Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Արցախի պետնախարարը Նորագյուղում մասնակցել է համայնքային խորհրդակցության

am
arcaxi-petnaxarare-noragyouxoum-masnakcel-e-hamaynqayin-xorhrdakcoutyan

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 8-ին Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում մասնակցել է համայնքի հաշվետու ժողովին։

Միջոցառմանը ներկա է եղել նաև Ասկերանի շրջանի վարչակազմի նորանշանակ ղեկավար Հակոբ Ղահրամանյանը։

Խորհրդակցության ժամանակ Նորագյուղ համայնքի ղեկավար Էդիկ Մարդյանը ներկայացրել է 2018 թ․-ի տարեկան հաշվետվությունը։ Համայնքի ձեռքբերումների շարքում Է․ Մարդյանն առանձնացրել է նախորդ տարի սեփական եկամուտների գերակատարումը, պետական միջոցներով Նորագյուղ-Իվանյան միջհամայնքային ճանապարհահատվածի ասֆալտապատումը, որն էական աշխուժություն է մտցրել համայնքի կյանքում։ Սրանից զատ՝ նախորդ տարում պետության ստանձնած սոցիալական պարտավորության շրջանակներում կառուցվել, ձեռք է բերվել և շահառուներին նվիրվել 1-ական բնակարան, ևս 1-ի կառուցումն ընթացքի մեջ է։ Նորագյուղի ժողովրդագրական ցուցանիշները թվարկելիս Է․ Մարդյանը հիշատակել է նաև, որ նախորդ տարի գյուղում գրանցվել է մեխանիկական աճ․ Երևանից 2 ընտանիք մշտական բնակության է տեղափոխվել համայնք։ Ներկայումս գյուղի դպրոցում սովորում է 258 աշակերտ, որից 28-ը՝ առաջին դասարանցի։ Զեկույցի ավարտին համայնքի ղեկավարը բարձրացրել է գյուղի ոռոգման ջրի և փողոցային լուսավորության հարցերը։

Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ելույթի սկզբում ներկայացրել է գյուղատնտեսական ոլորտում կառավարության հիմնական ծրագրերը։ Հասցեական անդրադառնալով Նորագյուղի գյուղատնտեսական իրականությանը՝ պետնախարարը նշել է, որ այսուհետ 250 և ավելի մ² մակերես ունեցող ջերմոցների յուրաքանչյուր 250 մ-ի համար պետությունը տնտեսվարողին անհատույց աջակցության եղանակով տրամադրելու է 50000 ՀՀ դրամի չափով միանվագ աջակցություն։

Խոսելով ոռոգման ջրի խնդրի մասին՝ պետնախարարը հավաստիացրել է, որ հարցն ուսումնասիրության փուլում է, և կառավարությունը մտադիր է այն լուծել կա՛մ հին ջրամբարի վերանորոգման, կա՛մ նորի կառուցման միջոցով։ «Անհրաժեշտության դեպքում կդիտարկենք նաև արտեզյան ջրհորի կահավորման հարցը»,- հավելել է Գ․ Մարտիրոսյանը։ Փողոցային լուսավորության հարցում պետնախարարը հայտնել է կառավարության աջակցությունը՝ հավաստիացնելով, որ հարցը վերջնական լուծում կստանա։

Խորհրդակցության ավարտին Գ․ Մարտիրոսյանը պատասխանել է ներկաների հարցերին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ