Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Արտահանման դինամիկան 2018-2019թթ.-ի առաջին կիսամյակում

am
artahanman-dinamikan-2018-2019tt-i-arajin-kisamyakoum

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018- 2019թթ.-ի առաջին կիսամյակի արտահանման դինամիկային:

2019թ.-ի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալները կրճատվել են 0.5%-ով` կազմելով շուրջ 1.2 մլրդ ԱՄՆ դոլար (տե՛ս գծապատկեր 1): 2019թ.-ի առաջին կիսամյակում 2018թ.-ի առաջին կիսամյակի համեմատ արտահանման հիմնական համարվող 10 գործընկեր-երկրների տեսակարար կշիռն արտահանման կառուցվածքում աճել է 3.6 տոկոսային կետով` կազմելով 82.4%, իսկ վերջիններիս ծավալները  4.1%-ով աճ են արձանագրել` կազմելով 967.2 մլն ԱՄՆ դոլար: Հետևաբար, արտահանման ծավալների 0.5% անկումը դիտարկվող ժամանակահատվածում պայմանավորված է դեպի այլ երկրներ արտահանման ծավալների 17.5% կրճատմամբ: 

Գծապատկեր 1. ՀՀ արտահանումը 2018-2019թթ.-ի առաջին կիսամյակում` ըստ երկրների                  (մլն ԱՄՆ դոլար)[1]

 

 

Դիտարկվող ժամանակահատվածում արտահանման կառուցվածքում կիսամյակում ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել դեպի ՌԴ արտահանման ծավալներին` 26.6%, որն աճել է 1.54 տոկոսային կետով, իսկ արտահանման ծավալները դեպի ՌԴ ավելացել են 5.6%-ով` կազմելով 312.1 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ծավալների ամենամեծ աճն արձանագրվել է Կանադայի պարագայում, որի դեպքում ծավալներն աճել են 3.1 անգամ` կազմելով 32.5 մլն ԱՄՆ դոլար հիմնականում պղնձի հանքաքարի խտանյութի արտահանման ծավալներով պայմանավորված, որին հաջորդել է Չինաստանը, որի պարագայում գրանցվել է արտահանման ծավալների 79.1% աճ՝ կազմելով 90.8 մլն ԱՄՆ դոլար, ինչն էլ իր հերթին բացատրվում է պղնձի հանքաքարի խտանյութի, և մեքենաների արտահանմամբ: Արտահանման ծավալների ամենամեծ անկումն արձանագրվել է Գերմանիայի պարագայում, որի դեպքում 2018թ.-ի առաջին կիսամյակի համեմատ 2019թ.-ի առաջին կիսամյակում արտահանման ծավալներն կրճատվել են 57.7%-ով` կազմելով 33.7 մլն ԱՄՆ դոլար (պայմանավորված հիմնականում «պղինձ չզտված, պղնձե անոդ էլ. զտման համար» ապրանքային խմբի ծավալների կրճատմամբ), որին հաջորդել է Բուլղարիան, որի պարագայում անկումն եղել է 35.1%՝ կազմելով 80.6 մլն ԱՄՆ դոլար և ինչն էլ պայմանավորված է եղել պղնձի հանքաքարի խտանյութի արտահանման ծավալների անկմամբ:  

Ապրանքային անվանացուցակի 4-նիշ դասակարգման արտահանման կառուցվածի դեպքում, 2019թ.-ի առաջին կիսամյակում 2018թ.-ի նույն կիսամյակի հետ համեմատ 10 հիմնական համարվող ապրանքների տեսակարար կշիռն 2.9 տոկոսային կետով է աճ արձանագրել` կազմելով 70.9%, իսկ վերջիններիս ծավալները ավելացել են 3.7%-ով` կազմելով 831.9 մլն ԱՄՆ դոլար (տե՛ս գծապատկեր 2): Այլ ապրանքների արտահանման ծավալները կրճատվել են 9.4%-ով` կազմելով 341.9 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես առաջին եռամսյակում, այնպես էլ 2019թ.-ի առաջին եռամսյակում ըստ ապրանքների արտահանման կառուցվածքում ամենամեծ տեսակարար կշռի` 22.5% է բաժին է ընկել պղնձի խտանյութի հանքաքարին, սակայն վերջինիս տեսակարար կշիռը 2018թ. նույն կիսամյակի համեմատ կրճատվել է 1.8 տոկոսային կետով, իսկ ծավալները 7.9% անկում են գրանցել` կազմելով 263.7 մլն ԱՄՆ դոլար: Իսկ ծավալների անկումը պայմանավորված է պղնձի համաշխարհային գների անկմամբ[2]:  2019թ.-ի առաջին կիսամյակում 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ 10 հիմնական արտահանվող ապրանքային խմբերից ամենամեծ աճը` 7.6 անգամ գրանցվել է թանկարժեք մետաղի թափոնի և ջարդոնի պարագայում՝ կազմելով 31.0 մլն ԱՄՆ դոլար, որին հաջորդել են «Ոսկի անմշակ կամ կիսամշակ, փոշի» ապրանքային խումբը 41.0%` կազմելով 116.1 մլն ԱՄՆ դոլար (ոսկու համաշխարհային գների աճը հանգեցրել է արտահանման ծավալների աճի), երկաթամիահալվածքը` 36.7%` կազմելով 74.0 մլն ԱՄՆ դոլար, ինչպես նաև ոսկերչական իրերը՝ 21.4%` կազմելով 21.4 մլն ԱՄՆ դոլար:

Գծապատկեր 2. ՀՀ արտահանումը 2018-2019թթ.-ի առաջին կիսամյակում` ըստ ապրանքային անվանացուցակի 4-նիշ դասակարգման (մլն ԱՄՆ դոլար)[3]

 

Իսկ ամենամեծ անկումն արձանագրվել է ադամանդե քարի կտրվածքով` 33.5%` կազմելով 28.6 մլն ԱՄՆ դոլար, որին հաջորդել են էլեկտրաէներգիան`30.1%` կազմելով 32.7 մլն ԱՄՆ դոլար, ինչպես նաև «ալյումինե փայլաթիթեղներ <0,2մմ» ապրանքային խումբը` 9.1%` կազմելով 49.9 մլն ԱՄՆ դոլար, որը բացատրվում է ալյումինի համաշխարհային գների անկմամբ:

Այսպիսով՝ արտահանման ծավալների կրճատումը, ինչպես նաև 10 հիմնական արտահանվող ապրանքային խմբերի կառուցվածքը փաստում է  այն մասին, որ այս տեմպերով արտահանմանը միտված մրցունակ տնտեսություն կառուցելու ՀՀ կառավարության նպատակը կարող է միայն իրականություն դառնալ երկարաժամկետ հատվածում: Իսկ 10 հիմնական ապրանքներից մետաղական, հանքահումքային ծագում ունեցող արտադրանքի տեսակարար կշիռը արտահանման կառուցվածքում կազմել է 45.5% 2018թ.-ի առաջին կիսամյակի 40.8%-ի համեմատ, ինչն էլ փաստում է այն  մասին, որ ՀՀ արտահանումը որոշակիորեն մեծացրել է խոցելիությունը արտաքին գործոնների` հատկապես մետաղների համաշխարհային գների տատանումների հանդեպ:

 

[1] ՀՀ ՎԿ արտաքին առևտրի առցանց տվյալների բազա` ըստ երկրների, https://www.armstat.am/am/?nid=717

[2] IMF Commodity Data Portal, https://www.imf.org/en/Research/commodity-prices

[3] ՀՀ ՎԿ ըստ ապրանքային անվանացուցակի 4-նիշ դասակարգման արտաքին առևտրի առցանց տվյալների բազա, https://www.armstat.am/am/?nid=148:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ