Արցախի կառավարությունը նպաստում է գյուղատնտեսության զարգացմանը

arcaxi-karavaroutyoune-npastoum-e-gyouxatntesoutyan-zargacmane

Արցախում «Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակներում այգեգործության զարգացման նպատակով ընթացիկ տարում նախատեսվում է հանրապետության բոլոր շրջաններում հողօգտագործողներին անհատույց տրամադրել նռան տնկիներ: Տնկիներն ստանալու համար նախօրոք հայտ պետք է ներկայացվի:

Վերջերս կառավարության նիստում ԱՀ գյուղնախարար Ժիրայր Միրզոյանը տեղեկացրել է. «Այս տարի ստացել ենք ավելի քան 750 հա-ի համար նռան տնկիների հայտ, որը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 5 անգամ: Հանրապետության տնկարանները բավարարելու են հայտատուների ներկայացրած հայտերը: Ստեղծված է հանձնաժողով՝ տնկիները տրամադրելու, գործընթացը վերահսկելու և տարածքները ուսումնասիրելու համար»:

Նռան այգի հիմնելու և տնկի ստանալու համար հայտ ներկայացողները պետք է տարածքները ապահովեն ոռոգման ջրով, հողը լինի հերկված, տեղաձևած, տնկիների համար անհրաժեշտ փոսերը փորված: Այգու տարածքի մակերեսը պետք է լինի 1հա և ավելի: Նախատեսված տարածքների մակերեսների ճշտման և գործնընթացի վերահսկման նպատակով կստեղծվի հանձնաժողով՝ գյուղնախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչության, շրջվարչակազմերի աշխատակազմերի գյուղատնտեսության բաժինների, վարչությունների աշխատակիցների և տարածքային գյուղատնտեսների մասնակցությամբ: Հանձնաժողովը տեղում կճշտի այգի հիմնադրելու համար նախատեսված տարածքների մակերեսների վրա իրականացված նախապատրաստական աշխատանքների ընթացքը և ստուգայցի արդյունքներով (դրական կամ բացասական) կկազմի արձանագրություն:

Գյուղնախարարությունը հողօգտագործողներին անհատույց հատկացնում է նաև 12 տեսակ մշակաբույսերի՝ ներառյալ կերային խոտաբույսերը՝ կորնգան և առվույտ, սերմացու: Այս դեպքում նույնպես պետք է հայտ ներկայացնեն հողօգտագործողները: ԱՀ գյուղնախարարը տեղեկացրել է, որ այս տարի գարնանացան մշակաբույսերի սերմերի ստացման ռեկորդային թվով հայտեր են ներկայացվել: Միայն պետական աջակցությամբ սերմացու ստանալու համար 18,5 հազար հեկտարի համար է հայտ է ներկայացվել տարբեր շրջաններից: Հայտավորման գործընթացը շարունակվում է:

Միրզոյանի տեղեկատվությամբ՝ նախորդ տարվա համեմատ հայտերն ավելացել են 8500 հա-ի համար: Գարնանացան որոշ մշակաբույսերի համար պետական աջակցություն չի տրվում, սակայն վճարովի սերմացու ձեռք բերելու համար դարձյալ հայտեր են ներկայացվել: Ըստ ներկայացված բոլոր հայտերի՝ այս տարի Արցախի Հանրապետությունում 22 հազար հեկտար հողատարածքի վրա կմշակվի տարբեր տեսակի բանջարեղեն ու այլ բույսեր:

Հանրապետությունում մեկ այլ ծրագրով հողօգտագործողներին բանջարաբոստանային մշակաբույս արտադրելու նպատակով 1հա-ի համար կտրվի 200000 դրամ անհատույց աջակցություն: Մշակվող տարածքը պետք է կես հեկտարից պակաս չլինի: ԱՀ գյուղնախարարը տեղեկացրել է նաև, որ հողօգտագործողների համար գյուղնախարարությունը կկազմակերպի մասնագիտական դասընթացներ: Դասախոսություններով հանդես կգան ՀՀ համապատասխան կառույցների, ինչպես նաև արտասահմանից հրավիրված մասնագետներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ