Չկա ավելի ազնիվ հիվանդություն, քան կարոտը հայրենիքի նկատմամբ:
Համան

Ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը փորձի միակողմանի զիջումների գնալ, ես հիմքեր չեմ տեսնում չվստահելու նրան. Միքայել Զոլյան

banakcayin-gorcentace-erbee-ci-exel-aveli-tapancik--e-es-himqer-cem-tesnoum-cvstahelou-pasinyanin-miqayel-zolyan

ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի զրուցակիցն է Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Միքայել Զոլյանը:

- Փաշինյան-Ալիև դավոսյան հանդիպումից հետո հանրության շրջանում լարվածություն է առաջացել Արցախի խնդրի կարգավորման գործընթացի հետ կապված: Նույնիսկ լուրեր են շրջանառվում, որ հունիսին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնագիր են ստորագրելու, որով Հայաստանը տարածքներ է զիջելու: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկատվությունը:

-Շատ անհավանական եմ համարում բոլոր այն ենթադրությունները, թե իբր ինչ-որ պատրաստի փաստաթուղթ կա, որը պետք է ստորագրվի, և իբրև թե, Հայաստանը զիջումների է գնում: Այս ամենը, պարզապես, ապատեղեկատվություն է, որը տարբեր խաղացողներ ինչ-ինչ նպատակներով կարող են տարածել: Կարծում եմ՝ մենք պետք է հետևենք մեր վարչապետի և արտաքին գործերի նախարարության մեկնաբանություններին և չլսենք տարբեր խաղացողներին, որոնցից յուրաքանչյուրն իր շահն ունի: Նրանց չի հետաքրքրում՝ իրենց տարածած տեղեկատվությունն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ, նրանք իրենց շահն են հետապնդում:

-Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Արցախի հարցում որևէ քայլ չի պատրաստվում անել՝ առանց ժողովրդի հետ խոսելու, նաև վստահեցնում էր, որ նոր իշխանությունները թափանցիկ են աշխատելու: Սակայն այսօր տեսնում ենք, որ ՀՀ վարչապետը հանպատրաստից հանդիպումներ է ունենում Ադրբեջանի նախագահի հետ: Սա ինչի՞ մասին է վկայում:

- Կարծում եմ՝ բացառիկ երևույթ է, որ մեր վարչապետը նման հանդիպումներից հետո անմիջականորեն դիմում է քաղաքացիներին: Նման բան, ինչքան ես հիշում եմ, երբևէ չի եղել: Հայաստանի նախորդ ղեկավարները երբևէ նման հանդիպումներից հետո անմիջականորեն քաղաքացիներին չեն դիմել, և այս իմաստով, կարծում եմ, սա թափանցիկության այն մաքսիմալ աստիճանն է, որը հնարավոր է: Այսինքն, սրանից ավելի՝ բանակցային գործընթացը չի կարող թափանցիկ լինել, որովհետև այն ենթադրում է որոշակի գաղտնիություն: Այնպես որ, ըստ իս, Նիկոլ Փաշինյանն ապահովում է այն ամենաբարձր աստիճանի թափանցիկությունը, որն ընդհանրապես հնարավոր է նման գործընթացում և որևէ պատճառ չեմ տեսնում նրան չվստահելու:

-Դուք պնդո՞ւմ եք, որ Հայաստանի համար ոչ ձեռնտու որևէ պայմանավորվածություն չկա, Արցախի հարցում ստվերային գործընթացներ չեն ընթանում և իշխանություններն էլ չեն պատրաստվում հողեր հանձնել:

-Ես որևէ ապացույց կամ որևէ հիմք չեմ տեսնում նման խոսակցությունների համար: Նաև հիմք չեմ տեսնում չվստահելու Նիկոլ Փաշինյանին, որը շատ թափանցիկ կերպով, որքան որ հնարավոր է, ներկայացնում է, թե ի՞նչ է խոսել Ադրբեջանի նախագահի հետ: Կրկնում եմ՝ Հայաստանի որևէ ղեկավար այսպիսի թափանցիկությամբ երբևէ չի խոսել բանակցային գործընթացի մասին: Եվ ընդհանուր առմամբ, չեմ տեսնում նաև պատճառ, թե ինչո՞ւ պետք է «Իմ քայլը» կամ Նիկոլ Փաշինյանը փորձի միակողմանի զիջումների գնալ: Ընդհակառակը, նա բազմիցս հայտարարել է, որ միակողմանի զիջումներ ու գաղտնի համաձայնություններ չեն լինելու: Ինչո՞ւ պետք է մենք այդ սկզբունքներից հրաժարվենք և գնանք կասկածելի համաձայնությունների, չեմ հասկանում:

-Պարոն Փաշինյանը բազմիցս նշել է, որ Արցախը պետք է դառնա բանակցութունների կողմ, սակայն այս հարցով դեռևս հաջողություն չի գրանցվել: Ավելին՝ Արցախը, կարծես թե, այսօր ավելի մեկուսացված է գործընթացից, քան նախկինում էր: Ի՞նչ կասեք այս մասին:

-Ես համաձայն չեմ, որ հիմա Արցախն ավելի մեկուսացված է, քան նախկինում: Մյուս կողմից, չեմ կարծում, թե այսօր հակասություն կա Նիկոլ Փաշինյանի նշած սկզբունքների և նրա քայլերի մեջ: Վարչապետն ասել է, որ Արցախը պետք է անպայման վերադառնա բանակցային սեղան, պարզապես, դրան հասնելու համար պահանջվում է ժամանակ և ռեսուրս, դա մեկ օրվա կամ մեկ ամսվա լուծելիք խնդիր չէ:

Ըստ իս՝ այս գաղափարն արդեն դարձել է դիսկուրսի մաս, թեև դեռևս փորձագիտական և լրագրողական մակարդակով, բայց ոչ միայն Հայաստանում: Այս փուլի համար դա որոշակի հաջողույթւոն է, իսկ հետագայում պետք է աշխատենք Արցախի ամբողջական մասնակցությունն ապահովել:

Մի բան էլ կա. ասում են՝ Փաշինյանը նշել է, թե առանց Արցախի ինքը որևէ հանդիպման չի գնա, բայց նա այդպես չի ասել: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ հանդիպումների ժամանակ ինքը ներկայացնելու է միայն Հայաստանի դիրքորոշումը, քանի որ մանդատ ունի ՀՀ քաղաքացիների կողմից, որոնք իրեն ընտրել են: Մինչդեռ Արցախի Հանրապետության քաղաքացիների դիրքորոշումը կարող են ներկայացնել այն մարդիկ, ովքեր լիազորվել են Արցախի քաղաքացիների կողմից՝ համապատասխան ընտրական գործընթացի արդյունքում: Ես չեմ կարծում, թե այս դիրքորոշումից մենք շեղվել ենք: Ապագայում էլ ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր դիրքորոշումը հասցնենք միջազգային հանրությանը:

-Երեկ վարչապետը հայտնեց, որ զրուցել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ, այսօր էլ մեկնում է Մոսկվա, որտեղ, ամենայն հավանականությամբ, կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Արդյո՞ք, այս ամենը փոխկապակցված չէ Արցախի հարցի շուրջ տեղի ունեցող գործընթացներով՝ հաշվի առնելով, որ և՛ Միացյալ Նահանգները, և՛ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկրներ են:

-Եթե ես հիմա դիվանագիտական գործընթացների մանրամասների վերաբերյալ ինչ-որ մեկնաբանություն անեմ՝ ճիշտ չի լինի, որովհետև ի վերջո ես Ազգային ժողովն եմ ներկայացնում: Սակայն ինքս որևէ սկզբունքային խնդիր չեմ տեսնում այդ հեռախոսազրույցում կամ հանդիպման մեջ: Բնականաբար, թե՛ ԱՄՆ-ի և թե՛ Ռուսաստանի հետ քննարկումներում մենք ժամանակ առ ժամանակ պետք է մեր դիրքորոշումներն արտահայտենք և նրանց դիրքորոշումները լսենք: Միշտ էլ եղել են հեռախոսազանգեր, եղել են հանդիպումներ, և մտածել, որ եթե զանգ է եղել կամ Մոսկվա է գնում, ուրեմն, ինչ-որ բան է տեղի ունենում Արցախի շուրջ, ճիշտ չէ: Դա ինչ-որ մեկնաբանություն է, որը հնարավոր չէ ո՛չ ապացուցել, ո՛չ հերքել: Կարող եմ ասել, որ սա նորմալ գործընթաց է, և, բնականաբար, երկրի ղեկավարը պետք է ամբողջ ժամանակ շփման մեջ գտնվի աշխարհի կարևոր երկրների, մեր գործընկերների և դաշնակիցների հետ: Այստեղ խնդրահարույց որևէ բան ես չեմ տեսնում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ