Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի:

Խրիմյան Հայրիկ

Արցախի Իշխանաձոր համայնքը

arcaxi-isxanacor-hamaynqe

Իշխանաձորի գյուղական համայնքը գտնվում է Բերձորից մոտ 60կմ հարավ՝ Բերձոր-Կովսական, Որոտան-Հադրութ գլխավոր ճանապարհների խաչմերուկում: Ունենալով ռազմավարական նշանակություն՝ գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության կառավարության և շրջվարչակազմի ուշադրության կենտրոնում:

Վերջին տարիներին գյուղում ԱՀ կառավարության, «Քաշաթաղ» բարեգործական հիմնադրամի միջոցներով կառուցվեց նոր՝ «Ազատամարտիկների» թաղամասը: Այս գործում անմասն չմնացին նաև «Հայրենասեր» բարեգործական հասարակական հիմնադրամը, որը կառուցեց մարզադաշտ, աջակցեց Հովհ. Թումանյանի անվան միջն. Դպրոցի եռահարկ շենքի հիմնանորոգմանը, որը կայացավ Արցախի կառավարության հատկացումներով:

«Թուֆենկյան» հիմնադրամի միջոցներով ևս մի քանի բնակելի առանձնատուն կառուցվեց գյուղում՝ բազմազավակ, ինչպես նաև սիրիահայ ու լիբանանահայ ընտանիքների համար: Իշխանաձորում գործում են տարածքային բուժկետը, «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ մասնաճյուղը, հանդիսությունների տունը: Համայնքապետարանում հացահատիկի բերքահավաքի ժամանակ գործում է օպերատիվ շտաբ:

Դպրոցի դահլիճում այսօր կայացավ համայնքի ղեկավար Արսեն Թելունցի հաշվետվությունը՝ 2018 թվականի կատարած աշխատանքների մասին: Տեղեկացրեց, որ հաշվետու տարում «Ազատամարտիկների» թաղամասում կառուցվել է 52 նոր բնակելի առանձնատուն, որից 7-ը հատկացվել է գյուղի նախկին ընտանիքներին, իսկ մնացածը՝ վերաբնակիչ ընտանիքների: Բնական (ծնվել է 14 երեխա) և մեխանիկական աճի շնորհիվ ավելացել է Իշխանաձորի բնակչության թիվը 220 հոգով՝ հասնելով 600-ի: Երեխաների թիվը կազմում է 244, որից 154-ը հաճախում են դպրոց (նախորդ ուստարվա համեմատ՝ 40–ով ավելի), մնացածը նախադպրոցականներ են, և գյուղն ունի մանկապարտեզի կարիք:

Նույն թաղամասում նախկինում կառուցված 8-բնակարանոց շենքից 2-ը հատկացվել են Բերձորի արվեստի դպրոցի Իշխանաձորի մասնաճյուղի պարի, ջութակի և կերպարվեստի խմբակներին, մեկ բնակարան՝ Բերձորի մանկապատանեկան մարզադպրոցի Իշխանաձորի ֆուտբոլի և կարատեի խմբակներին: Նույն շենքում են գործում նաև Շուշիի տեխնոլոգիական համալսարանին կից քոլեջի տարածքային բաժանմունքը, գյուղի ակումբը, կենցաղի տունը՝ վարսավիրանոցով, կոշիկի և կենցաղային տեղնիկայի նորոգման արհեստանոցներով:

Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ Ա. Թելունցը տեղեկացրեց, որ 2017թ. աշնանը և 2018թ. գարնանը կատարել են 1250հա հացահատիկի՝ ցորեն, գարի, հաճար, ցանքս; Սակայն անցած տարվա հունիսի 1-ին տեղացած կարկտի հետևանքով ցանքատարածքների մեծ մասը ոչնչացվեց ամբողջությամն: 300հա ցորենից հնձել են 40հա՝ ստանալով 74տ բերք, 900հա գարուց հնձել են 470հա՝ ստանալով 890տ բերք: Գյուղում «Ազատամարտիկների» հարևանությամբ անցած տարի եղեգներից ազատված մոտ 40հա տարածքի վրա կատարվեց բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքս, որը նույնպես վնասվեց կարկտից, սակայն կատարվեց կրկնացանքս, և ստացվեց 400տ համախառն բերք:

Հաշվետու տարում գյուղում տնկել են նաև 10հա նռան այգի, մշակել 6հա ձմերուկ՝ ստանալով 100տ բերք: Անցած աշնանը գյուղի հացահատիկի ցանքատարածքներում, որոնք հիմնականում գտնվում են Թովմասարի հարթավայրում, կատարել են 730հա գարու և 200հա ցորենի ցանքս: Խոսելով անասնապահության ոլորտի մասին՝ տեղեկացրեց՝ անցած տարիների համեմատ խոշոր եղջերավորների թիվը նվազել է. Այժմ ունեն 88 գլուխ խոշոր, 350 մանր եղջերավոր անասուն, 180 խոզ, 800 թռչուն, 26 մեղվաընտանիք, այլ կենդանիներ:

Անդրադարձավ նաև բարեգործական ծրագրերին՝ տեղեկացնելով՝ 2018-ին «Գուրգեն Մելիքյանը՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին» հիմնադրամի կողմից նոր ընտանիքի համար հատկացվել է գույք, կենցաղային տեխնիկա: Արցախի թեմի փոխառաջնորդ, Սահակ Վարդապետ Շաքարյանը 11 բազմազավակ ընտանիքի Ամանորի առթիվ նվիրեց 4 սառնարան, 5 լվացքի մեքենա և 2 հեռուստացույց: Անապահով մի քանի ընտանիքի էլ գույքով և կենցաղային տեխնիկայով օժանդակել են շրջվարչակազմը և Արցախի Հանրապետության սոցապ նախարարությունը: Համայնքի բյուջեն կազմել է 8.422.400դրամ, որից 3. 431. 400դրամը՝ դոտացիա, մնացածը՝ սեփական եկամուտներ:

Գյուղի դպրոցը գործում է 1997 թվականից: Տնօրեն Նազելի Եղիկյանը տեղեկացրեց՝ ունեն գրադարան, որից օգտվում են նաև բնակիչները, «Արմաթ» ինժեներական լաբորատորիա, համակարգչային կենտրոն, ՆԶՊ կաբինետ, բնագիտական առարկաների լաբորատորիա: Կրթօջախը ծառայում է նաև որպես տարածքային կենտրոն՝ դպրոցական կենտրոնացված քննություններըի առարկայական օլիմպիադաների շրջանային փուլերի անցկացման և այլ կրթական միջոցառումների համար:

Մեր այցի պահին ընդհանուր պատմություն առարկայից կայանում էր օլիմիադա, որին մասնակցում էին 7 դպրոցի աշակերտներ: Համայնքում աշակերտների թվի ավելացումը ուրախալի և շատ ողջունելի երևույթ է: Եվ սա հուշում է՝ դպրոցին անհրաժեշտ է ավելի մեծ ու տիպային շենք:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ