Արցախից ՀՀ զորքերը հանելու Մամեդյարովի ցանկությունն ադրբեջանական մամուլում դարձել է «համանախագահների առաջարկ». Տարոն Հովհաննիսյան

am
arcaxic-hh-zorqere-hanelou-mamedyarovi-cankoutyounn-adrbejanakan-mamouloum-darcel-e-hamanaxagahneri-arajark-taron-hovhannisyan

Երեկ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ հայտնել են, թե Ադրբեջանի արտգործնախարարը նշել է, որ հունիսի 20-ի հանդիպման ընթացքում համանախագահները առաջարկել են կոնկրետ փաստաթղթեր, ըստ որոնց՝ Արցախից պետք է հանվեն ՀՀ զորքերը, տեղակայվեն խաղաղապահներ: Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը, ով ուսումնասիրել է ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները, նշում է, որ հայտարարությունն, ըստ նշվածի, արվել է Բուլղարիայի ԱԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում:

«Հանդիպումից կան որոշ հոդվածներ ու տեսանյութի մի քանի կտորներ: Ըստ Zerkalo.az-ի, օրինակ, Մամեդյարովը նշել է. «Վաշինգտոնում համանախագահները առաջարկեցին զորքերի դուրսբերում և խաղաղապահների տեղակայում: Այս հարցի վրա պետք է աշխատել»: Ըստ Contact.az-ի՝ Մամեդյարովն ասել է, որ այս պահին աշխատում են մարտի 9-ին համանախագահների հայտարարությունում տեղ գտած կետերի հիման վրա. «Այդ փաստաթղթի որոշ կետերի հետ համաձայն ենք, որոշ կետերի հետ՝ ոչ: Այդ հայտարարությունում նշված է, որ, առաջին հերթին, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից: Մնացածը կարող է որոշվել հետո»,- նշել է ադրբեջանագետը: 

Տարոն Հովհաննիսյանն ընդգծում է՝ մարտի 9-ի հայտարարությունում՝ Փաշինյան- Ալիև հանդիպումից հետո, համանախագահները որևէ առաջնահերթության մասին չէին նշել: Ընդամենն ասվում էր, որ հակամարտությունը պետք է լուծվի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունք, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում: Այն նաև պետք է ներառի համանախագահ երկրների կողմից 2009-2012 թթ. առաջարկված հավելյալ տարրերը (6 տարրեր):

«Այսինքն՝ 3 սկզբունք, 6 տարր: Որոնք ներառում են կողմերի դիրքորոշումները՝ բոլորը: Ու առաջնահերթություն չի սահմանվում, որովհետև, ինչպես նշված է, այս ամենը պետք է ընդունվի որպես մեկ ամբողջություն (should be conceived as an integrated whole): Այսինքն՝ փաթեթային կարգավորում, ոչ թե փուլային, ինչպես ցանկանում է պնդել Մամեդյարովը: Տեսանյութային կտորներից մեկում Մամեդյարովը ասում է, որ փաթեթային էլ լինի՝ մեկ է՝ առաջին հերթին պետք է զորքերը դուրս բերվեն: Սա Ադրբեջանի ցանկությունն է, որ ամեն պահի էլ պնդում են: Բայց համանախագահների առաջարկ չէ:

Խաղաղապահների հետ կապված էլի որևէ կոնկրետ հայտարարություն չկա: Էլի հղում մարտի 9-ի հայտարարության վրա, որտեղ ասվում էր, որ միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք կարող են ներառել խաղաղապահ գործողություն: Համանախագահներն ասել էին այն ամենը, ինչ տարիների ընթացքում քննարկվել է:

Նշեմ, որ ըստ նույն Մամեդյարովի՝ ինքն ուղղակի աչքի է անցկացրել փաստաթղթերը, չի հասցրել նորմալ նայել ու մի 2 երեք ամիս պետք է նայեն դեռ, հետազոտեն: Բայց, առաջին հայացքից, նորություն չկար: Այսինքն՝ Մամեդյարովի խոսքում կար մեկ հիմնական մանիպուլյացիա: Իսկ մնացածը խոսքը կրճատել ու փոխելու հաշվին նկարազարդել են որոշ կայքեր ու էդպես տարածվել է՝ դառնալով լրիվ այլ բան: Մամեդյարովի ստանդարտ ցանկությունը դարձել է «համանախագահների առաջարկ»,- նկատել է ադրբեջանագետը: 

Լրահոս

Նմանատիպ նորություններ