Արժեք, որից զուրկ է Թուրքիան

arjeq--oric-zourk-e-tourqian

Մամուլի ազատությունն այն արժեքներից է, որից զուրկ է Թուրքիան: Եվ զրկվել է սեփական իշխանությունների ձեռքով ու, հատկապես, այն ժամանակվանից, երբ երկրի նախագահ կարգվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ի դեպ, «կարգվել» բառը ոչ մի դեպքում չդիտել որպես վրիպակ՝ «ընտրվել» բառի փոխարեն:

Պետական քաղաքականության ասպարեզից քիչ-քիչ հեռացնելով նախորդ նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ Էրդողանը սկսեց հաշվեհարդարների շարքն ազատ մամուլի ու ազատամիտ լրագրողների հետ: Եթե կարող ենք ասել, որ Գյուլի նախագահության տարիներին Թուրքիայում դեռ, որոշ չափով, կար մամուլի ազատության որոշակի դրսևորումներ, ապա նույնը չենք կարող ասել Էրդողանի նախագահության պարագայում: Եթե Գյուլը, այնուամենայնիվ, փորձում էր մամուլի ազատության դիմաց դնել միջակետ, ապա Էրդողանը եկավ դնելու վերջակետ:

Ազատ խոսքի, ազատ լրագրության սրընթաց անկումը Թուրքիայում սկսվեց երկու ճակատագրական տարեթվերից՝ 2014-ից և 2016-ից: Առաջինը Էրդողանի նախագահության մեկնարկի տարեթիվն է, երկրորդը՝ ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձը: Մինչև 2016 թվականը Էրդողանի վարչախումբն ազատ մամուլի ներկայացուցիչների քննադատությունները լռեցնելու համար օգտագործում էր ահաբեկչության քարոզին նպաստելու ու թուրքական պետությանը վիրավորանք հասցնելու շինծու պիտակավորումները: Իսկ հեղաշրջման փորձից հետո արդեն պարարտ հող ստեղծվեց մամուլի ազատությունն ավելի կոպտորեն սահմանափակելու ռեպրեսիվ տակտիկայի համար: Գյուլենականներին մեղադրելով հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ՝ թուրքական իշխանություններն արդեն այդ պատրվակով սկսեցին փակել խմբագրությունների դռներն ու բացել բանտի դռները:

Նույն այդ մեղադրանքով փակվեց Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր թերթը՝ «Զամանը», որն ուներ ամենամեծ տպաքանակը օրաթերթերի մեջ: Իշխանությունները նաև խլեցին ու խլացրեցին «Ջիհան» լրատվական գործակալությունը՝ պատճառաբանելով, որ այն ֆինանսավորում է Էրդողանի թշնամի Ֆեթուլլահ Գյուլենը, որը Թուրքիայում հայտարարված է ահաբեկչական կառույցի պարագլուխ։ Այդ հեղաշրջման ու Էրդողանին տապալելու ձախողված փորձից հետո էր, որ Թուրքիայում սկիզբ առավ և առ այսօր շարունակվում են զանգվածային ձերբակալություններն ու կադրային զտումները լրագրության ոլորտում: 2016-ից հետո հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում երկրում փակվեցին տասնյակ լրատվամիջոցներ:

Մինչ մայիսի 3-ին աշխարհում տոնում են մամուլի ազատության համաշխարհային օրը, թուրքական բանտերում հեծում են բազմաթիվ լրագրողներ: Ըստ «Թուրքիայի լրագրողների արհմիության» տվյալների՝ այժմ այդ երկրում կալանավորված է 144 լրագրող: ըստ «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպության տվյալների՝ 2018թ. ամենից մեծ թվով ազատազրկված լրագրողներ ունեցող երկրների ցանկում Թուրքիան առաջին տեղում է:

«Freedom House»-ի կողմից կազմված զեկույցում ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրն է, որ ճանաչվել է անազատ: Վերջին 10 տարում Թուրքիան ունեցել է սոսկալի հետընթաց մամուլի ազատության ինդեքսում: Եթե օրինակ 2008թ. խոսքի ազատության ցուցանիշով Թուրքիան 102-րդ հորիզոնականում էր, ապա 2018թ. 55 հորիզոնականով նահանջել է` զբաղեցնելով 157-րդ տեղը 180 երկրի շարքում:

Փաստերը վկայում են այն մասին, որ Թուրքիան շարունակում է մնալ այն երկիրը, որտեղ բազաթիվ խախտումներ են գրանցվում մամուլի և խոսքի ազատության նկատմամբ, որտեղ սահմանափակված է խմբագրական անկախությունը, որտեղ մոլեգնում է գրաքննությունը և որտեղ լրագրողների հանդեպ ոտնձգությունները գրեթե մնում են անպատիժ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ