Առջևում Հայաստան-Լիխտենշտեյն ֆուտբոլային հանդիպումն է

arjeoum-hayastan-lixtensteyn-foutbolayin-handipoumn-e

Հայաստանի ազգային հավաքականն այսօր՝ ժամը 20։00-ին ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլի շրջանակներում կխաղա Լիխտենշտեյնի ընտրանու հետ։

Հայաստանի ու Լիխտենշտեյնի ընտրանիները միմյանց հանդիպել են ընդամենը 2 անգամ՝ բոլորովին վերջերս՝ Ազգերի լիգայի շրջանակներում: Երկու թիմերի հանդիպումներով սկսվեց ու ավարտվեց մրցաշարի խմբային փուլը։ Այդ խաղերից մեկում մեր հավաքականի տղաները կարողացան առավելության հասնել մրցակցի նկատմամբ 2-1 հաշվով, իսկ դրսում խաղացին ոչ-ոքի՝ 2-2։ Իհարկե, Լիշտենշտեյնի հավաքականը այս պահի դրությամբ ամենահարմար մրցակիցն է, և ժամանակն է իսկապես ֆուտբոլ խաղալ, իսկ նման մրցակիցներին էլ մի լավ դաս տալը չպետք է խնդիր լինի մեր հավաքականի համար։

Բայց և այնպես, մենք բոլորս ամեն նախընտրական փուլից առաջ ավելին ենք սպասում մեր հավաքականից, բայց ամեն անգամ չեն իրականանում մեր սպասումները՝ ինչպես դա եղավ այս ընտրական փուլում։

Հիշեցնենք, որ ընտրական փուլի 2դ տուրից հետո մեր հավաքականը չունի միավոր և Լիխտենշտեյնի հավաքականի հետ եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Հիմա հարկավոր է հաղթել Լիխտեշնտեյնին, հաղթել վստահ ու գեղեցիկ խաղով։

Պետք է վստահության հաղորդել սեփական ուժերին և փորձել ինչ-որ բան փոխել, չէ՞ որ առջևում Հունաստանի հավաքականի հետ հանդիպումն է Աթենքում, իսկ Հունաստանն ամենևին էլ Լիխտենշտեյն չէ, և այդ խաղում բոլորը պետք է ներդնեն իրենց ողջ ներուժը և գտնվեն լավ մարզավիճակում՝ ուժեղ մրցակցին հաղթելու համար։

Ու չնայած այս ամենին, հայ երկրպագուները միշտ հավատում են հավաքականին,  ուրախանում հաղթանակով և տխրում պարտությամբ։ Սա մերն է, մեր ազգայինը, և չկա ավելի հաճելի բան, քան տեսնել քո ազգային հավաքականին հաղթանակած։

Սիրեք և միշտ երկրպագեք ձեր ազգային հավաքականին:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ