Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Արցախի Մարտունու դպրոցում տոն էր. միջոցառումը նվիրվեց աշխարհահռչակ շանսոնյեին

am
arcaxi-martounou-dprocoum-ton-er-mijocaroume-nvirvec-asxarhahrcak-sansonyein

Որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակեպության անդամ երկիր` Հայաստանի և Արցախի տարբեր մշակութային և կրթական օջախներում հաճախակի են կազմակերպվում միջոցառումներ, որոնք նպաստում են երկրում ֆրանկոֆոնիայի տարածմանն ու զարգացմանը: Այս մասին տեղեկանում ենք Ամարաս թերթից:

Մարտունու հ.1 դպրոցի թիմը նախորդ տարի Ստեփանակերտում մասնակցել է Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառմանը, որի ընթացքում արժանացել է լավագույն ասմունք մրցանակին և Շառլ Ազնավուրի <<Քեզ համար>> երգով նվաճել 3-րդ մրցանակային տեղը, որով իրավունք է ստացել 2018թ.-ին մասնակցել Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին նվիրված միջոցառումներին:

Համաձայն նախնական ծրագրի` ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ժամանակ, Արցախ պիտի ժամաներ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը և մարտունեցի աշակերտները պետք է մասնակցեին այդ միջոցառմանը, բայց մեծանուն հայի մահը փոխեց ծրագիրը և տոնական միջոցառումները վերածվեցին հուշ-ցերեկույթների: Հոկտեմբերի 7-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում կազմակերպվեց հուշ-ցերեկույթ` ի հիշատակ Մեծ հայի, իսկ հոկտեմբերի 21-ին նույն կենտրոնում կազմակերպվեց միջոցառում` նվիրված Երևանում կայացած <<Ապրել միասին>> խորագիրը կրող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ավարտին, որի կայացման գործում մեծ է եղել Շառլ Ազնավուրի դերակատարությունը: Միջոցառումներին ակտիվորեն մասնակցել են հ.1 դպրոցի սաները` ներկաներին հիացրել ֆրանսերեն լեզվի իմացությամբ: Սա, իհարկե, արդյունքն է ֆրանսերեն լեզվի ուսուցիչների տքնաջան աշխատանքի, ինչի շնորհիվ աշակերտները ձեռք են բերում գիտելիքներ ֆրանսերեն լեզվի, ֆրանսիական մշակույթի մասին: Մարտունու հ.1 դպրոցի 5-9-րդ` թվով 10 դասարանում ուսուցանվում է ֆրանսերեն առարկա: Ֆրանսերենի ուսուցչուհի Ելենա Ղազարյանը փոխանցեց, որ աշակերտները սիրով են հաճախում ֆրանսերենի դասաժամերին, հեշտությամբ յուրացնում մատուցվող թեմաները, մեծ ոգևորությամբ մասնակցում կազմակերպվող միջոցառումներին:

Հոկտեմբերի 27-ին Մարտունու հ.1 դպրոցում ֆրանսիական մշակույթի շունչն էր տիրում: Դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Ե.Ղազարյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց <<Grand chansonnier>> (<<Մեծ երգահան>>) խորագրով գեղարվեստական միջոցառում, որը նվիրված էր աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին և Ֆրանկոֆոնիայի 17-րդ գաղագթնաժողովի կայացման ավարտին: Բացման խոսքով` ֆրանսերեն լեզվով, հանդես եկավ Ե.Ղազարյանն, այնուհետև խոսափողը փոխանցեց տաղանդաշատ աշակերտներին: Հաղորդավարների կողմից անդրադարձ կատարվեց շանսոնյեի կենսագրությանը, գործունեությանն ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաքելությանը:

ՖՄԿ-ի առաջնային խնդիրն է ժողովրդավարության, մարդու իրավունքների, ֆրանսերեն լեզվի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության առաջխաղացումն ու տարածումը, կրթության և վերապատրաստման խթանումը, տևական զարգացման գրասենյակի հետ համագործակցության խրախուսումը, մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացումն, անդամ երկրների և կառավարությունների միջև համերաշխության ուժեղացումը՝ նրանց տնտեսական աճի ամրապնդելուն ուղղված բազմակողմանի համագործակցությունը:

Հազարից ավելի երգեր, հարյուրավոր ֆիլմեր և մշակութային տարբեր ժառանգություններ Մեծ հայը թողել է ոչ միայն հայ, այլև աշխարհի բոլոր ժողովուրդների համար:

Միջոցառման ընթացքում աշակերտները ֆրանսերեն լեզվով կատարեցին արտասանություններ, երգեր, պարեր` բոլորը ձոնված մեծանուն հային: Մատաղ սերունդը մեծարեց ու գնահատեց աշխարհահռչակ շանսոնյեին: Նրանք սիրով ու երախտիքով կատարեցին Ազնավուրի հեղինակային ստեղծագործությունները, նույն զգացողությունները փոխանցելով հանդիսատեսին:

Անթերի էր միջոցառման ընթացքը` ելույթ ունեցողների բեմական կեցվածքը, մատուցման ձևը, կատարումները, որը կոլեկտիվ աշխատանքի արդյունք էր:

Միջոցառման վերջում փոխտնօրեն Ջուլիետա Սարգսյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման նախաձեռնողներին, աջակցողներին ու մասնակիցներին, մաղթելով նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ