Քո ցավը` Հայրենի'ք, Կրակե շապիկ է. Հագնում եմ` վառում է, Հանում եմ` մեռնում եմ...

ՎԱՐԴԳԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Այսօր մեծանուն ազգային գործիչ Մկրտիչ Փորթուգալյանի ծննդյան օրն է

am ru
aysor-mecanoun-azgayin-gorcic-mkrtic-portougalyani-cnndyan-orn-e

Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադիրներից, հայտնի ազգային գործիչ, լուսավորիչ Մկրտիչ Փորթուգալյանը ծնվել է 1848թ.-ի հոկտեմբերի 21-ին, Կ.Պոլսի Գում Գափու թաղամասում:

Փորթուգալյանը հայ ազգային-ազատագրական շարժման առաջին ռահվիրաններից է, ով որպես ուսուցիչ ազատատենչության գաղափարներ է սերմանել նոր սերնդի մեջ, մղել ինքնապաշտպանության, իր հեղինակած «Արմենիա» թերթով դարձել ազատագրական շարժման դրոշակակիրը։

Մկրտիչ Փորթուգալյանը նախնական կթությունը ստացել է հայրենի քաղաքում, հաճախել է տեղի Մայր վարժարանը։ 1862-ին ընդունվում է Սամաթիայի Սուրբ Սահակյան դպրոց, որն ավարտելուց հետո սկսում է ուսուցչական գործունեություն ծավալել: Հիմնում է հրատարակչական ընկերություն, ծավալում է նաև թարգմանչական գործունեություն։

Իբրեւ ուսուցիչ մեկնում է Եվդոկիա, տեղի վարժարանում ուսուցչությամբ զբաղվում: Սակայն տեղի ունևոր հայությունը կողմ չէր Փորթուգալյանի ծավալած լուսավորական գործունեությանը և սկսում է հալածել վերջինիս: Թեեւ Խրիմյան Հայրիկն իր հովանավորության տակ էր առել նրան, սակայն ճնշումը շատ ուժեղ էր, և Փորթուգալյանը մեկնում է Պոլիս։

Հայրենանվեր գործիչը պարբերաբար հալածանքների էր ենթարկվում իր լուսավորչական ու ազատամիտ գործունեության պատճառով:

Փորթուգալյանը շուտով ստանձնում է «Ասիա» թերթի խմբագրությունը, սկսում բուռն պայքար մղել հայ պահպանողականության դեմ, սակայն մի շարք պահպանողական հայերի պահանջով թերթը կարճ ժամանակ անց փակվում է։

Փորթուգալյանը մեկնում է Թիֆլիս, այնտեղ մտերմանում «Մշակ»-ի խմբագիր Գրիգոր Արծրունու հետ, ապա որոշում կայացնում հաստատվել Վանում: 1870-ականների վերջին աշխատանքի է անցնում Վանի Վարժապետանոցում:

Ռուս-թրքական պատերազմին եւ Բեռլինի համաձայնագրին հետեւող եռուն ժամանակաշրջանում Փորթուգալյանը սկսում է երիտասարդության շրջանում տարածել ազգային-ազատագրական պայքարի վերաբերյալ իր գաղափարները: Սակայն Վարժապետանոցը փակվում է, բայց Փորթուգալյանը ձեռնամուխ է լինում Վանի Կեդրոնական վարժարանի հիմնմանը: Այս շրջանում է, որ Օսմանյան կառավարությունը երկրից աքսորում է Փորթուգալյանին, վերջինս հաստատվում է Մարսելում: Այստեղ 1885թ.-ին հիմնում է «Արմենիա» թերթը, որի գաղափարական հենքի վրա էլ կազմավորվում է «Արմենական» կուսակցությունը: Կուսակցության գաղափարական գործունեությանն էլ իր թերթն ու գրիչն է ծառայեցնում Փորթուգալյանը։ Թերթը եվրոպական միջավայրում հայ ազատագրական պայքարի գաղափարախոսությունը տարածելով, Եվրոպայի հայության և եվրոպական հասարակությունները միմյանց կամրջելով, նոր մակարդակի բարձրացրեց հայ քաղաքական միտքը:

Փորթուգալյանը վախճանվել է Մարսելում, 1921թ.-ին: Մինչև կյանքի վերջին պահը անդադար աշխատել է «Արմենիա» թերթի վրա: Փորթուգալյանի աճյունն ամփոփված է Մարսելում:

Մկրտիչ Փորթուգալյանի գործունեությունը լավագույնս գնահատել է Ռուբեն Զարդարյանը՝ նշելով.

«Ես իմ պարտքս կատարեցի»։ «Մ. Փորթուգալեան կրնայ ըսել այդ խօսքը բարձրաճակատ ու համարձակ։

Նոր Հայաստան մը կայ այսօր ստեղծուած, որ աշխարհագրական եւ հողային տարածութիւն մը չէ, այլ գիտակցութիւն մը մեր ժողովուրդին մէջ.- Գիտակցութիւն իր ազգային ճակատագրին եւ ազգային իտէալին։

«Նոր Հայաստան մը, ինքնավստահ ու ազատատենչ, երէկի գետնամած, ոտնակոխ եւ արհամարհուած Հայաստանին տեղ, որ իր տեղը կը ջանայ գրաւել, մաքառումով ու ճիգով, ինչպէս սորվեցուցին իրեն իր պայքարի զաւակները, ոմանք փառքի ճամբուն վրայ, ուրիշներ բախտաւոր, ինչպէս ինքն է՝ ծերունի գործիչը, իրենց աչքերովն իսկ տեսնելու այսօրուան հունձքն իրենց գաղափարական սերմնացանին։

«Նախորդ սերունդի պայքարողները մեզի սորվեցուցին երազել ու մաքառիլ. մեզի տուին ազգային իտէալը։

«Մկրտիչ Փորթուգալեան առաջին գծին վրայ կը կանգնի թրքահայ հատընտիր պայքարողներու այդ սերունդին մէջ, որուն առջեւ ամէնքս, առանց մտածման ու գաղափարի տարբերութեան, պարտաւոր ենք երախտագիտութեամբ խոնարհիլ մեր գլուխը»։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ