Բաքու-Կարս. երազանքն իրականություն չի՞ դառնում

baqou-kars-erazanqn-irakanoutyoun-ci-darnoum

Ադրբեջանական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Բաքու-Կարս երկաթուղու Ախալքալակի հատվածում ստեղծվել է լարված իրավիճակ: Երկաթուղայինները գործադուլ են հայտարարել և բողոքում են ցածր աշխատավարձից, վճարումների պարբերական ուշացումներից: Բաքվի քարոզչամեքենան, իհարկե, հակված է ամեն ինչում «հայկական սադրանք» տեսնել և կատարվածը բացատրում է տեղաշրջանի հայ բնակչության շրջանում «Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից տարվող ապակայունացնող քայլերով»:

Իրականում, սակայն, ակնհայտ է, որ միլիարդավոր ներդրումներ պահանջած «դարի կառույցը» շարունակում է մնալ զուտ որպես քաղաքական նախագիծ և տնտեսական շոշափելի արդյունքներ չի տալիս: Դրանով էլ պայմանավորված է գիծն սպասարկող անձնակազմի ցածր վարձատրությունը: Բավական է ասել, որ շահագործումից ի վեր Բաքու-Կարս երկաթգծի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերել է միայն Ղազախստանը, այն էլ՝ դարձյալ քաղաքական նկատառումներով՝ որպես համերաշխություն թուրք-ադրբեջանական ծրագրին: Խոսակցություններն այն մասին, որ Բաքու-Կարսը կարող է դառնալ Չինաստանից դեպի Եվրոպա ապրանքաշրջանառության ամենակարճ և շահավետ ճանապարհը, մնում են բացառապես բարի ցանկությունների մակարդակում: Նման ծավալի բեռնափոխադրումներ իրականացնելու համար հարկ է Չինաստանից մինչև Բաքու ստեղծել նոր ենթակառուցվածքներ, մասնավորապես արդիականացնել Թուրքմենբաշի-Բաքու լաստանավային հաղորդակցությունը: Իսկ դրա համար հարկ է ներդնել միլիարդավոր դոլարներ: Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև Թուրքմենստանը նման ահռելի ծախսեր անելու ոչ մի մտադրություն չունեն: Ադրբեջանն ի զորու չէ սեփական միջոցներով իրականացնել թուրքմենական նավահանգիստն արդիականացնելու նախագիծը: Չնայած հայտարարվել է, բայց այդպես էլ չի մարմնավորվում Ղազախստան-Ադրբեջան լաստանավային հաղորդակցություն սկսելու ծրագիրը:

Ըստ երևույթին, Ղազախստանի նոր իշխանությունները դրանով այնքան էլ ոգևորված չեն: Բացի տնտեսական անհեռանկարայնությունից, նման նախագծերն ունեն նաև քաղաքական բաղադրիչ: Ներկայումս Չինաստանից Եվրոպա երկաթուղային բեռնափոծադրումների առյուծի բաժինն իրականացվում է Ռուսաստանի տարածքով: Ոչ ոք չի ցանկանում հանուն Ադրբեջանի հավակնությունների փչացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այս իրավիճակում թուրք-ադրբեջանական տանդեմին մնում է միայն քարոզչական ֆոն ձևավորել Բաքու-Կարս երկաթգծի շուրջ և շարունակել հուսալ, որ ինչ-որ ժամանակ այն կունենա տնտեսական նշանակություն: Գործնականում, սակայն, առայժմ խոսք է գնում Բաքու-Կարս ուղևորատար գնացք շահագործման դնելու հեռանկարի մասին: Այդ գաղափարը կարող է իրականություն դառնալ եկող տարվա ընթացքում: Բայց դրանից շատ քիչ բան կփոխվի: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը նպատակադրված էր երկաթուղային հաղորդակցություն հաստատել Եվրոպայի հետ, բայց ԵՄ-ի հետ բանակցությունները հայտնվել են գրեթե փակուղային իրավիճակում: Տեսանելի ապագայում Եվրամիությունն Ադրբեջանին չի խոստանում վիզային ռեժիմի ազատականացում: Այդ դեպքում որևէ իմաստ չունի երկաթուղային հաղորդակցություն հաստատել Եվրամիության հետ, քանի որ ուղևորափոխադրումների բավարար մակարդակ չի ապահովվի: Ստեղծված իրավիաճակում Ադրբեջանը շրջանառության է դրել նոր գաղափար՝ Նախիջևանի ապաշրջափակում: Խոսքը Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի կառուցման մասին է: Թուրքիան պաշտոնապես հավանության է արժանացրել այդ գաղափարը, բայց հարց է՝ Անկարան ֆինանսական միջոցներ կներդնի՞, թե նախագծի ամբողջ ծանրությունը կմնա Ադրբեջանի ուսերի՞ն:

Ըստ երևույթին, Թուրքիան չի պատրաստվում ներդրումներ անել մի նախագծում, որն այդ երկրին բացարձակապես ոչինչ չի տալիս: Իսկ Ադրբեջանը, որի տնտեսությունը վերջին մի քանի տարիներին չի կարողանում հաղթահարել համակարգային ճգնաժամը, ներկայումս ազատ միջոցներ չունի, որպեսզի սկսի Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի կառուցումը: Ավելի վաղ արված խոշոր ներդրումները փրկելու մտադրությունն Ադրբեջանին ստիպել է հաղթահարել տասնամյակների կասկածամտությունը և վերջապես Թուրքիայի քաղաքացիների համար վերացնել վիզային ռեժիմը: Սեպտեմբերի 1-ից Թուրքիայի քաղաքացիներն առանց մուտքի վիզայի Ադրբեջանում կունենան 30 օր մնալու իրավունք: Այդ քայլը կարող է մեծացնել Թուրքիայի քաղաքացիների հոսքը դեպի Ադրբեջան, այդ թվում՝ Կարս-Բաքու երկաթուղային ճանապարհով: Բայց մեծ, աշխարհաքաղաքական նշանակության նախագիծը կշարունակի մնալ որպես զուտ երազանք:

Լրահոս

Նմանատիպ նորություններ