բռնատեղահանելու ձեւով: Աղետը կանխվեց: Իրադարձությունների ընթացքն արագացավ, եւ բոլորի համար պարզ էր, որ ԽՍՀՄ օրերը հաշված են: Օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց հռչակագիր, որով հրաժարվում էր խորհրդային ժառանգությունից եւ ընդունում 1918-20թ.թ. գոյություն ունեցած՝ այսպես կոչված դեմոկրատական հանրապետության իրավահաջոդությունը: Փաստացի դա ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին իրավական ակտ էր: 1990թ. ապրիլի  3-ին ընդունվել էր օրենք՝ ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու կարգի մասին: Ըստ այդմ, եթե միութենական հանրապետությունը որոշում էր դուրս գալ Միության կազմից, ապա նրա կազմում գտնվող ինքնավար հանրապետությունը եւ մարզը, ինչպես նաեւ համահավաք ապրող ազգային փոքրամասնությունը ստանում էին իրենց ճակատագիրն ինքնուրույնաբար տնօրինելու իրավունք: Ի գործադրումն այդ օրենքի, 1991թ. սեպտեմբերի 2-ին գումարվեց ԼՂԻՄ մարզային եւ Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նիստ, որն ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու որոշում՝ վերջնական կարգավիճակի հարցով նշանակելով հանրաքվե: Իրավական առումով դա անխոցելի որոշում է, քանի որ Լեռնային Ղարաբաղը մարզային ինքնավարության կարգավիճակով կարող էր գտնվել միայն Ադր. ԽՍՀ-ի կազմում, իսկ Ադրբեջանն, ինչպես ասվեց, երեք օր առաջ հրաժարվել էր խորհրդային իրողություններից, հետեւաբար եւ՝ ԼՂԻՄ-ն իր կազմում ունենալու սահմանադրական իրավունքից: Սեպտեմբերի 2-ին, այսպիսով, սահմանվեց մի նշաձող, որ անկախության ուղենիշ էր: Տեղի ունեցավ աննախադեպ քաղաքական ինքնակազմակերպվածություն՝ ի հետեւանս միութենական պետության կազմաքանդման իրական հեռանկարի եւ անվտանգության խորհրդային համակարգի լիակատար փլուզման: Արցախահայությունը չէր կարող չընդունել պատմության այդ դաժան, բայց եւ միաժամանակ միակ հավանական մարտահրավերը՝ ապավինել սեփական ուժերին, ինքնակազմակերպվել, ստեղծել պետական կառավարման եւ անվտանգության սեփական ինստիտուտները: Հակառակ պարագայում Արցախը պետք է կործանվեր փլուզվող կայսրության փլատակների տակ: 28 տարվա հեռվից այսօր քաղաքական հոսանքներ եւ գործիչներ կան, որ Արցախի՝ որպես ինքնուրույն հանրապետության հռչակումը համարում են ,,ազգային դավաճանություն,,: Նրանք փաստարկում են ՀԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի միավորման մասին 1989թ. դեկտմեբերի 1-ի որոշմամամբ: Բայց մի բան է ցանկությունը, բոլորովին այլ՝ դաժան իրականությունը: Պատմությունն ապացուցել է սեպտեմբերյան նշաձողի օրինականությունը եւ արդարացիությունը: Պարտադրված պատերազմում կռած հաղթանակներն ու դրանց միջազգային ընկալումը հնարավորություն են, որպեսզի Արցախը հասնի ճանաչման: Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հանրահավաքում իր ելույթը վարչապետ Փաշինյանն սկսեց Հայաստանի սահմանադրության նախաբանի ընթերցմամբ, որտեղ ասված է, որ հայ ժողովուրդը սահմանադրություն է ընդունում՝ հիմք ունենալով անկախության Հռչակագիրը: Իսկ անկախության Հռչակագիրը 1990թ. օգոսոտսի 23-ին ընդունվել է՝ հենվելով 1989թ. դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի եւ Արցախի միավորման որոշման վրա: Սրանով ամեն ինչ ասված է: Տարածաշրջանում ստեղծվել է հայկական ռազմա-քաղաքական ամբողջություն՝ երկու պետականությամբ: Ոչ հեռավոր ապագայում մեր ամբողջականությունը կստանա վերջնական իրավական ձեւակերպում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ