Աշոցքի արտագաղթն ու զարգացող դահուկային սպորտը (տեսանյութ)

asoci-artagaxtn-ou-zargacox-dahoukayin-sporte-tesanyout

Չնայած կառավարության կողմից առաջարկվող տարբեր ծրագրերին, որոնցով նախատեսվում է աջակցել փոքր ու միջին բիզնեսին, Հայաստանի մարզերում այսօր մարդիկ դեռևս շարունակում են մեկնել արտագնա աշխատանքի կամ էլ մշտական արտագաղթում են ավելի որակյալ կյանք ունենալու ակնկալիքով:

Արտագնա աշխատանքի գնացողների թվի ցուցանիշը բարձր է նաև Շիրակի մարզի Աշոցք խոշորացված համայնքում, որտեղ, ինչպես նշում է համայնքապետ Կարեն Մանուկյանը, աշխատատեղերը քիչ են, իսկ տարածքի բնակլիմայական պայմաններն էլ՝ ոչ բարենպաստ: Այստեղ ձմեռը շատ երկար է տևում, մարդկանց սոցիալական վիճակն էլ ամեն օր ավելի է վատանում:

Համայնքի ղեկավարը դժվարանում է արտագաղթի  վերաբերյալ կոնկրետ թվեր ասել, սակայն բնակիչների մոտ 40 տոկոսը համայնքից դուրս է՝ կա՛մ գնում են Գյումրի, Երևան, կա՛մ Ռուսաստան. «Թվեր չեմ կարող ասել, որովհետև իրենք դեռ մեր քաղաքացիներն են համարվում, գնացել են, բայց կարող է նորից վերադառնան: Չնայած եթե այնտեղ հիմնավորվում են, ցանկություն էլ չեն ունենում վերադառնալու», - ասում է Մանուկյանը:

Չնայած այս խնդիրներին, Մանուկյանն ընդգծում է, որ համայնքների խոշորացումից հետո, այնուամենայնիվ, դրական փոփոխություններ Աշոցք համայնքում արձանագրվել են. «Աշոցքում 11 համայնք է խոշորացվել, հիմա հնարավոր է լինում եկամուտներն ավելի նպատակային օգտագործել, օրինակ՝ Աշոցքի բոլոր համայնքներում լուծվել է լուսավորության հարցը, և սա արվել է համայնքի բյուջեի հաշվին: Ասեմ, որ մինչ խոշորացումը միայն Աշոցքում է լուսավորություն եղել»:

Ինչ վերաբերում է համայնքում արվող ներդրումներին, համայնքապետն ասաց, որ հիմնականում ներդրողներին հետաքրրում են Աշոցքի ջրային ռեսուրսները: Արդեն ծրագրեր կան, որոնցով նախատեսվում է ջրալցման գործարաններ բացել ու նոր աշխատատեղեր ստեղծել:

Աշոցքում մեծ թափով զարգանում է նաև դահուկային սպորտը, և այս սպորտաձևում Հայաստանը  սկսել է հաջողություններ արձանագրել, որոնք նախկինում չկային: 

 

Ավելին՝ ՀԱՅ ՁԱՅՆ-ի տեսանյութում


 

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Լրահոս

Նմանատիպ նորություններ