Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին

am
artonoutyounner-en-tramadrvel-hertakan-nerdrumayin-cragrerin

Կառավարության որոշումներով ներդրումային ծրագրի շրջանակում «Էյ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ն կօգտվի ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններից: Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում հիմնել և գործարկել ամբողջությամբ ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխանող աղբյուրի և հանքային ջրի շշալցման գործարան։ Արտադրական փուլը նախատեսվում է սկսել 2019 թ. մայիսից։ Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը կիրականացնի 13,2 մլրդ ՀՀ դրամի ներդրում: Այս պահի դրությամբ արդեն իսկ իրականացվել է 7,9 մլն եվրոյի ներդրում (հողի ձեռքբերում, շինարարական աշխատանքներ, վարչական ծախսեր): Մինչև 2022թ.-ը կստեղծվի 141 նոր աշխատատեղ՝ 422 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ներկա դրությամբ արդեն իսկ ստեղծված է 16 աշխատատեղ (վարչական անձնակազմ): Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր տարեկան ծավալը նախատեսված է 1,7 մլրդ ՀՀ դրամից մինչև 2022թ.-ը հասցնել մինչև 20,6 մլրդ ՀՀ դրամի: Արտադրանքի հիմնական մասը կարտահանվի Ռուսաստան, իսկ որոշակի մասը կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 115 055 120 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 7 005 601 ՀՀ դրամ:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է արտահայտել կառավարության կամքն այս և նման այլ ծրագրերին աջակցություն ցուցաբերելու հարցում:

Գործադիրի համապատասխան որոշումներով նույն արտոնություններից կօգտվի նաև «Արմտեքս Գրուպ» ՍՊԸ-ն: Ընկերությունը Շիրակի մարզի ք. Գյումրիում նախատեսում է զբաղվել տեքստիլի արտադրությամբ, որտեղ կարտադրի բարձր որակի ներքնաշոր՝ կատարելով 601 մլն դրամի չափով ներդրում։ Արդյունքում՝ երեք տարվա ընթացքում կստեղծվի 40 նոր աշխատատեղ` 94 հազար դրամ միջին աշխատավարձով: Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը տարեկան կկազմի 420 000 000 ՀՀ դրամ, որից 50 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի Ռուսաստանի Դաշնությունում, 370 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում (ԱՄՆ, Կանադա)։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 36 000 000 ՀՀ դրամ:

Մաքսատուրքից ազատելու արտոնությունից կօգտվեն նաև «Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա», «Ռիբեկ» և «Էֆարվի Մարսիկ» ընկերությունները:

«Նիկոլա ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ-ն ներմուծվող հումքն օգտագործելու է ձիթապտղի վերամշակման և արտադրության մեջ (Կոտայքի մարզ): Ընկերությունը նախատեսում է իրականացնել 1 700 000 000 ՀՀ դրամի ներդրում՝ հումքի ձեռքբերման համար: Ներկայում առկա է 100 աշխատատեղ՝ 120 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով, ծրագրի շրջանակում կստեղծվի ևս 30-40-ը։ Արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 6 100 000 000 ՀՀ դրամ, որից 3 800 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 2 300 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրներում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 1 700 000 000 ՀՀ դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 255 000 000 ՀՀ դրամ:

«Ռիբեկ» ՍՊԸ-ն գործում է թեթև արդյունաբերության բնագավառում և ներմուծվող ապրանքներն օգտագործելու է երեխաների և կանացի ներքնազգեստի և հագուստի արտադրության մեջ (ք. Չարենցավան)։ Արդեն իսկ իրականացվել է 70 000 000 ՀՀ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Նախատեսվում է իրականացնել ևս 480 000 000 ՀՀ դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 50 նոր աշխատատեղ՝ 100 000 - 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 720 000 000 ՀՀ դրամ, որից 130 000 000 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 440 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ ԵԱՏՄ այլ անդամ երկրների, 150 000 000 ՀՀ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 234 250 000 ՀՀ դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 17 720 500 ՀՀ դրամ:

«Էֆարվի Մարսիկ» ՓԲԸ-ն ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արևային էլեկտրակայանի կառուցման համար (Գեղարքունիքի մարզ, Մեծ Մասրիկ համայնք)՝ իրականացնելով 27 837 143 000 ՀՀ դրամի ներդրում: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 4 նոր աշխատատեղ՝ 590 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի (էլեկտրաէներգիա) ընդհանուր ծավալը շինարարության ավարտից հետո գործունեության 20 տարիների ընթացքում կկազմի 60 972 583 308 ՀՀ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 10 204 285 700 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 1 039 477 161 ՀՀ դրամ:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ