Շուրթերիս դեռ չի դողացել ոչ մի սուտ երդում: Սուտ երդումները միայն մեղավոր շուրթերն են սերտում:

Համո Սահյան

Արժեքավոր նկարներով փայտե պայուսակներ` հայ դիզայների գործերը (լուսանկարներ)

arjeqavor-nkarnerov-paytic-payousakner-hay-dizayneric-lousankarner

Հայերը բոլոր ժամանակներում ու ամեն տեղ միշտ առանձնացել են իրենց արհեստով ու արվեստով: Եվ ուրախությամբ կարող ենք նշել, որ այսօր էլ մենք ունենք տաղանդավոր շատ երիտասարդներ, ովքեր փորձում են մեր մշակույթում արժեքավոր գործեր ստեղծել:

Երբևէ կպատկերացնեի՞ք, որ կարելի է, օրինակ՝ փայտից պայուսակ ունենալ՝ ձեր ցանկացած նկարով ու ձևով: Փայտից պայուսակներ, դեռևս չորս տարի առաջ, սկսեց պատրաստել արվեստաբան, դիզայներ Երանուհի Ավետիսյանը:

ՀԱՅ ՁԱՅՆ-ը երիտասարդ դիզայների հետ զրուցել է իր՝ ՆայNay պայուսակների մասին, թե ինչպես է սկսել զբաղվել պայտից պայուսակներով ու, թե որոնք են եղել հիմնական դժվարությունները:

«Պայուսակները սկսել եմ պատրաստել դեռևս 2014 թվականից. այդ ժամանակ, երբ սկսեցի` դեռևս ոչ ոք չէր զբաղվում նմանատիպ աշխատանքով: Սկզբում, երբ խոսում էի այն մասին, որ կարելի է փայտից պայուսակներ պատրաստել, բոլորի համար դա ծիծաղելի էր թվում: Բայց մարդկանց անվստահությունն այդ գաղափարի հանդեպ, չէր կարող ինձ խանգարել, որ ես փորձեմ իրականություն դարձնել մտքերս:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես պայուսակներ մեծ դժվարությամբ էի հավանում ու գնում, պարզապե, չէի կարողանում գտնել այն պայուսակը, որը հարմար կլիներ ինձ ու կլիներ իմ ճաշակով: Շատ չոր ֆորմայով պայուսակ էի փնտրում և ոչ մի տեղից չէի կարողանում գտնել. մտածեցի, որ այդ չոր ֆորման կարելի է ստանալ հենց փայտից»,- պատմում է Երանուհին և հավելում, որ թեկուզ առաջին փորձը, որակի առումով, այնքան էլ հաջողված չէր, բայց, ի վերջո, նրան հաջողվում է ստանալ այն, ինչ ինքն ուզում էր:

Ցանկացած նախաձեռնություն ստացվում է, երբ քեզ չհավատացողների հետ մեկտեղ լինում են նաև մարդիկ, ովքեր բացի նրանից, որ հավատում են քո գաղափարներին, այլև օգտնում ու սատար են կանգնում. նկատում է դիզայներն ու հավելում. «Այս գործում ես մենակ չեմ, ինձ հետ են քույրս ու եղբայրս: Մենք աշխատանքները բաժանել ենք մեր մեջ, եղբայրս կազմակերպչական աշխատանքներով է զբաղվում, փայտի մշակման հարցերով, ես գաղափարն եմ տալիս, մտածում, թե որ պայուսակի վրա ինչ նկար, կամ աշխատանք է լինելու, իսկ քույրս նկարում է»:

Առաջին պայուսակը

Ինչպես նշում է երիտասարդ դիզայները՝ այս ընթացքում իրենք արել են ամեն ինչ, որպեսզի գնալով ավելի բարձրացնեն պայուսակների որակը և ավելի հետաքրքիր աշխատանքներ ներկայացնեն. «Առաջին պայուսակը, երբ պատրաստեցինք, բավականին դժվար էր. թերություններ կային, որովհետև դեռ հստակ չգիտեինք, թե ինչ տարբերակով կարելի է ստանալ այն, ինչ ուզում ենք: Այն պատրաստվեց առանձին փայտի կտորներից, բայց հետո մենք կարողացանք ճիշտ տեխնիկա մշակել և հասնել նրան, որ այսօր արդեն պայուսակները պատրաստում ենք մեկ կտոր փայտից, որն ավելի որակյալ ու արժեքավոր է»:

Դիզայները մասնագիտությամբ արվեստաբան է, սովորել է Երևանի պետական համալսարանում, մասնագիոտւթյամբ չի աշխատում, բայց այն օգնում է ավելի բովանդակային և ճաշակով աշխատանքներ ստեղծել. «Այս գործում իսկապես շատ է օգնում արվեստը, առանց արվեստից բան հասկանալու, չես կարող, բովանդակային առումով, որակյալ բան ստանալ: Օրինակ՝ ինձ համար կարևոր է այն նկարների ընտրությունը, որոնք կլինեն իմ պայուսակների վրա: Այդպիսի պատվերներ են եղել, որ պատվիրատուները ցանկացել է ինչ-որ «ռաբիզ» նկարով պայուսակ, բայց ես հրաժարվել եմ այն անելուց, որովհետև դա դեմ է իմ սկզբունքներին»:

ՆայNay պայուսակները Երանուհին վաճառում է հիմնականում համացանցի միջոցով, կարելի է պատվիրել նաև արտերկրից. «Սկզբում վաճառում էի ծանոթների, բարեկամների միջոցով, հետո սկսեցի համացանցով վաճառել մեր աշխատանքները: Քիչ-քիչ, երբ մարդիկ իմացան մեր պայուսակների մասին, եղան նաև առաջարկներ տարբեր ցուցադրությունների մասնակիցելու համար: Եվ հիմա որոշակի հաջողություն գրանցելուց հետո, որոշել ենք ավելի ընդլայնվել, և շուտով` քրոջս նախաձեռնությամբ, կունենանք նաև հագուստի տեսականի: Եվ ուզում եմ ասել, որ չնայած այն կարծրատիպերին, թե հայ դիզայներների արտադրանքը որպես կանոն պետք է լինի շատ թանկ, մեզ մոտ այնպիսի գնային քաղաքականություն ենք իրականացնում, որը շատերին հարմար կլինի»:

Վերջում` մեր զրուցակից դիզայները հավելում է, որ ցանկացած հաջողության գրավականը հավատն է սեփական ուժերի հանդեպ. «Որքան էլ գաղափարը, միտքը լավը լինի, ոչինչ չի ստացվի, եթե դու չես հավատում, որ այն կարող ես իրականություն դարձնել, գուցե և ոչինչ չստացվի, բայց դու երբեք չես կարող իմանալ մտածածդ կլինի, թե՝ ոչ, եթե չփորձես»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ