Այսօր ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի ծննդյան օրն է

am en es ru
aysor-jartarapet-aleqsandr-tamanyani-cnndyan-orn-e

Նա տեսել է արևային մի քաղաք...

Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած

Արևային ժամացույց՝ քարտեզն ահա քաղաքի,

Պողոտաներ, փողոցներ՝ բոլորաձիգ երկարած,

Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին։

 

Եղիշե Չարենց

 

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878թ․-ի մարտի 4-ին Եկատերինոդար քաղաքում (այսօր՝ Կրասնոդար), Հովհաննես Միրոնովիչի ընտանիքի չորրորդ զավակն է։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ռեալական վարժարանում, ապա ուսումը շարունակել է Պետերբուբգի գեղարվեստի ակադեմիայի բարձրագույն գեղարվեստական ուսումնարանի ճարտարապետական բաժանմունքում, որն ավարտել է 1904թ․-ին և ստացել նկարիչ-ճարտարապետի որակավորում։

Թամանյանի առաջին գործը Ս․ Պետերբուրգի հայոց Սուրբ Կատարինե եկեղեցու վերականգնումն էր, որից հաջորդեցին Պետերբուրգում, Ցարսկոյե Սելոյում (ք. Պուշկին), Յարոսլավլի և Օրյոլի նահանգներում շենքերի նախագծումը։

Թամանյանական լուծումներով են կառուցված Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում, Շչերբատովի տունը Մոսկվայում, Մոսկվա-Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը Պրոգորովկայում և այլ ինքնատիպ գործեր։ Անիի պեղումների ղեկավար կովկասագետ Նիկոլայ Մառի պատվերով Թամանյանը 1908 թ․-ին ստեղծեց միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքում թանգարանի նախագծային տարբերակ: Այս նույն թվականին ամուսնացել է Կամիլլա Թամանյանի հետ։

1917 թ․-ին Ալեքսանդր Թամանյանը եղել է Պետրոգրադի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահը, այդ պաշտոնում մնացել է 2 տարի, իսկ 1919 թ․-ին տեղափոխվել է Երևան, ապա 1921 թ․-ին՝ Իրան:

1923 թ․-ին Թամանյանը հրավիրվել է Հայաստան և նշանակվել ժողկոմխորհի գերագույն տեխնիկական բաժնի նախագահ, ապա պետ-պլանի նախագահի տեղակալ։ Նա եղել է նաև ժողկոմխորհին կից Պատմական հուշարձանների պահպանության կոմիտեի ղեկավարը, Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերության նախագահը։Մտահոգված լինելով բարձրորակ մասնագետներ պատրաստելու հարցով՝ նա ճարտարապետական նախագծման դասեր է տվել ԵՊՀ տեխնիկական ֆակուլտետում: Արդեն Փետրվարյան ապստամբությունից հետո Թամանյանը անցավ Իրան, հաստատվեց Թավրիզում, որտեղ Հակոբ Կոջոյանի հետ միասին բացեց գեղարվեստական ստուդիա:

Ալեքսանդր Թամանյանի ճարտարապետական առաջին աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն էր, որը հաստատվել է 1924թ․-ին։ յս հատակագիծը Երևանի հետագա բոլոր գլխավոր հատակագծերի հիմքն է և հատկանշում է Թամանյանի քաղաքաշինական ու ճարտարապետական լուծումների կենսունակությունը։ 1934 թ․-ին Թամանյանը սկսել է նախագծել «Մեծ Երևանի» հատակագիծը, քանի որ նախորդ հատակագիծը կազմվել էր 150000 բնակչի համար, իսկ երևանաբնակները շատանում էին, ուստի այս անգամ նախագծվում էր 500000 հոգու համար, սակայն այս հատակագիծը մնաց անավարտ: Այս տարիներին Թամանյանը նախագծել է նաև Գյումրու, Էջմիածնի, Ստեփանակերտի և այլ բնակավայրերի հատակագծերը, որոնցից ոչ բոլորն են կյանքի կոչվել։ 1926թ.-ին Թամանյանն արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական ճարտարապետի կոչման: Թամանյանական նախագծով է կառուցվել Կառավարական տունը, որի համար վերջինս 1942թ.-ին հետմահու արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: Նրա ձեռքով նախագծված Երևանի օպերայի և բալետի թատրոնի նախագիծը Փարիզի 1937թ.-ի համաշխարհային ցուցահանդեսում արժանացել է Մեծ ոսկե մեդալի:

Թամանյանի անունով Երևանում կոչվել է փողոց՝ հուշարձանով, շինարարական տեխնիկումը, Հայաստանի ճարտարապետների միության տունը, թանգարան- ինստիտուտը, 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան։ 2001 թ․-ին սահմանվել է Թամանյանի անվան ոսկե մեդալ։ ՀՀ կառավարության որոշմամբ 2002թ․-ին ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը։ Նրա մասին գրվել են բազմաթիվ պոեմներ։

Ալեքսանդր Թամանյանը կյանքից հեռացել է 1936թ.-ի փետրվարի 20-ին Երևան քաղաքում և թաղվել Երևանի քաղաքային պանթեոնում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ