Այսօր լրանում է արևմտահայ մեծանուն երգիծաբան Երվանդ Օտյանի ծննդյան 150-ամյակը

Այսօր լրանում է արևմտահայ մեծանուն երգիծաբան, արձակագիր Երվանդ Օտյանի ծննդյան 150-ամյակը:
Երվանդ Օտյանը ծնվել է 1869 թ. սեպտեմբերի 19-ին Պոլսում։ : Գրաճանաչ է դարձել հորաքրոջ՝ Եվփիմե Օտյանի օգնությամբ, իսկ 1882 թ. ընդունվել է Կ․ Պոլսի Պերպերյան վարժարան, այնտեղ սովորել մեկուկես տարի, ապա ուսումը շարունակել տանը՝ հրավիրյալ մանկավարժների հետ։ Օտյանը մեծացել է հորեղբոր՝ պետական և հասարակական հայտնի գործիչ Գրիգոր Օտյանի տանը: Ապագա գրողը մանուկ հասակից լեզուներ է սովորել, հայերենով ու ֆրանսերենով գրքեր ընթերցել:
Օտյանը գրական ասպարեզ է մտել 1880-ական թվականների վերջերին՝ թարգմանություններով և պատմաբանասիրական հետազոտություններով: 1892 թ-ին «Հայրենիք» օրաթերթի խմբագիր Արփիար Արփիարյանի հրավերով ստանձնել է թերթի օգնական-խմբագրի, իսկ 1896 թ-ին՝ խմբագրի պաշտոնը:
Ստեղծագործության առաջին շրջանի (1889–95 թթ.) քրոնիկ-ֆելիետոններում, պատմվածքներում ու նորավեպերում («Սիրո նահատակ», 1892 թ., «Վաշխառուն», 1893 թ., «Կաղանդի վիպակ», 1895 թ., և այլն) Օտյանը ներկայացրել է սոցիալապես անապահով խավի ծանր կացությունը, աշխատավորների շահագործումը, քննադատել բարոյական չարիքները: Օտյանի քրոնիկներն ընդգրկում են կյանքի բոլոր ոլորտները, ծաղրում և ձաղկում ոսկու ուժով դիրք ու պատիվ ձեռք բերած կեղեքիչ, չարագործ, բութ արարածներին, որոնք «ամենքն ալ բարերար, ամենքն ալ մեկենաս, ամենքն ալ ազնվասիրտ ու ամենքն ալ իմաստուն» են հռչակվում:
1896 թ-ին Պոլսում սկսված հալածանքների պատճառով գրողը մեկնել է Հունաստան, 1897 թ-ին հաստատվել է Եգիպտոսում: Տարագրության 12 տարիները՝ մինչև 1908 թ-ը, գրողի ստեղծագործության երկրորդ շրջանն է. նա խմբագրել է «Ազատ խոսք» (1901–08 թթ.), «Ազատ բեմ» (1903–06 թթ.), «Օրենք» (1905 թ.), «Կրակ» (1905 թ.) և այլ պարբերականներ, ստեղծել տասնյակ բարձրարժեք գործեր՝ «Լևոն թագավորի սուրը» (1898 թ.), «Համբարձում աղա» (1904 թ.), «Ոսկեմոլը» (1905 թ.) և այլ պատմվածքներ, «Հեղափոխության մակաբույծները» (1899 թ.) պատմվածաշարը, «Պրոպագանդիստը» (1901 թ.) երգիծավեպը, «Ազգային բարերարը» (1905 թ.), «Միքեի սիրարկածը» (1906 թ.) վիպակները, «Զավալլըն» (1905 թ.) վոդևիլը, «Ֆրանքո-թրքական պատերազմ կամ Չարշըլը Արթին աղա» (1906 թ., համահեղինակ՝ Միքայել Կյուրճյան) կատակերգությունը և այլն:
Գրական այս շրջանում Օտյանը հանդես է եկել գերազանցապես որպես քաղաքական երգիծաբան՝ սատիրայի վառ գույներով նկարագրելով քաղաքական, կուսակցական «գործիչների» դիմակ հագած, կեղծիքի ու խաբեության «ասպետների» ոչ միայն ծիծաղելի, այլև հույժ վնասաբեր շահատակությունները: Նրբորեն է հյուսված Սահակ էֆենդու կերպարը («Ազգային բարերարը»), որը չի զլանում ուրիշների դառն աշխատանքով դիզած իր հարստությունից «մեծահոգաբար» չնչին ողորմություն նետել եկեղեցուն, աղքատախնամին և հռչակվել «ազգային բարերար»:
1909 թ-ին Օտյանը վերադարձել է հայրենի Պոլիս: Գործունեության երրորդ շրջանում (1909–15 թթ.) խմբագրել և հրատարակել է «Խարազան», «Հայրենիք», «Արևելք», «Կառափնատ» և այլ պարբերականներ, գրել «Ընկ. Բ. Փանջունի» (1909–14 թթ., եռամաս) և այլ վեպեր, մի շարք վիպակներ, գրական-հրապարակախոսական հոդվածներ, ֆելիետոններ, կատարել թարգմանություններ, հրատարակել «Մեր երեսփոխանները» (1913 թ.) երգիծական դիմանկարների շարքը:
«Ընկ. Բ. Փանջունի» վեպը քաղաքական սատիրայի գլուխգործոց է, որի մասին Օտյանն ասել է. «Իրական դեմք մը չէ Փանջունին, այլ տեսակ մը ընդհանուր տիպար է, խտացումը այն օրերու «հեղափոխական տիպարներու»: Փանջունու օրինակով նա անխնա ծաղրում ու ծանակում է ազգային այն գործիչներին, որոնք խոսքով «հեղափոխական» են, «ազգային հերոս», մինչդեռ իրականում ոտնահարում, արատավորում են ամեն մի սուրբ գաղափար՝ դառնալով հասարակական չարիք:
Հայ ռեալիստական գրականության բացառիկ արժեքավոր էջերից են Օտյանի սոցիալական երգիծավեպերը՝ «Միջնորդ տեր պապան» (1895–1920 թթ.), «Ընտանիք, պատիվ, բարոյական» (1910 թ.), «Վաճառականի մը նամակները» (1910 թ.), «Թաղականին կնիկը» (1915 թ.) և այլն, որտեղ հասարակական ոչ մի խավ, սոցիալական ոչ մի երևույթ, ընտանեկան, կենցաղային ու բարոյական ոչ մի ոլորտ դուրս չի մնացել երգիծաբանի տեսադաշտից:
1915 թ-ի Մեծ եղեռնի ժամանակ Օտյանին հաջողվել է ազատվել աղետից, սակայն օգոստոսի վերջերին ձերբակալվել ու աքսորվել է արաբական անապատներ: Օտյանը Դեյր էզ Զորում մնացել է մինչև 1918 թ.: Նրան փրկել է դիպվածը. ազգությունը թաքցրած հայ վարորդը տարագրյալ հայերի մեջ ճանաչել է Օտյանին՝ Համայի վարժարանի (Սիրիայում. այստեղ Օտյանը դասավանդել է 1916 թ-ի վերջերից մինչև 1917 թ-ի ապրիլը) իր ուսուցչին, գաղտնի դուրս է բերել և տարել մի ապահով վայր: 1918 թ-ի զինադադարից հետո Օտյանը վերադարձել է Կոստանդնուպոլիս, սակայն 1922 թ-ին նորից հեռացել է այնտեղից, մեկնել Բուխարեստ, 1924 թ-ին տեղափոխվել Սիրիա, ապա՝ Կահիրե:
Ստեղծագործական վերջին շրջանում (1918–26 թթ.) Օտյանն ակտիվորեն աջակցել է Հովհաննես Թումանյանի հասարակական գործունեությանը Կոստանդնուպոլսում, զբաղվել հայ որբերի ճակատագրով: Միաժամանակ հիմնել և խմբագրել է մի շարք պարբերականներ և երգիծաթերթեր, գրել է 8 վեպ, բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, ֆելիետոններ, պարսավագրեր:
Օտյանը մահացել է 1926 թվականին Կահիրեում:
Արժեքավոր են Օտյանի թարգմանությունները Լև Տոլստոյի, Ֆեոդոր Դոստոևսկու, Մաքսիմ Գորկու, Էմիլ Զոլայի, Մարկ Տվենի և ուրիշների գործերից:
Օտյանի ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, բուլղարերեն, հունարեն, թուրքերեն, ալբաներեն և այլ լեզուներով:
Օտյանի պիեսները բազմիցս բեմադրվել են Հայաստանի և Սփյուռքի թատրոններում, նաև հեռուստաթատրոնում: «Ընկ. Բ. Փանջունի» վեպի հիման վրա նկարահանվել է «Ընկեր Փանջունի» (1992 թ., ռեժիսոր՝ Արման Մանարյան), «Կեղծ լրտեսը» պատմվածքի մոտիվներով՝ նույնանուն (1966 թ., ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան, երկուսն էլ՝ Հայֆիլմ) կինոնկարները:
Երվանդ Օտյանի անունով Երևանում կոչվել է փողոց, Էջմիածնում` դպրոց:
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում NEW 26 MINUTES AGO
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ