Այսօր Արցախի անվտանգության ու փաստացի գոյության հարցն ավելի կարևոր է, քան ճանաչումը․ Դավիթ Բաբայան (տեսանյութ)

aysor-arcaxi-anvtangoutyan-ou-pastaci-goyoutyan-harcn-aveli-kareor-e--qan-janacman-davit-babayan-tesanyout

«Մենք միշտ պետք է զգոն լինենք և չկտրվենք իրավիճակից»,- այս մասին ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Արցախյան հարցին և հավանական պատերազմի վերսկսմանը։

«Մի կողմից Ադրբեջանը զինադադարի ռեժիմի խախտումները նվազեցրել է, մյուս կողմից՝ 2018 թվականին զինտեխնիկայի, մարդկային ռեսուրսի ներգրավմամբ ամենահագեցած զորավարժություններն են անցկացվել երկրում։ Եվ դեռ 2019 թվականի 4-րդ ամիսն է, իսկ ադրբեջանական բանակն արդեն երկու խոշոր զորավարժությունների է մասնակցել։ Այս ամենը կրկին ցույց է տալիս, թե ով է հակառակորդը... Ալիևը, իր կինը, պետական տարբեր այրեր, մանկապարտեզների սաներ, բոլորը խոսում են հայատյացության մասին: Այս ամենը մոռանալ չի կարելի և շատ վտանգավոր է»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։

Բաբայանը նաև նշեց, որ մենք երբևիցե չպետք է կտրվենք իրականությունից և մտածենք, որ պատերազմ չի լինելու․ «Ամեն վայրկյան կարող է պատերազմ լինել, բայց հավանականության խնդիր կա․ մենք որքան ուժեղ լինենք, համախմբված և ճիշտ աշխարհաքաղաքականություն վարենք, այնքան պատերազմի վերսկսման հավանականությունը կնվազի»։

Անդրադառնալով բանակցային գործընթացում այսօր առկա դրական տեղաշարժին՝ պարոն Բաբայանը նշեց․ «Դրական կարելի է համարել այն, որ ավելի համառորեն և հաճախակի են խոսում Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու մասին։ Մենք ժամանակին ողջունել ենք Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունների այդ դիրքորոշումը, բայց միաժամանակ նշել ենք, որ սա շատ բարդ, աշխատատար ու ժամանակատար գործընթաց է, քանի որ լավ ենք ճանաչում Ադրբեջանին։ Բարեբախտաբար, Արցախն այդ բարդույթից վաղուց ձերբազատվել է՝ մասնակից ենք մենք բանակցային գործընթացին, թե՝ ոչ։ Իհարկե, սա կարևոր է հանգուցալուծման համար, բայց սա մեզ համար չպետք է դառնա բարդույթ կամ ֆիքսված ինչ-որ մի գաղափար։ Կամ նույնիսկ միջազգային հանրության կողմից ճանաչված ենք, թե ճանաչված չենք: Իհարկե լավ կլինի, որ ճանաչված լինենք, բայց այս ամենը շատ ավելի երկրորդական է, քան մեր անվտանգտության ապահովումը կամ Արցախի փաստացի գոյությունն ու մեր Հայոց պետականության ամրապնդումը»։

Լրահոս

Նմանատիպ նորություններ