Այս պահի դրությամբ կրակոցների բացակայությունն օպերատիվ կապի արդյունք է. Գենշտաբի պետ

am
ays-pahi-droutyamb-krakocneri-bacakayoutyounn-operativ-kapi-ardyounq-e-genstabi-pet

Վերջին 2 օրերի ընթացքում հակառակորդի կողմից կրակոցների քանակը կտրուկ նվազել է, առանձին հատվածներում կրակոցներ ընդհանրապես չեն հնչել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում առկա լարվածությանը:

ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խոսքով՝ արցախա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար միջադեպեր գրանցվում են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցին՝ հայկական կողմից ինչ պատասխան է լինում այս միջադեպերին, Դավթյանը նշեց. «Ոչ պակաս, քան համարժեք»։

Դիտարկմանը, որ նախկինում արցախա–ադրբեջանական շփման գծում էին նման միջադեպեր գրանցվում, վերջին շրջանում նաև հայ-ադրբեջանական սահմանին, Արտակ Դավթյանն ասաց, որ արցախյան հատվածում արցախյան կողմը մշտապես հանդես է գալիս հայտարարություններով, թվերով ներկայացնում է իրավիճակը, հայ-ադրբեջանական շփման գծում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են: «Հայ-ադրբեջանական հատվածում պարբերաբար նման միջադեպեր գրանցվում են, պարզապես այդ միջադեպերից զոհեր, վիրավորներ չէին լինում, դրա համար արձագանքը, որպես այդպիսին, չէր լինում: Ցավոք սրտի ունեցանք զոհ ու վիրավոր, դրա համար էլ արձագանքը եղավ լայն հանրության կողմից»,- ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը։

ԳՇ պետը շեշտեց, որ շփման գծում ամեն կողմ ունի իր նպատակները, խնդիրները: «Լարվածություն պարբերաբար մենք ունեցել ենք հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի, Գեղարքունիքի մարզերի հատվածում, Նախիջևանի ուղղությամբ, ամսվա ընթացքում 1-2 դեպք ունենում ենք լարվածության աճ, որից հետո ունենում ենք նվազում կամ կրակոցների դադարում: Պետք է հասկանանք, որ շփման գիծն օրգանիզմ կամ մեխանիզմ է, որը մշտապես գործում է, այնպես չէ, որ ամեն ինչ հանգիստ է և ամեն ինչ ստացվում է փափուկ, այնպես ինչպես մենք ենք ցանկանում:  Երկկողմանի գործընթացներ են, ամեն կողմ ունի իր նպատակները, խնդիրները և ցանկանում են ամրապնդել իրենց դիրքերը՝ թույլ չտալով հակառակորդին ամրապնդել իր դիրքերը»,- ասաց Դավթյանը։

Հարցին՝ այս դեպքում հաստատված օպերատիվ կապից օգտվել են, ԶՈՒ-երի գլխավոր շտաբի պետը դրական պատասխան տվեց: «Օպերատիվ կապն օգտագործվում է ըստ անհրաժեշտության, յուրաքանչյուր դեպքում, երբ լարվածության աճ է լինում, իհարկե կապվում ենք, կոնկրետ այս պահի դրությամբ կրակոցների բացակայությունն օպերատիվ կապի արդյունք է»,- շեշտեց Դավթյանը։

Լրահոս

Նմանատիպ նորություններ