Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Բաքվում տագնապած են

baqvoum-tagnapac-en

Ի՞նչ է տեղի ունենում հայ-թուրքական հարաբերություններում՝ վերջին օրերին այս հարցադրումն են անում ադրբեջանական լրատվամիջոցները: Նրանք փաստում են, որ Թուրքիան արտոնել է հայկական «Լույս» հեռուստաընկերության հեռարձակումը երկրի ամբողջ տարածքում, մի իրողություն, որը նախկինում անպատկերացնելի էր: Ադրբեջանական լրատվամիջոցները լայնորեն անդրադառնում են Համահայկական խաղերի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակության՝ Թուրքիա կատարած այցին: Առանձնակի ուշադրության է առնվում փաստը, որ պատվիրակությունը Թուրքիա է մեկնել պատմության մեջ առաջին անգամ իրականացված՝ Երեւան-Վան ուղիղ չվերթով: Մի քանի տարի առաջ Երեւանի եւ Վանի միջեւ օդային կամուրջ հաստատելու նախաձեռնությունը վերջին պահին Ադրբեջանի պահանջով թուրքական կողմից մերժվել էր: Ներկայումս դա արդեն կատարված փաստ է, եւ հավանականությունը մեծ է, որ չվերթները կարող են դառնալ կանոնավոր: Բաքվում առանձնակի սուր հետաքրքրությամբ են արձանագրում Մուշում, Իգդիրում եւ Կարսում Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելությունը: Ճիշտ է, այդ քաղաքներում տեղական իշխանությունը ներկայացնում են էթնիկ քրդերը, բայց Ադրբեջանում կարծում են, որ եթե Թուրքիայի կառավարությունը դեմ լիներ, ապա հայկական պատվիրակության քայլերին խոչընդոտներ կգտնվեին: Մասնավորապես, թուրքական իշխանությունները չէին արտոնի, որ Համահայկական խաղերի ջահը վառվեր Մուսա լեռան վրա: Կամ կարգելեին բարձրացնել Հայաստանի եւ Արցախի պետական դրոշները, այցելել հայ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ Գեւորգ Չաուշի գերեզմանին կամ հիշատակման խորհրդանշական ակցիա կազմակերպել Սուլուխի կամրջի վրա:

Պարզվում է, Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակության՝ Թուրքիա կատարած այցը գտնվել է Ադրբեջանի համակ ուշադրության կենտրոնում: Այս առթիվ Բաքու-Անկարա տարաձայնություններ առաջացե՞լ են: Ըստ երեւույթին՝ այո, բայց կողմերը գերադասում են այդ մասին լռել, չհրապարակայնացնել ներքին հակասությունները: Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտոնական քարոզչությունն ավելի շատ շեշտադրում է Նախիջեւանում համատեղ զորավարժությունների անցկացման, ապա եւ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան՝ պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպման փաստերը: Ձեւավորվում է հանրային տեսակետ, որ ցանկացած պարագայում Թուրքիան Ադրբեջանի կողքին է: Այս իմաստով ադրբեջանական մամուլը մեծ տեղ է հատկացնում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի վերջին հայտարարությանը, որով նա Հայաստանին հերթական անգամ կոչ է արել բացել արխիվները եւ ցեղասպանության հարցը հանձնել աշխատանքային խմբի քննարկմանը: Բայց թուրք դիվանագետի վերջին հայտարարության մեջ առկա էր մի կարեւոր նրբերանգ: Եթե ավելի վաղ Թուրքիան խոսում էր հայ-թուրքական պատմագիտական հանձնաժողով ստեղծելու մասին, ապա ներկայումս Չավուշօղլուն համաձայն է, որպեսզի աշխատանքային խմբում ներգրավվեն ֆրանսիական, ռուսական կողմի ներկայացուցիչները:

Այս հանգամանքը դուրս չի մնացել ադրբեջանական կողմի ուշադրությունից: Բաքվի մամուլը գրում է, որ Ֆրանսիան եւ Ռուսաստանը ճանաչել են Հայոց ցեղասպանությանը, եւ աշխատանքային խումբ ստեղծվելու դեպքում այդ երկրների ներկայացուցիչները, բնականաբար, պետք է պաշտպանեն այդ մոտեցումը: «Թեեւ պաշտոնապես հայ-թուրքական հարաբերություններ չկան, բայց վերջին շրջանում Անկարան դրանք կարգավորելու մտադրության հստակ ազդակներ է հղում Երեւանին»,- տագնապով արձանագրում է ադրբեջանական մամուլը:

Հարկ է ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Ադրբեջանի միակ սպասումները կապվում են Թուրքիայի հետ: Վերլուծաբանական հանրության որոշ ներկայացուցիչներ բաց տեքստով դժգոհում են, որ Թուրքիան կարող է բաց ռազմական օժանդակություն ցուցաբերել, սակայն ձեռնպահ է մնում Հայաստանի դեմ կտրուկ քայլերից: Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակության՝ Թուրքիա այցի շուրջ ստեղծված մթնոլորտն ավելի է անհանգստացնում Ադրբեջանին: Բազմաթիվ հրապարակումներում շեշտվում է, որ Վան, Իգդիր, Մուշ եւ Կարս քաղաքների իշխանությունները Համահայկական խաղերին ներկա գտնվելու հրավեր են ստացել: Գտնվելով Թուրքիայում՝ Իշխան Զաքարյանը հայտարարել է, թե նպատակահարմար կլիներ Համահայկական հաջորդ խաղերի մեկնարկը տալ Վանում: Ադրբեջանում գտնում են, որ դա պատահական հայտարարություն չէ, եւ թուրքական կողմը կարող է ընդառաջել այդ մտադրությանը: Թուրքիայի համար, ինչ խոսք, նման արարողությունները կունենան խորհրդանշական իմաստ այն առումով, որ միջազգային հանրության արձագանքը միանշանակ դրական կլինի: Դա կբերի հայկական հարցում Թուրքիայի նկատմամբ տեղեկատվական ճնշումների որոշակի թուլացման: Ըստ երեւույթին, Ադրբեջանում լավ տեղեկացված են Հայաստանի հետ հարաբերությունների հարցում թուրքական կողմի պատկերացումներին եւ տագնապ են հնչեցնում: Միանշանակորեն կարելի է եզրակացնել, որ Բաքուն արդեն իսկ սկսել է տարբեր խողովակներով ազդել թուրքական հանրային կարծիքի վրա՝ տեղերում սադրելու հակահայկական ակցիաներ, որպես նախազգուշացում Թուրքիայի կառավարությանը: Նման փորձ Ադրբեջանում կա: Խնդիրն այն է, թե դրան ինչպե՞ս կարձագանքի Թուրքիան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ