Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Արգենտինայում մեծ է համակրանքը մեր ազգի նկատմամբ. ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյան

am
argentinayoum-mec-e-hamakranqe-mer-azgi-nkatmamb-hh-artakarg-e-liazor-despan-estera-mkrtoumyan

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր ընդունել է Արգենտինայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանին: Հանդիպմանը ներկա էին Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն ու Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը:

Էսթերա Մկրտումյանը ներկայացրեց Արգենտինայի և հավատարմագրված մյուս երկրների հետ համալսարանական համագործակցության հնարավորությունները՝ հատկապես ընդգծելով Բալսեյրոյի ինստիտուտի և Ֆիզիկայի ինստիտուտի համագործակցության արդյունավետությունը:



Ինչպես նշեց դեսպանը, արգենտինական համալսարաններում մեծ տեղ է հատկացվում ոչ միայն բնական գիտություններին, այլև լեզուների ուսուցմանը, գրականության ուսումնասիրությանը: Ինչպես հայտնի է, լատինաամերիկյան գրականությունը երիտասարդ է, բայց բազմաթիվ Նոբելյան մրցանակակիրներ ունի:

Գեղամ Գևորգյանը, խոսելով երկրների ֆիզիկական հեռավորության մասին, շեշտեց, որ կարևոր է հստակ նախագծել և համագործակցության վերաբերյալ քննարկումների, հանդիպումների օրակարգ մշակել՝ ապագա գործուղումներն առավել արդյունավետ դարձնելու համար:

Դեսպան Էսթերա Մկրտումյանն ասաց, որ հատուկ ուշադրություն է դարձրել ԵՊՀ-ի և արգենտինյան, Ուրուգվայի համալսարանների ընդհանուր եզրեր ունեցող ոլորտներին՝ ֆիզիկային, ռադիոֆիզիկային, երկրաբանությանը, իսպաներենի դասավանդմանը:



Նա անդրադարձավ նաև հայերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման միասնական մոտեցում ունենալու անհրաժեշտությանը, ինչը կարևոր է ինչպես Լատինական Ամերիկայում գտնվող հայերի, այնպես էլ փոխանակման ծրագրերով Հայաստան եկող ուսանողների համար: Էսթերա Մկրտումյանը փաստեց, որ թե՛ արգենտինյան, թե՛ հավատարմագրված մյուս երկրների համալսարանները բաց են համագործակցության համար, և պետք է անպայման օգտվել այդ հնարավորություններից:

Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը ներկայացրեց «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագիրը, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում նաև լատինաամերիկյան երկրներում: Նա նշեց, որ ծրագրին դիմել են նաև Իրաքից ուսանողներ:

Գեղամ Գևորգյանը և Էսթերա Մկրտումյանը քննարկեցին նոր մասնագիտացումներ ներդնելու հարցը, մասնավորապես՝ կրոնական տուրիզմը և գաստրոտուրիզմը սպասարկող մասնագետների պատրաստումը: Էսթերա Մկրտումյանն իր պատրաստակամությունը հայտնեց ԵՊՀ-ի և լատինաամերիկյան համալսարանների միջև համագործակցությունը զարգացնելու հարցում:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ