Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Բաքուն հուսախաբվել է Վաշինգտոնից և ընտրում է Իրանը

baqoun-housaxabvel-e-vasingtonic-e-entroum-e-iranin

Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից Ադրբեջանը, հավանաբար, մեծ ակնկալիքներ չուներ: Համենայն դեպս, այդպես էին ներկայացնում փորձագետները և վերլուծաբանները: Փոխարենը կային ակնկալիքներ, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպմանը «լուրջ ճնշում կգործադրի»: Ադրբեջանում հեղինակավոր վերլուծաբանի համարում ունեցող, «Ատլաս» քաղաքագիտական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն նույնիսկ տպավորություն էր փոխանցում, որ արտաքին քաղաքականության մեջ Բաքուն «հստակորեն թեքվում է դեպի ԱՄՆ»:

Ընդսմին, նա համոզված էր, որ նախաձեռնությունը գալիս է Վաշինգտոնից և իբրև ապացույց վկայակոչում էր անցյալ ամիս Միացյալ Նահանգների նախագահի կողմից Իլհամ Ալիևին երկու անգամ ուղերձ հղելու հանգամանքը: Ադրբեջանական մամուլը նույնիսկ իրեն թույլ էր տվել քամահրական վերաբերմունքով խոսել Ռուսաստանի հասցեին՝ նկատել տալով, որ արևմտյան պատժամիջոցներն այնքան ցավալի են ազդել, որ Մոսկվան այլևս «չի կարող հարկավոր օժանդակություն ցույց տալ Հարավային Կովկասում իր արբանյակ երկրին՝ Հայաստանին»:

Խոսվում էր, որ Վաշինգտոնում կողմերին կներկայացվի ԼՂ կարգավորման «Բոլթոնի պլանը» և ակնարկվում էր, որ այն շահեկան է Ադրբեջանի համար, որովհետև կառուցված է «տարածքներ՝ պատերազմ չսկսելու երաշխիքների դիմաց» սկզբունքի վրա: Երևում է, Վաշինգտոնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը խորը հիասթափություն է ապրել, երբ Բոլթոնը ոչ միայն ԼՂ կարգավորման «իր պլանը» չի ներկայացրել, այլև շեշտը դրել է հակամարտության գոտում իրավիճակի կառավարելիությունը պահպանելու և նոր քայլերով ամրագրելու վրա: Դա լուրջ ազդակ է, որ ԱՄՆ-ը ԼՂ կարգավորման հարցում Ռուսաստանից նախաձեռնությունը վերցնելու և ինչ-որ համաձայնություններ պարտադրելու մտադրություն չունի: Վաշինգտոնում լիովին բավարարված կլինեին, եթե կողմերը հավատարիմ մնային հրադադարի ռեժիմը պահպանելու իրենց հանձնառությանը և շարունակեին քաղաքական քննարկումները: Բաքվում դա հասկացել են: Եվ ահա այս ֆոնին Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարում է, որ Թեհրանի մի շարք երկրների հետ քննարկում է ամերիկյան պատժամիջոցները թեթևացնելու քայլերի ծրագիր: Այդ երկրների շարքում նշվում է նաև Ադրբեջանը: Սա, անկասկած, կապ ունի Ադրբեջանի արտգործնախարարի վաշինգտոնյան հուսախաբության հետ:

Ըստ երևույթին, անցած օրերին իրանա-ադրբեջանական միջգերատեսչական քննարկումներ են ընթացել, և Բաքուն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Թեհրանին: Հակառակ պարագայում Իրանի արտգործնախարարը հավանական գործընկերների շարքում չէր տա նաև Ադրբեջանի անունը: Ուշագրավ է, որ նման հայտարարություն արվում է, երբ հայտնի է, որ մոտ ապագայում տեղի կունենա եռակողմ՝ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան գագաթաժողով: Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունների ֆոնին, այսպիսով, պաշտոնական Բաքուն կարծես թե բավական համարձակ քայլ է անում՝ թեքվելով Իրանի կողմը:

Ավելի վաղ, մինչդեռ, Ադրբեջանը սերտ համագործակցության մեջ էր Իսրայելի հետ: Անգամ տեղեկություններ էին տարածվել, որ իսրայելական հատուկ ծառայությունների համար Ադրբեջանում չափազանց հարմարավետ պայմաններ են ստեղծվել՝ Իրանի դեմ լրտեսություն իրականացնելու համար: Այդ պայմանավորվածությունները կարելի է չեղարկվա՞ծ համարել:

Բանն այն է, որ իսրայելա-ադրբեջանական համագործակցությամբ Բաքուն հետապնդում էր ԱՄՆ հրեական լոբբիի միջոցով ԼՂ հարցում Վաշինգտոնից հարկավոր աջակցություն ստանալու նպատակ: Ինչպես արդեն ասացինք, Ջոն Բոլթոնի հետ Էլմար Մամեդյարովի բանակցություններն ի դերև են հանել այդ հույսերը: Այս իրավիճակում Ադրբեջանին այլ բան չի մնում, քան «անառակ որդու» պես վերադառնալ տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների վերակարգավորմանը: Այս իմաստով, անշուշտ, Իրանը շահագրգռված է Ադրբեջանի հետ պայմանավորվածություններով, որոնք հնարավորություն կտան մեղմել տնտեսության վրա ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը:

Խնդիրն այն է, թե դրան ինչպե՞ս կարձագանքի ԱՄՆ-ն, որտեղ Թրամփի իշխանության գալուց հետո որոշակիորեն մեղմացրել են Ադրբեջանի քաղաքական համակարգի դեմ քննադատությունները: Մեծ է հավանականությունը, որ Վաշինգտոնը վերստին գործի կդնի ազդեցության միջոցները, որպեսզի Ադրբեջանում «նավակ ճոճվի»:

Եկող տարի Ադրբեջանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: Արևմտյան կառույցները խնդիր են դնում, որպեսզի դրանք լինեն իրականում ազատ և մրցակցային: Իրանի հետ ամերիկյան պատժամիջոցները մեղմելուն ուղղված պայմանավորվածության գնալով՝ Իլհամ Ալիևն ընտրում է արևմտյան ժողովրդավարության հետ բաց առճակատման ճանապարհը: Բայց նա, կարծես, այլ տարբերակ էլ չունի: ԼՂ հարցում Վաշինգտոնից ստացած հուսախաբությունն ստիպում է, որ Բաքուն տևական ժամանակով մոռանա «Բոլթոնի պլանով» շուտափույթ կարգավորման մասին և կենտրոնանա ներքին խնդիրների վրա:

Այս դեպքում ազդեցության իրանական լծակներն ավելի իրական են: Ալիևը, երևում է, երկյուղ ունի, որ հակառակ դեպքում Իրանը կգնա Ադրբեջանում իրավիճակի ապակայունացման, և իրեն ապահովագրում է: Բաքվում, թերևս, համոզված են, որ Վաշինգտոնի ձեռքը հազիվ թե հասնի իրենց, իսկ Իրանը միանգամայն իրական ուժ է:

Լրահոս

Նմանատիպ նորություններ