Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի հզոր երգ մը, որ հայրենիքը ինձի պես արարած մը ծնած ըլլալու գոնե չզղջա:
Դանիել Վարուժան

Ավետիք Իսահակյան - Հաղթանակի օրը

am
avetiq-isahakyan---mer-soure-paqov-drecinq-patyan

Մեր սուրը փառքով դրեցինք պատյան, -
Մեծ հաղթանակի օրն է ցնծալից.
Պարտվեց մահաշունչ ոսոխը դաժան,
Երգեր են հորդում զվարթ սրտերից:
Հոծ փողոցներում աղմուկ ու շառաչ,
Հոսում են մարդիկ ծափով, ծիծաղով,
Մի մարդ սեղան է բացել տան առաջ,
Լցրել թասերը ոսկեփայլ գինով:
Եվ անցորդներին կանչում է, խնդրում, -
Եղբայրնե˜ր, որդուս կենացը խմե՛նք.
Հերոս է որդիս, հաղթեց թշնամուն,
Ձեր որդիների կենացն էլ խմենք:
Խմում են խինդով, ցնծում երջանիկ,
Եվ զարկում նորից գավաթներն իրար:
Նրանց մեջ մի հայր ասում է մեղմիկ, -
Է՛ս էլ իմ որդուս հանգստյան համար:
Գլխարկներն իսկույն հանում են նրանք,
Խոր ակնածանքով լռում են մի պահ.
Խմում են անձայն զոհվածի համար
Եվ հեղում գինին սուրբ հացի վրա:

Լրահոս

Ամենաընթերցվածը