Ով պատմություն ունի չի կարող ետ չնայել: Առողջ աչքով ես տեսնում եմ, իսկ կույր աչքով միշտ երազում։
Պարույր Սևակ

Այլակարծության նկատմամբ խիստ անհանդուրժողականություն է, խոսքի ազատության ոլորտում բարելավում չկա. Սաթիկ Սեյրանյան

aylakarcoutyan-nkatmamb-xist-anhandourjoxakanoutyoun-e--xosqi-azatoutyan-olortoum-barelavoum-cka-satik-seyranyan

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը:

-Այսօր՝ մայիսի 3-ին նշվում է Մամուլի ազատության միջազգային օրը: Հայաստանում ի՞նչ իրավիճակ ունենք այս առումով: Ըստ միջազգային և տեղական որոշ կազմակերպությունների գնահատականների՝ իշխանափոխությունից հետո բարելավում կա. ի՞նչ կասեք դուք:

-Խոսքի ազատության առումով, առանձնապես մեծ բան չի փոխվել մեր երկրում, և բոլոր այն լրատվամիջոցները, որոնք մշտապես կարողացել են ազատ արտահայտվել, նույն կերպ էլ շարունակում են: Այնպես որ, իշխանություններները որևէ հաջողություն չեն կարող իրենց վերագրել այս հարցում: Նույն՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի սեփականություն հանդիսացող լրատվամիջոցը (իմա՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը), որքանով ինձ հայտնի է, նույնիսկ մինչև իրենց իշխանության գալը կարողացել է արտահայտել իր բոլոր տեսակետները, հրապարակել է այն, ինչ ցանկացել է: Ես չեմ հիշում, որ նախկին իշխանությունների հետ ինչ-որ կոնֆլիկտային կամ սուր իրավիճակներ ունեցած լինեն: Այլ բան է, որ հոդվածի առիթով դատի են տալիս լրատվամիջոցին: Դա նորմալ, բնական երևույթ է, այսօր էլ կա, նախկինում էլ կար:

Այլ հարց է, որ բոլոր իշխանությունների ժամանակ մամուլը տվյալ իշխանությանը բնորոշ ինչ-որ խնդիրների առաջ է կանգնում, և հիմա այդ խնդիրներն ավելացել են: Դրա մասին են վկայում նաև այսօրվա իշխանությունների կողմից տարբեր առիթներով հնչող ելույթները կամ գրառումները սոցիալական ցանցերում: Եվ ինձ համար ոչինչ չասող են այսօրվա իշխանությունների կամ կոնկրետ նախկին լրագրող-վարչապետի որևէ հայտարարությունը, թե աննախադեպ իրավիճակ է մամուլում: Ինձ համար կարևորն այն է, թե ինչպե՞ս են գնահատում իրավիճակը լրագրողները և լրատվամիջոցները, որոնք ամեն օր մեդիաարտադրանք են տալիս:

Ինձ համար ոչինչ չեն նշանակում նաև խոսքի ազատության վերաբերյալ չափիչ զեկույցները: Վերջերս ականատես եղանք «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից հրապարակված զեկույցին: Ես չգիտեմ, թե ի՞նչ մեթոդաբանությամբ է այդտեղ չափվել խոսքի ազատությունը և քանի՞ նիշով է բարելավվել իրավիճակը Հայաստանում, բայց ինձ համար հասկանալի է, որ այդ եզրահանգումներն արվել են հայաստանյան որոշակի մեդիակազմակերպությունների կողմից միջազգային կազմակերպությանը ներկայացված զեկույցների կամ հաղորդագրությունների հիման վրա: Իսկ այդ մեդիակազմակերպությունները հրապարակավ հայտարարել են, որ հանդես են գալիս որպես նոր իշխանությունների կամ հեղափոխության սատարողներ:

Այդ զեկույցները ոչինչ չեն նշանակում, եթե հաշվի չեն առնվում լրատվամիջոցների, խմբագիրների, առանձին լրագրողների բարձրաձայնած խնդիրները, եթե հաշվի չի առնվում այն աննախադեպ երևույթը, որ իրավապահները գործողություններ էին կատարում մի շարք լրատվամիջոցների խմբագրություններում, եթե հաշվի չեն առնվում իշխանական ուժերի կողմից ուղղորդվող ֆեյքային հարձակումները լրատվամիջոցների վրա և այլն:

-Այսինքն, ունենք մի իրականություն, երբ մեդիակազմակերպությունները պնդում են, թե մամուլի ազատության ոլորտում բարելավում կա և վկայակոչում են որոշ զեկույցներ, իսկ իրականում լրատվամիջոցների խնդիրները չեն բարձրաձայնվո՞ւմ, չեն արձանագրվո՞ւմ:

-Դե, իրենք բարձրաձայնում են, ես չեմ ուզում որևէ կազմակերպության մասին խոսել, դա իրենց գործն է: Ինձ համար ամենակարևորն այն է, թե լրատվամիջոցներն ինչ են մտածում խոսքի ազատության մասին: Ես իմ գործունեության ընթացքում համոզվել եմ, որ շատ կազմակերպություններ և մասնագետներ իրենց գրասենյակներում նստած մեդիայի խնդիրների մասին են խոսում, այնինչ որևէ մեկն ամբողջությամբ չի պատկերացնում լրատվամիջոցների խնդիրները և չի փորձում լուծել: Ինչ-որ զեկույցներ են ներկայացնում, դրամաշնորհներ ստանում, բայց մեդիաները մնում են իրենց խնդիրներով, և յուրաքանչյուրը փորձում է ինքնորույն հաղթահարել այդ խնդիրները: Այնպես որ, կրկնում եմ, ինձ համար ամենակարևորը խմբագիրների և լրագրողների գնահատականն է խոսքի ազատության վերաբերյալ:

-Այս պահին ինչպիսի՞ն է այդ գնահատականը:

-Խնդիրները շատ են , հպանցիկ հնարավոր չէ ասել: Բայց կարող եմ նշել, որ կա այլակարծության, քննադատական մտքի վերաբերյալ խիստ անհանդուրժողականություն: Տոտալ հարձակում է իրականացվում մեդիաների կամ առանձին լրագրողների նկատմամբ: Եթե հիշում եք, դեռ ամսիներ առաջ սկսեցին սև ցուցակներ շրջանառվել, նույնիսկ ցուցակ էր կազմել, թե ո՞ր լրատվամիջոցից օգտվել, որից ոչ, և այլն:

Սակայն նշեմ, որ մեր լրագրողները և լրատվամիջոցներն առաջին անգամը չէ, որ կարողանում են նման խնդիրները հաղթահարել, բարեխիղճ են աշխատում և ծանր աշխատանք են կատարում:

-Հաճախ ենք հայտարարություններ լսում, թե աննախադեպ իրավիճակ է ԶԼՄ-ներ-պետական կառույցներ համագործակցության դաշտում, պետական կառուցները սկսել են առավել թափանցիկ աշխատել: Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը:

-Որևէ թափանցիկություն չկա: Կարծես՝ բոլոր խոսնակների մոտ ինքնապատասխանիչ ռոբոտն է միացած, որևէ մեկը չի տիրապետում իր ոլորտին՝ ո՛չ ղեկավարը, ո՛չ մամուլի խոսնակը: Լրագրողների հարցումներին ինչ-որ լղոզված պատասխաններ են ուղարկում, և լրատվամիջոցների համար դժվարացել է նրանց հետ աշխատանքը:

Լրագրողները պետք է օրերով սպասեն, որ ոչինչ չասող մի քանի տողանոց պատասխան ստանան պետական պաշտոնյայից կամ իր խոսնակից: Պատճառն այն է, որ նրանք չեն տիրապետում ոլորտին, պրոֆեսիոնալ չեն, չունեն ինստիտուցիոնալ հիշողություն: Տպավորություն է, որ իրենցից առաջ ոչինչ չի եղել Հայաստանում:

-Իսկ պնդումը, որ վարչապետը 4 ժամանոց ասուլիս է տալիս, 70 հարցի է պատասխանում...

-Փաշինյանը կարող է 8 ժամանոց հարցազրույց էլ տա, բայց դրա մեջ բովանդակություն կա՞, թե՞ չկա, սա է հարցը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ